«Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրմամբ գործընթացն ավարտին չի հասել»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ի պատասխան Թուրքիայի Ձախ ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Սուլեյման Յաղըզի` հայ-թուրքական գործընթացի առնչությամբ արված հարցադրմանը: «Արձանագրությունները շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանք վավերացվեն 2 երկրների խորհրդարանների կողմից: Եվ վերջնական որոշումը խորհրդարանինն է»,- ասել է նա: Ընդգծելով, որ Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ կայունության հաստատումը թուրքական արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, ասել է, որ այդ տարածաշրջանում առկա քաղաքական հակամարտությունները խոչընդոտում են խաղաղության եւ կայունության ապահովումը եւ սպառնում տարածաշրջանի հարեւան երկրների, այդ թվում` Թուրքիայի անվտանգությանը: Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար բավարար չէ միայն ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, նա ասել է, որ անհրաժեշտ է շոշափելի քայլեր իրականացնել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Նա, միեւաժամանակ, նշելով, որ հայ-թուրքական գործընթացում դրական տեղաշարժերը դրականորեն են ազդելու նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցային գործընթացի վրա, հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացում արձանագրվող առաջընթացին զուգահեռ՝ վերջին շրջանում թափ է հավաքել ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցային գործընթացը: Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին` նա հայտարարել է, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերություններում երբեք չի անտեսել Ադրբեջանի շահը: Նաեւ ասել է, թե Անկարան նախկինի պես շարունակելու է աջակցել Բաքվին, եւ որ թուրքական իշխանությունները չեն նահանջելու իրենց հայտարարություններից: