ՀՀԿ-ն ուժեղացնում է դիրքերը

15/07/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը վերջապես հրաժարական տվեց: Նրա հրաժարականի մասին խոսակցությունները շաբաթներ առաջ էին շրջանառվում: Ընդ որում, այդ թեմայի շրջանակներում մամուլում քննարկվում էր նրա փոխարեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը` նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանին մարզպետ նշանակելու վարկածը:

Ավելի շուտ քննարկումներն այնպես էին զարգանում, թե հենց Ջ. Աբրահամյանին մարզպետ նշանակելու համար էլ Վ. Հովակիմյանին ստիպում էին հրաժարական տալ: Երեկ, սակայն, բավական անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Վ. Հովակիմյանի փոխարեն մարզպետ է նշանակվելու Արտակարգ իրավիճակների փոխնախարար, Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Վ. Հովակիմյանի դիմումն այսօր քննարկվելու է կառավարության նիստում: Ավելին, Վ. Հովակիմյանին ազատելու որոշման նախագիծն արդեն տեղադրված է կառավարության կայքէջում: Նույն կայքում տեղադրված է նաեւ նրա փոխարեն Է. Բարսեղյանին մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նախօրեին նրան ստիպել են հրաժարականի դիմում ներկայացնել` տեղեկացնելով, որ այդ ազատման ու նշանակման հարցերն արդեն ընդգրկված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Պաշտոնական հաղորդագրություններում նշված չէ, թե հատկապես ի՞նչ պատճառով է դիմում ներկայացրել Վ. Հովակիմյանը: Այդ մասին մեր հարցադրումներին չպատասխանեցին նաեւ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Անանյանը: Վ.Հովակիմյանը նույնպես չցանկացավ նշել իր հրաժարականի պատճառը: «Ասել են՝ դիմում գրի` ես էլ գրել եմ»,- ասաց արդեն նախկին մարզպետը` չնշելով, թե ո՞վ է իրենից պահանջել հրաժարականի դիմումը:

Արդեն նախկին մարզպետը ՀՀԿ անդամ էր, ավելին, նա ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարն էր: Իսկ Է. Բարսեղյանը նոր է դիմում ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար եւ, ամենայն հավանականությամբ, կդառնա նաեւ մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը: Մեր հարցին, թե հրաժարականից հետո հնարավո՞ր է, որ դուրս գա նաեւ ՀՀԿ-ից, Վ. Հովակիմյանը չպատասխանեց: Ասաց, թե կխոսի եւ բոլոր հարցերին կպատասխանի այսօր` կառավարության նիստից հետո: Մամուլում հրապարակումներ կային, թե Վ. Հովակիմյանին ազատելու հարցում դերակատարում է ունեցել նաեւ Արարատի մարզպետարանի Առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Գեղանուշ Ավետիսյանը: Վերջինս նույնիսկ Արարատի մարզային ոստիկանապետի օգնությամբ ձայնագրել է Վ. Հովակիմյանին վարկաբեկող արտահայտություններ եւ դա հասցրել մինչեւ նախագահական նստավայր: «Տիկինն իր հոժար կամքով է գնացել, ասել է՝ ձայնագրեք եւ տարեք տվեք ամենաբարձր ատյաններին, որ ես կաշառակեր եմ: Իսկ ես ինքս եմ արգելել, չեմ թողել, որ նա կաշառք վերցնի»,- ասաց Վ.Հովակիմյանը:

Վերջինս երեկ մեզ հետ զրույցում զարմանք հայտնեց, որ իր հետ կապված դեպքերն այսքան արագ զարգացան, հատկապես, երբ ինքը վերջերս է աշխատանքային հանդիպում ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նրա խոսքերով՝ Ս. Սարգսյանն իրեն դժգոհություններ չի հայտնել:

Կարծիք կա, թե Վ. Հովակիմյանին ազատելու գործում մեծ է եղել հատկապես ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դերը: Այս երկու պաշտոնյաները վերջին շրջանում ունեցել են շատ լարված հարաբերություններ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետը մտերիմ հարաբերություններ է ունեցել Գեղանուշ Ավետիսյանի հետ: Վ. Հովակիմյանին ազատելու մասին խոսակցությունների շրջանակում շրջանառվում էր նաեւ նրա որդու հետ կապված միջադեպը, խոսում էին, որ նա մարդ է ծեծել: Սակայն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, որոշիչը եղել են Հանրապետական կուսակցության ներքին հակասություններն ու 2012թ. խորհրդարանական ընտրությունները: Գաղտնիք չէ, որ այդ կուսակցության մեջ առանձնացվում են Ս. Սարգսյանի եւ Հ. Աբրահամյանի ազդեցության թեւերը: Եվ, ամենայն հավանականությամբ, Վ. Հովակիմյանը Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պաշտոնյա է եղել: Հ. Աբրահամյանի ազդեցության պաշտոնյա էր նաեւ ոստիկանապետը, սակայն ներքաղաքական վերջին զարգացումների արդյունքում Ա. Սարգսյանը փոխել է կողմնորոշումը: Եվ այս համատեքստում, ըստ ԶԼՄ-ների եւ կուլիսային խոսակցությունների` ՀՀ ԱԺ նախագահն ու ոստիկանապետն ունեն շատ լարված հարաբերություններ: Ավելին, ոստիկանապետը բավական լավ հարաբերություններ ունի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ: Անցած ամիս լրագրողներն այս երկու պաշտոնյաներին Ազատության հրապարակում զբոսնելիս լուսանկարել էին: Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրել էին նաեւ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը եւ ոստիկանապետ Ա. Սարգսյանը: Եվ երկուսով հիմա չեն կարողանում բաժանել այդ մարզը: Հ. Աբրահամյանի ազդեցությունն այդ մարզում, այնուամենայնիվ, ուժեղ էր: Ուժեղ էր նաեւ ԲՀԿ-ի ազդեցությունը, եւ իշխանությունները Վ. Հովակիմյանին ազատելով` այդ ազդեցությունը թուլացնելու քայլ արեցին: Սակայն Հ. Աբրահամյանը ծնունդով այդ մարզից է, բացի այդ, մարզի բնակիչներից շատ-շատերի հետ ունի ջերմ փոխհարաբերություններ, մարզում ունի սեփականություն` հողեր, գործարաններ, եւ այլն: Այնպես որ, ազդեցությունն, այնուամենայնիվ, կպահպանվի: Իսկ ՀՀԿ-ն վտանգ է զգում, որ խորհրդարանական ընտրություններին Հ. Աբրահամյանն իր ազդեցությունը կօգտագործի ոչ թե հարազատ կուսակցության, այլ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: Եվ ուշագրավ է հանգամանքը, որ Վ.Հովակիմյանից պահանջել են հրաժարականի դիմում ներկայացնել հատկապես այս օրերին, երբ Հ. Աբրահամյանը Հայաստանում չի եղել: Այնպես որ, ՀՀ իշխանությունները պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եւ իշխող ՀՀԿ-ն իր ձեռքին է կենտրոնացնում ազդեցությունից դուրս մնացած հատուկենտ վարչական լծակները: