Հուլիսի 16-17-ին Ալմաթիում կայանալու է ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովը` ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի ղեկավարությամբ:
Համաժողովի շրջանակում տեղի է ունենալու նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայկական կողմը դեռեւս պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չի հրապարակել քննարկվող հարցերի շրջանակի վերաբերյալ, մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը արդեն իսկ հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են Քելբաջարը եւ Լաչինը Ադրբեջանին վերադարձնելու հարցը: Վերահաստատելով օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթում հնչած այն պնդումը, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն 5+2 ձեւաչափով, Մամեդյարովը խոսել է նաեւ ԼՂ կարգավիճակի մասին: Նա ասել է, որ հայկական կողմը հանդես է գալիս հանրաքվեի անցկացման օգտին, բայց Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ քվեարկությանը պետք է մասնակցեն նաեւ ԼՂ-ի փաստացի բնակիչներ համարվող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Հայաստանի իշխանությունների կողմից նմանատիպ հայտարարություններին սովորաբար համարժեք պատասխան չի տրվում եւ որեւէ հակափաստարկ չի ներկայացվում, հնչում են միայն որակումներ, որ դրանք անհիմն են ու անհեթեթ: Իսկ պաշտոնական Բաքուն արդեն չի բավարարվում սովորական դարձած հռետորական ելույթներով: Հուլիսի 9-ին Մամեդյարովն ասել է, որ ստեղծվելու է Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հատուկ կոմիտե, որը կզբաղվի ԼՂ-ում անցկացվելիք հանրաքվեի հարցերով: Ի դեպ, ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ երեկ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը սկսել է Ղարաբաղ վերադառնալու նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Մասնավորապես,«news.az»-ը գրում է, որ ներկայումս անցկացվում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մարդահամար: «Թվերը ցույց են տալիս, որ ԼՂ-ի ադրբեջանական բնակչության քանակը անցել է 75 հազարից: Օրինակ, եթե 1989 թվականին Շուշիում կար մոտ 23 հազար մարդ, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 30 հազարի: Ներկայումս աշխատանքներ են ընթանում, պատրաստում ենք ցուցակը եւ մշակում ենք բնակչության վերադարձի հերթականությունը»,- ըստ լրատվամիջոցի՝ ասել է համայնքի նախագահ Բայրամ Սաֆարովը: Հիշեցնենք, որ նախորդ ամիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից հրապարակված հայտարարության մեջ եւս առաջարկների հաջորդականությամբ առաջին տեղում տարածքների վերադարձի հարցն է, հետո միայն նշվում է ԼՂ հետագա կարգավիճակի որոշման մասին: Հենց սա էլ թերեւս բավականին ոգեւորել է Ադրբեջանին, որը պաշտոնական մակարդակով անընդմեջ պնդում է, որ բանակցությունների սեղանին նախ պետք է դրվի ազատագրված տարածքների վերադարձման, եւ նոր միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ կայացած ասուլիսում, խոսելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Մինսկի խմբի եռանախագահող երկրների արտգործնախարարների հանդիպման մասին՝ ասել է. «Այդպիսի հանդիպում հնարավոր է: Այս պահին եռանախագահները փորձում են կազմակերպել այն, բայց դա դեռ հաստատված չէ»: Է. Նալբանդյանը խոսել է նաեւ հնարավոր հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերի մասին. «Եթե կայանա նման հանդիպում, ապա առաջին հերթին պետք է պարզել՝ արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ, դա է Ալմաթիում կայանալիք հնարավոր հանդիպման հիմնական խնդիրը»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մերժում է առ այսօր եղած բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում նաեւ՝ հրադադարի ռեժիմի պահպանման եւ շփման գծից դիպուկահարների դուրսբերման վերաբերյալ: Խոսելով Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւը քննարկելու նախաձեռնության մասին, ՀՀ արտգործնախարարն ասել է, որ թե հայկական կողմը եւ թե խնդրի կարգավորմանն աջակցող կողմերը վստահ են, որ նման նախաձեռնությունը բացասաբար կազդի բանակցային գործընթացի վրա:
Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե Ալմաթիի հանդիպմանը քննարկվելու է Քելբաջարի եւ Լաչինի հարցը, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ «այդ երեւակայական մտքերին ՀՀ փոխարտգործնախարարն արդեն պատասխանել է»: Այսինքն, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի` օրեր առաջ հնչեցրած պատասխանը նաեւ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Հիշեցնենք, որ ի պատասխան Մամեդյարովի հայտարարության, Շ. Քոչարյանն ասել էր. «Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին չի կարող խոսք լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ երեկ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ուշագրավ է այն, որ պատերազմական կոչերը հնչում են Ալմաթիում կայանալիք հանդիպումից ընդամենը 2 օր առաջ, որտեղ, ըստ տեղեկատվության, պետք է տեղի ունենա քննարկում` խնդրի խաղաղ կարգավորման շուրջ:
Խոսելով ԼՂՀ հակամարտության խնդրի վերաբերյալ, Ի. Ալիեւն ասել է. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել ու չի լինի բանակցության թեմա: Միջնորդների առաջարկությունը կայանում է նրանում, որ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայկական օկուպացիոն ուժերը պետք է դուրս բերվեն զավթած տարածքներից, իսկ ադրբեջանցիները` հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ: Առանց Ադրբեջանի համաձայնության, Լեռնային Ղարաբաղին չի կարող որեւէ կարգավիճակ տրվել, դա բանակցությունների անբաժան մասն է, կարող եմ ասել` նույնիսկ էությունը: Իսկ ադրբեջանական պետությունն ու ադրբեջանական ժողովուրդը երբեք Լեռնային Ղարաբաղին չեն տա այնպիսի կարգավիճակ, որը կարող է անջատել նրան Ադրբեջանից»,- ասել է Ի. Ալիեւն ու հավելել, որ Ղարաբաղի անկախության վերաբերյալ կոչերն ու հայտարարությունները միայն հայկական կողմի երեւակայության ու երազանքների արդյունքն են: Ադրբեջանի նախագահը եւս մեկ անգամ սպառնացել է վերսկսել պատերազմը, եթե Հայաստանը չհամաձայնի իր պայմաններին. «Մեր ռազմական հզորությունը կարող է վճռական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Մենք ցանկացած պահին պետք է պատրաստ լինենք` օկուպացիայից ազատել հարազատ հողերը: Ես բացարձակապես համոզված եմ, որ այսօր Ադրբեջանը ունի նման հնարավորություններ»: Նա ասել է նաեւ, որ Հայաստանում ոմանք թյուրիմացության մեջ են եւ կարծում են, թե հաղթել են պատերազմի առաջին փուլում. «Ես կարծում եմ, նրանք տանուլ են տվել: Իսկ մենք` հրադադարից հետո ընկած ժամանակահատվածում մեծ բարձունքներ ենք նվաճել: Դրա համար էլ պատերազմի առաջին փուլը ոչինչ չի ապացուցում: Ադրբեջանական պետությունը ցանկացած ճանապարհով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ու նաեւ խոսելով Ալմաթիում կայանալիք հանդիպման սպասելիքներից, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ փոխանցեց, որ Ղարաբաղը ոչ մի էական փոփոխությունների ակնկալիք առաջիկայում չունի: «Այդ հայտարարությունն ուղղակիորեն փոխկապակցված է Ալմաթիում կայանալիք հանդիպման հետ: Չնայած պարբերաբար տեղեկատվություն է տարածվում, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, բայց կարծում եմ, ակնկալել որեւէ բեկում դեռեւս վաղաժամ է: Մենք նման լավատեսությունը չենք կիսում, իսկ վերջին ռազմատենչ հայտարարությունից հետո ընդհանրապես անիմաստ է որեւէ բան ակնկալել,- ասում է Դ. Բաբայանն ու մանրամասնում,- Ադրբեջանը պատրաստ չէ եւ ապագայում էլ պատրաստ չի լինելու որեւէ կարգավորման: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանում դեռեւս վերջացված չէ ազգի ձեւավորման գործընթացը: Այնտեղ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ` եւ թուրքալեզու, եւ իրանալեզու, եւ կովկասալեզու բնակիչներ: Ընդ որում, Ադրբեջանում բնակվող 3 ազգեր չեն ձուլվել ադրբեջանցիներին եւ պարբերաբար հարց են բարձրացնում իրենց կարգավիճակի համար: Հիմա Ադրբեջանը մի կարգավիճակում է, որ եթե նա ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա կարող են պահանջել նաեւ այդ ժողովուրդները»: Դ. Բաբայանը կարծում է, որ այս պահին Ադրբեջանի համար գոյություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան խնդրի կարգավորման 2 տարբերակ. «Առաջինն այն է, որ նրանք ստանան Արցախը առանց հայերի: Սա նրանց համար լավագույն տարբերակն է, դրա համար էլ նրանք հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով: Եվ երկրորդը, որն ամենաիրատեսականն է եւ ձեռնտու բոլորին` դա ստատուս-քվոյի պահպանումն է: Բանակցային բոլոր տարբերակներն ուղղված են ստատուս-քվոյի պահպանմանը, որովհետեւ այնտեղ դրված է տարածքների վերադարձի վերաբերյալ խնդիրներ, բայց միեւնույն ժամանակ նշված է, որ Արցախի ինքնորոշման փաստը պետք է ճանաչվի: Սա այն մահացու հարվածն է, որ Ադրբեջանը զգում է, դրա համար էլ նրանք ամեն ինչ անում են, որ այդ հանրաքվեն տեղի չունենա: Մեր տեսակետն այնպիսին է, որ այս պահին Ադրբեջանի կողմից որեւէ կառուցողական մոտեցում պետք չէ սպասել: Սա օբյեկտիվ իրականությունն է»: