Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկելու է ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների երկօրյա ոչ պաշտոնական համաժողովը, որի ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, հնարավոր է՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Իրականում դժվար է ասել` որեւէ փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ, քանի որ թե՛ անցած օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հնչած տասնյակ հայտարարությունները (այդ թվում՝ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ Ալմաթիում քննարկվելու է Լաչինն ու Քելբաջարը վերադարձնելու հարցը), թե՛ հայկական կողմից դրանց տրված անիմաստ ու լղոզված պատասխանները ավելի շատ քարոզչության դրսեւորումներ են: Ակնհայտ է մի բան սակայն. դա լինելու է առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտնի հայտարարությունից եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած «լավատեսական այցից» հետո: Այսինքն` ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ինչ-որ իմաստով պետք է պատասխանեն գերտերությունների «բարի կամքին» ու Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հորդորներին: Թերեւս հենց այդ պատասխանը առաջին ձեռքից ստանալու համար էլ վերջիններս Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպմանն ուղարկելու են իրենց արտգործնախարարներին: Թե ինչպիսին կլինի այդ «պատասխան կենացը», պարզ կդառնա առաջիկայում: Իսկ կենացները, ինչպես հայտնի է, քաղցրանում են: