Էլ չեն հավատում

15/07/2010

ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը նվազել է: Ամերիկացիների մոտ 60 տոկոսն ասել է, որ Օբամայի նկատմամբ իրենց հավատը նվազել է: «The Washington Post»-ի եւ «ABC News»-ի անցկացրած հարցումների` երեքշաբթի օրը հրապարակված արդյունքները վկայում են, որ նախագահ դառնալուց մինչեւ այժմ ընկած ժամանակահատվածում Օբամայի նկատմամբ ամերիկացիների վստահությունը 180 աստիճանով շրջվել է. 18 ամիս առաջ` 2009 թվականի հունվարին ամերիկացիների 60 տոկոսը, ընդհակառակը, ասել էին, որ հավատում են նրա ընդունած որոշումներին: Հարցին, թե ամերիկացիների կարծիքով` Օբաման արդյոք ճի՞շտ որոշումներ է ընդունում երկրի ապագայի համար, հարցվածների 58 տոկոսը պատասխանել է` «որոշ դեպքերում», կամ ավելի կտրուկ` «ոչ, ոչ մի որոշումն էլ ճիշտ չէ»: «The Washington Post»-ը հնարավոր է համարում, որ Օբամայի վարկանիշի վրա ազդեցություն են թողել բնակարանաշինության խնդիրները, աշխատատեղերի բացման դանդաղ աճը եւ տնտեսական այլ խնդիրներ: Ամերիկացիների 43 տոկոսը` ներառյալ դեմոկրատների մեկ երրորդը, ըստ այս հարցումների, գոհունակություն են հայտնել տնտեսական դաշտում Օբամայի գործունեությունից, մինչդեռ 54 տոկոսը դժգոհություն է հայտնել։ Հարցումները նաեւ ցույց են տվել ընտրողների վստահության անկումը օրենսդիր մարմնի նկատմամբ. միայն 26 տոկոսն են ասել, որ մտադիր են այս աշնանն անցկացվելիք ընտրություններում պաշտպանել իրենց ընտրած կոնգրեսականին, իսկ 62 տոկոսն ասել են, թե տրամադրված են նոր թեկնածուի ընտրել: Կոնգրեսի երկու պալատներում Օբամայի կուսակիցները` դեմոկրատները, մեծամասնություն են կազմում, բայց ընտրողները գերադասում են, որ այդ փոքր առավելության վրա էլ հանրապետականները վերահսկողություն ունենան: