Մի քանի օր առաջ ինտերնետային լրահոսում բավականին ուշագրավ մի տեղեկություն հայտնվեց, որն արագ տարածվեց հայկական կայքերում։ Պարզվում է՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները առանձնահատուկ սիրով են լցվել Հայաստանի նկատմամբ, եւ մեր երկիր այցելող ՌԴ քաղաքացիների թիվն այս տարի աճել է գրեթե 4 անգամ՝ ետեւում թողնելով Բրազիլիային, Բուլղարիային եւ զբոսաշրջիկներին գրավող մյուս երկրներին։
Լուրն, անշուշտ, ուրախալի է. ի վերջո, զբոսաշրջիկների քանակի աճից երկիրը միայն շահում է, կապ չունի՝ նրանք գալիս են Ռուսաստանի՞ց, թե՞ այլ երկրից, հա՞յ են, թե՞ օտարազգի։ Հետաքրքիրը, սակայն, ոչ թե այս տեղեկությունն էր, այլ դրան հետեւած մեկնաբանությունը։ Այսպես, ռուսական GZT.ru կայքը մեջբերել է «Երեւան Թրավել» ընկերության տնօրեն Հովհաննես Խաչատրյանի խոսքերը։ Նա հաստատել է, որ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է, եւ շեշտել, որ Ռուսաստանից եկողների թիվը մեծացել է հատկապես դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթների վերացումից հետո։ Սակայն մյուս գործոնը, որը նշել էր GZT.ru-ի զրուցակիցը, մեզ իրոք զարմացրեց։ Պարզվում է՝ զբոսաշրջիկներին գրավում են հայաստանյան հանգստի ցածր գները։ Սա արդեն նորություն էր։ Երբ խոսվում է բարձրի կամ ցածրի մասին, բնականաբար՝ դա պետք է լինի համեմատության մեջ։ Փորձենք համեմատել։ Այսպես, Հայաստանում քիչ թե շատ նորմալ հյուրանոցային համարների գները սկսվում են օրական 20 հազար դրամից։ Ընդ որում, 20 հազարանոց տարբերակը, որպես կանոն, ենթադրում է ընդամենը գիշերելու համար նախատեսված վայր՝ առանց սննդի, զվարճանքի օբյեկտներից օգտվելու եւ այլ հաճույքների։ Քիչ թե շատ նորմալ հանգստի համար հարկավոր է ավելի թանկ վճարել։ Օրինակ՝ նախորդ կիրակի օրը Սեւանում ասեղ գցելու տեղ չկար։ Մայրուղուց դեպի թերակղզի տանող հատվածը ոչ մի բանով չէր տարբերվում Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, թերակղզին հիշեցնում էր ավտոշուկան, իսկ մարդիկ բառիս բուն իմաստով խմբված էին իրար գլխի՝ կռիվ տալով ամեն քառակուսի մետրի համար։ Սրան էլ գումարենք մեքենաների աղմուկն ու ծուխը, նրանցից հնչող երաժշտությունը, ամեն քայլափոխի հանդիպող ձմերուկի կլեպներն ու դատարկ շշերը եւ մյուս բոլոր «հաճույքները», ապա հանգիստ ասվածը վերածվում է իսկական փորձության։ Սրա փոխարեն, իհարկե, կարելի է ավելի նորմալ պայմաններում հանգստանալ Սեւանի Հարսնաքարում, սակայն այստեղ հարկ կլինի մեկ օրվա համար վճարել նվազագույնը 40 հազար դրամ։ Ավելի թանկ գներ էլ կան։ Օրինակ՝ news.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է «Արարատ տուրի» ներկայացուցչի հետ, ով ասել է, որ իրենց հաճախորդները՝ լսելով, որ, օրինակ, Ջերմուկի առողջարաններից մեկում մեկ օրվա հանգստի համար իրենց գրպանը կարող է թեթեւանալ մինչեւ 60 հազար դրամով, գերադասում են արտասահմանյան փաթեթներ ձեռք բերել։ «Բոմոնդ» տուրիստական գործակալության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ իրենց հաճախորդները բառացիորեն սարսափում են Ջերմուկում մեկ օր հանգստանալու դիմաց մինչեւ 80 հազար դրամ վատնելու մտքից եւ խնդրում դրա փոխարեն իրենց ուղարկել արտերկիր։ Փաստորեն, Ջերմուկում մեկշաբաթյա նորմալ հանգիստը կարժենա շուրջ 560 հազար դրամ (1500 դոլարից ավելի)։
Հիմա նայեք այս նկարին։ 5 աստղանի հյուրանոց է, որը գտնվում է Անթալիայում, ծովի ափին։ Երկու հոգով մեկ շաբաթյա հանգիստը այս հյուրանոցում, all inclusive տարբերակով (այսինքն՝ երեքանգամյա սնունդ, բարերից եւ այլ հաճույքներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն եւ այլն) կարժենա շուրջ 1400 դոլար՝ ներառյալ ճանապարհածախսը։ Ընդ որում, այդ ընթացքում անվճար կարող եք օգտվել թուրքական բաղնիքից, ջակուզիից, տրենաժորային սրահից, դիսկոտեկից, թենիսի կորտերից եւ այլն։ Ցանկացողները կարող են ծանոթանալ այս եւ մյուս տարբերակներին teztour.com կայքում։ Եթե այս ամենին նայենք օտարերկրացու աչքերով, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Նախ՝ Ջերմուկում հանգստանալու համար արտասահմանցին, վերը նշված գումարից բացի, պետք է վճարի նաեւ ճանապարհածախս։ Հաշվի առնելով, որ զբոսաշրջիկները Հայաստան այցելում են հիմնականում օդանավով, ստացվում է բավականին կլորիկ գումար, մանավանդ, երբ միայնակ չեն այցելում։ Եվ, բացի այդ, վերջին 3 ամիսների ընթացքում շարունակվող դրամի արժեզրկումը ամենեւին ձեռնտու չէ արտասահմանցի զբոսաշրջիկին։ Եթե 80 հազարանոց հյուրանոցային համարը 3 ամիս առաջ արտասահմանցու համար արժեր 205 դոլար, ապա այսօր արժե շուրջ 220 դոլար։ Նույնը վերաբերում է այստեղ կատարվող բոլոր ծախսերին։ Այնպես որ, մեր Ջերմուկը դեռ մրցակցության չի դիմանում։
Հիմա գանք մեզ՝ հայաստանցիներիս։ Ջերմուկում կամ Սեւանում հանգստանալու համար մենք օդանավ չենք նստում, եւ բացի այդ՝ եկամուտներն էլ ստանում ենք դրամով։ Սակայն դատելով հանգստի համար արտերկիր մեկնողների թվաքանակից, հայաստանցիների մի ստվար զանգվածի համար ավելի ձեռնտու է 1400 դոլարով մեկնել Անթալիա, քան 1500 դոլար (կամ ավելի քիչ) ծախսել Ջերմուկի թեկուզ ամենալավ հանգստյան տանը։
Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ Անթալիան ավելի հարմար տարբերակ է՝ թե՛ գնի, թե՛ որակի առումով։ Միակ խոչընդոտն այն է, որ Անթալիան ընտրելու դեպքում որոշ «գերհայրենասերներ» ձեզ կարող են ներկայացնել որպես դավաճան։ Օրինակ, հայրենական տուրօպերատորներից մեկը news.am-ին տեսակետ էր հայտնել, որ հայերը Հայաստանում չեն ցանկանում հանգստանալ այն պարզ պատճառով, որ չեն սիրում իրենց երկիրը։ «Մեզ մոտ քաղաքացիական հասարակությունը ձեւավորված չէ։ Շատերը գերադասում են գնալ Անթալիա, ավազների վրա պառկած պաղպաղակ ուտել եւ համարել, որ այդ ամառ լավ հանգստացան, մինչդեռ կարող են իրենց հանգիստը կազմակերպել իրենց իսկ հայրենիքում, այդ թվում՝ Ղարաբաղում»,- ասել էր նա։
Թե ինչ կապ ունի Ղարաբաղում հանգստանալը քաղաքացիական հասարակության հետ, մեզ հայտնի չէ։ Փոխարենը ուրիշ հարց տանք. իսկ շա՞տ հայրենասիրական է, երբ գներն իջնում են (եթե հավատանք մեր իշխանավորներին), սակայն հայաստանյան հանգստյան տների սեփականատերերը մեկ գիշերվա մեջ 50%-ով թանկացնում են իրենց քրջոտ քոթեջների գները, մանավանդ, երբ աննախադեպ շոգ է լինում, եւ մարդիկ փախչում են Երեւանից։
Հիշեցնենք, որ այս մոտեցումը՝ հայրենասիրական զգացմունքների վրա խաղալով սեփական անճարությունը քողարկելու փորձերը, նորություն չէ։ Իսկ սրանից 1.5-2 ամիս առաջ հայրենի տուրօպերատորներից մեկը ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ իրենք չեն վաճառելու Թուրքիայի փաթեթներ։ Պատճառաբանություն էլ էին հորինել՝ թուրք-իսրայելական հարաբերությունները սրվել են, եւ ծովափին հանգստացող մեր հայրենակիցների համար դա վտանգ է ներկայացնում։ Մինչդեռ ցանկացած զբոսաշրջիկի համար ամենասարսափելի վտանգը թանկությունն է։