ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը վստահ է, որ Հաագայի միջազգային դատարանը մերժելու է ՀԱԿ-ի հայցն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի: «Ռոբերտ Քոչարյանի գործն այն գործը չէ, այն հանցագործությունը չէ մարդկության դեմ, ինչպես, ասենք, ֆաշիստական Գերմանիայի կողմից միլիոնավոր ոչնչացումները: Սա զուտ ներքաղաքական հարց է. Մարտի 1-ը եղել է իշխանությունների կանխողական միջոցառումը, ես էլ լինեի, այդպես կվարվեի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նա` հավելելով, թե Մարտի 1-ի 10 զոհերի հետ Քոչարյանը որեւէ կապ չունի: «Էդ ինչի՞, մեզ թվում է, որ երբ ցունամիներ են լինում, երկրաշարժներ, ջրհեղեղներ, ու մարդիկ են զոհվում, դա Աստծո խնդիրն է, իսկ որ մի պետության մեջ է ընդհարում լինում, դա էլ բնական երեւույթ է, չէ՞, մասսաներն իրար են տալիս, այդտեղ ինչ-որ մեկը մեղավոր է, էդ ինչի՞ նույն Աստվածը մեղավոր չի»,- ասել է Ռ. Զոհրաբյանը: «Բացարձակ ցինիզմ»,- «Ա1+»-ի խնդրանքով այսպես է գնահատել ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը` Ռ. Զոհրաբյանի` Մարտի 1-ի վերաբերյալ մեկնաբանությունը: «Նման բան կարող էր ասել կամ հարբած եւ խելքը կորցրած մարդը, կամ ամռան տապին արեւահարվածը: Ճանաչելով մեկնաբանությունը տված մարդուն եւ այն իրադարձությունը, որը նա մեկնաբանել է, ես կարծում եմ, որ երկուսը միասին եղած կլինի»,- նշել է Աբրահամյանը: