Բրազիլիայի նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ աշխարհի ավելի թույլ առաջնություն, քան հուլիսի 11-ին Հարավային Աֆրիկայում ավարտված մրցաշարը, դեռ չէր եղել: Նրա կարծիքով` Բրազիլիան ուներ իրական հնարավորություն 6-րդ անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն, քանի որ ավարտված մրցաշարում բազմաթիվ թույլ թիմեր էին խաղում: Սակայն Հոլանդիան փակեց բրազիլացիների ճանապարհը: Նախագահը հորդորել է մոռանալ այդ մասին եւ պատրաստվել հաջորդ առաջնությանը, որը տեղի է ունենալու Բրազիլիայում: Լուլա դա Սիլվայի խոսքով՝ 1950-ի ողբերգությունը չի կրկնվելու: Այն ժամանակ Ռիո դը Ժանեյրոյում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում Բրազիլիան պարտվեց ուրուգվայցիներին: Բրազիլիայի նախագահը նաեւ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների անուններ է նշել. Ֆելիպե Սքոլարի, Վանդերլեյ Լուշեմբուրգու եւ Մանո Մենեզեշ: