Ո՞վ առաջինը կասի` ո՛չ

15/07/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հուլիսի 16-17-ին Ալմաթիում նախատեսված ԵԱՀԿ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը լինելու է բավականին դժվար: Համենայնդեպս, այդպես է կարծում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԵԱՀԿ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Հատկապես, երբ այդ հանդիպմանը մասնակցելու են նաեւ Մինսկի խմբի 3 երկրների` Ամերիկայի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի ԱԳ նախարարները: Դժվար է լինելու հատկապես այն պատճառով, որ դա Կանադայում Մինսկի խմբի երեք երկրների նախագահների հայտարարությունից հետո առաջին հանդիպումն է: Եվ ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարները ինչ-որ իմաստով պետք է պատասխանեն ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին այդ հայտարարությանը: Սակայն Ա. Սաֆարյանը համոզված է, որ մինչեւ տարեվերջ Ալմաթիի այս հանդիպումից ավելի կարեւոր երկու միջոցառումներ էլ կան: Առաջինն ու ամենակարեւորն այն է, որ տարեվերջին կարող է հրավիրվել ԵԱՀԿ գագաթաժողով: Այս միջոցառումն առավել ուշագրավ է դառնում այն առումով, որ ԵԱՀԿ-ն 11 տարի գագաթաժողով չի հրավիրել: Իսկ վերջերս Օսլոյում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ընդունված հռչակագրի 38 բանաձեւերից մեկում նշված է, որ կառույցի անդամ խորհրդարանները խրախուսում են իրենց պետությունների ղեկավարներին, որ նրանք Աստանայում գագաթաժողով գումարեն: «Այս գագաթաժողովի առաջարկին պետություններ կան, որոնք դեմ էին: Օրինակ, ԱՄՆ-ը: Եթե, այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ում տիրի այն մթնոլորտը, որ այս գագաթաժողովը Աստանայում պետք է տեղի ունենա, սա կլինի շատ կարեւոր մի հավաք, եւ վստահ եմ, որ օրակարգով մեր հարցն էլ մեջտեղ է բերվելու»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ա.Սաֆարյանը: Երկրորդ կարեւոր միջոցառումը նորից Աստանայում է տեղի ունենալու. դա դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան հանդիպումն է, որն ընդունելու է Աստանայի հռչակագիրը: Եվ այս հռչակագրում անպայման փորձ է արվելու ներկայացնել այն արդյունքները, որոնք արձանագրվել են Ղազախստանի նախագահության մեկ տարվա ընթացքում: Իսկ Ալմաթիում կամ այս երկու միջոցառումների արդյունքում հնարավո՞ր է, որ ԼՂՀ հարցով որեւէ փաստաթուղթ ստորագրվի կամ հայտարարություն ընդունվի: Հատկապես, երբ Ադրբեջանն անընդհատ դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից: Միգուցե որեւէ առաջընթաց ցույց տալու համար ԵԱՀԿ-ն պարտադրի որեւէ փաստաթո՞ւղթ ընդունել: «Տարեկան հանդիպման ժամանակ` ոչ: Գուցե ընդունվի մի հայտարարություն: Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունները շարունակվելու են: Ես չեմ կարծում, որ այն այլ ձեւաչափ եւ բովանդակություն ստանա»,- ասաց Ա. Սաֆարյանը: Իսկ Ալմաթիում իսկապե՞ս կողմերը քննարկելու են Լաչինի ու Քելբաջարի վերադարձի հարցը, ինչպես անցած շաբաթ հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը: «Բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Այդպիսի բաների մասին, կարծում եմ, որ ընդհանրապես ոչ մեկին հայտնի չէ, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կա խորհրդապահական պայմանավորվածություն` չհրապարակել արդյունքները: Այնպես որ, ես կարծում եմ, որ սա միայն ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքն է: Ուզում են ճնշում գործադրել հայերի վրա, լարում ստեղծեն, որ բանակցային գործընթացում ստանան առավել նպաստավոր դիրքեր: Ես կարծում եմ, որ ադրբեջանական քարոզչամեքենայի այս աստիճան կեղծիքի վրա հիմնված աշխուժությունն ունի միայն մի բացատրություն. մրցավազք է գնում, թե ով կստիպի, որ դիմացինն առաջինը Մադրիդյան սկզբունքներին ասի՝ ոչ: Ըստ էության, Ադրբեջանն է, որ ոչ մի զիջման պատրաստ չէ, բայց ուզում է սադրել այնպիսի մի հարաբերությունների մթնոլորտ, այնպիսի մի պարզամիտ իրավիճակ, որ ՀՀ-ն ասի՝ դուք ոչ մի զիջման պատրաստ չեք, ուրեմն բանակցություններ չեն լինելու: Եվ հետո կասեն, տեսեք` ՀՀ-ն մերժեց: Ես կարծում եմ, որ սա որոշակիորեն ներվերի պայքար է, եւ սրան պետք է պատրաստ լինել: Համենայնդեպս, մենք հայտարարել ենք, որ բանակցությունների այս նոր փուլին Հայաստանը պատրաստ է այն պայմանով, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների առաջարկություններում բերված կետերն ունեն համարժեք, հավասարազոր նշանակություն, եւ դրանցից մեկի հրաժարումը, ձգձգումը, խաբելը կնշանակի ամբողջ բանակցային գործընթացի ձախողում: Սա մեր դիվանագիտության դիրքորոշումն է միջազգային ասպարեզում»,- ասաց նա: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, ապա ՀՀ-ն ի՞նչ զիջումների է պատրաստ: «Բերեք հիմա զիջումների մասին չխոսենք: Հայտնի է, որ ՀՀ ԱԳ նախարարն ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների նախագահների հայտարարության Մադրիդյան հիմքերի վրա բանակցությունները շարունակելուն է տվել համաձայնություն: Ես կարծում եմ, որ սա բավական ազդանշան է, որ բանակցություններն այս նոր պայմաններում շարունակվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ անցած տարի ամռանը Մինսկի խմբի երեք երկրների նախագահների կողմից բացահայտված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը շեշտում է ԼՂՀ հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանին: