Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան երբեք չի անտեսի Ադրբեջանի շահերը: Երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Թուրքիան կշարունակի անսահմանափակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, որի հետ միշտ հատուկ հարաբերություններ է ունեցել»,- ասել է նա` հավելելով, թե ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է մնում: Ըստ «Թրենդի»` Դավութօղլուն նշել է նաեւ, թե «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության համար անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այդ համատեքստում բավարար չէ»: