Հուլիսի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ուսանողների հետ հանդիպում ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Այս անձնավորությունն իր ուրույն տեղն ունի համաշխարհային «կուլտ» կինոյում, եւ նրա հայաստանյան հանդիպումն ուսանողների հետ ավելի շատ նման էր դասախոսության: Ընդ որում, անձամբ ինքը ոչ մի մասնագիտական կրթություն չի ստացել, պարզապես ծնվել է արվեստագետների ընտանիքում եւ մանկուց նկարել է:
«Ոսկե ծիրանի» օրերին Էգոյանին հաճախ կարելի է տեսնել Երեւանի փողոցներում` տեսախցիկը ձեռքին: Հանդիպման ժամանակ ռեժիսորը բացեց դրա գաղտնիքը: Դեռ 2 տարի առաջ նույն տեսախցիկով նա նկարահանումներ էր արել Երեւանում, եւ Ազգային պատկերասրահում կայացավ նրա «Լուսավորիչը» ժապավենի պրեմիերան: Ըստ էության, դա 20 րոպեանոց մի յուրօրինակ ֆիլմ էր (Աշոտ Ադամյանի գլխավոր դերակատարմամբ) այն մասին, թե ինչպես են մարդիկ հաճախ շեղվում «ճշտից» ու որոշակի կանոններից` կյանքում առաջ գնալու համար: «Բոլորս ստիպված ենք փոխզիջումների գնալ կյանքում»,- այսպես է մեկնաբանում Էգոյանը: Ֆիլմը դեռ ավարտված չէ. ռեժիսորը «եփելու է» այս թեման` ամեն անգամ «Ոսկե ծիրանի» օրերին Երեւանում նկարահանումներ կատարելով: «Եթե ամեն տարի 20 րոպե նկարահանեմ, 60 տարեկանում լիամետրաժ կատակերգություն կստանամ»,- կատակում է Էգոյանը: Ընդ որում, դա կլինի նրա կատակերգական առաջին ժապավենը: Ֆիլմը ֆինանսավորում է ինքն իր գրպանից:
Լսելով Էգոյանին` հասկանում ես, որ «կուլտ» ռեժիսորներն էլ իրենց կարիերայի ընթացքում հաճախ փոխզիջումների են գնում: Օրինակ, նրա վերջին ժապավենը` «Քլոյան», որն ակտիվորեն ցուցադրվում էր ամբողջ աշխարհի էկրաններին: Ամբողջովին ֆրանսիական «Studio Canal»-ի կողմից ֆինանսավորված,15 մլն ԱՄՆ դոլար բյուջե ունեցող եւ համաշխարհային աստղերի մասնակցությամբ այս ժապավենն առեւտրային նպատակներ է ունեցել ի սկզբանե, եւ, բնականաբար, պրոդյուսերները շատ բաներ են թելադրել այս ֆիլմում: Նույնիսկ վերջաբանն Էգոյանի սրտով չի եղել:
Այնուամենայնիվ, նա սկսնակ եւ երիտասարդ հայ ռեժիսորներին խորհուրդ տվեց նկարել այն ամենը, ինչ տեսնում են: «Եթե մի պահ հեռանանք Երեւանի կենտրոնական փողոցներից, ապա շատ բան կարելի է տեսնել: Ցավոք, ես այդքան ժամանակ չունեմ այդ թեմաները զգալու համար, սակայն դուք այդ հնարավորությունն ունեք»,- ասում է Էգոյանը: