Մեր չորս թշնամիները

15/07/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է: Բայց տեղ-տեղ: ՀՀ-ին, որպես կանոն, հաջողվում է խուսափել ՀԽՍՀ-ի պարտավորություններից: Օրինակ` «Օրինաց երկրի» փայփայած ավանդների փոխհատուցումը: Փոխարենը՝ մեր երկիրը ժառանգեց խորհրդային համարյա բոլոր արատները: Խորհրդային գյուղատնտեսության ամենադիպուկ նկարագիրը տրված էր հետեւյալ արտահայտությամբ` «Խորհրդային գյուղատնտեսությունը չորս թշնամի ունի` տարվա չորս եղանակները»: Եթե նկատել եք, այս ասացվածքը մենք մեկին մեկ կարող ենք հարմարեցնել մեր նորօրյա իրավիճակին: Գարունը, ամառը, աշունն ու ձմեռը դարձել են հայկական գյուղատնտեսության հիմնական թշնամիները: «Ինչո՞ւ է գյուղմթերքը թանկ» հարցին Գյուղնախարարության ղեկավարությունը միշտ միանման պատասխան ունի: Օրինակ` «Այս ձմեռ տեղումները քիչ էին», կամ «Այս գարուն տեղումները շատ էին»: Ու այդպես շարունակ: Տարին տարվա ետեւից: Բայց 2010-ն առանձնահատուկ է: Ոչ այն պատճառով, որ ֆուտբոլային առաջնության տարի է: Ոչ էլ այն պատճառով, որ մեր գյուղնախարարը կառավարման կոալիցիոն «օրինացական» մասնաբաժնից է: 2010-ը գյուղմթերքների գների տեսանկյունից աննախադեպ է: Հուլիս ամսի կեսերին տեղական լոլիկը, գազարը եւ այլն վաճառվում է Ամանորի տոնական առեւտրի գներով: Նույնիսկ ավելի թանկ: Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել վատ կամ աննպաստ եղանակային պայմանների վրա: Հեշտ է ու անվտանգ: Հատկապես Գյուղնախարարության ղեկավարության համար: Չի կարելի ակնկալել, ու ոլորտի ղեկավարությունը բարենպաստ բնակլիմայական պայմաններ պիտի ապահովի: Բայց բարձր գները ոլորտում կիրառվող քաղաքականության արդյունք են: Գյուղմթերքների իրացման գործող համակարգն է ձեւավորում այդ գները: Գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումներ կոչվածի արդյունքում գյուղացին ամբողջությամբ դուրս դրվեց իրացման ոլորտից: Գյուղատնտեսական շուկաներում օրը ցերեկով ու լամպը ձեռքիդ գյուղացի չես գտնի: Տարիներ առաջ իշխանությունները պատրաստվում էին Արգավանդ գյուղի եւ Երեւանի արանքում գյուղմթերքների մեծածախ շուկա կառուցել: Հետո հրաժարվեցին այդ մտքից ու գյուղմթերքներ քաղաք բերելն ու սպառողին հասցնելը դարձավ գավառական իշխանիկների ու քաղաքային կիսակրիմինալ օլիգարխիկների գործը: Հենց այս շղթան էլ ձեւավորում է գործող գները: Այս օրերին նրանք Արարատյան դաշտավայրի գյուղացիներից մթերքը ձեռք են բերում հետեւյալ գներով. լոլիկ` 150-200 դրամ, վարունգ` 100-120 դրամ, գազար՝ 250-300 դրամ, բադրիջան` 230-250 դրամ, պղպեղ` 250 դրամ, խառը կանաչի՝ 20-50 դրամ: Համեմատեք այն երեւանյան գների հետ ու կտեսնեք, որ «միջնորդ» օղակը 2-5 անգամ ավելացնում է մթերքների իրացման գինը: Գյուղատնտեսությունը համարվում է առավել ռիսկային բիզնես: Այս պարագային ռիսկն ամբողջությամբ թողնված է գյուղացու վրա: Պետությունն ի դեմս Գյուղնախարարության՝ համարյա ոչինչ չի անում այս ոլորտում ապահովագրության ու վարկային համակարգերի ներդրման համար: Գյուղացիների պնդմամբ՝ իրենց առջեւ փակ են քաղաքային գյուղատնտեսական շուկաները: Նրանք իրենց արտադրանքն առանց միջնորդի սպառողին հասցնելու հնարավորություն չունեն: Գյուղմթերքների իրացումը համարյա ամբողջությամբ հաշվառումից դուրս ոլորտ է: Ստվերային տնտեսության այս հատվածը իրական գերշահույթ է ապահովում միջնորդ օղակի համար: Եվ դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում կիսակրիմինալ այս ոլորտը կարող է բերվել հարկային դաշտ: Պետությունն այդ քայլին չի գնա: Պետությանը շատ ավելի հեշտ է բարձր գներն արձանագրելով՝ գյուղատնտեսության աճ արձանագրելը: Ոչինչ, որ իրականում գյուղմթերքի ծավալը բնեղենով կրճատվում է, բարձր գներով հաշվարկելով՝ հակառակ պատկերը կարելի է նկարել ու առաջընթաց արձանագրել: Ազգային վիճակագրական ծառայությունն առաջին տարին չէ, որ հաջողությամբ լուծում է այս կարգի խնդիրները:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին տարում մեր տնտեսությունն, ի հեճուկս բոլորի, վիճակագիրների թեթեւ ձեռամբ աճում էր: Հետեւաբար՝ նման հնարավորությունը մեր վիճակագիրները ձեռքից բաց չեն թողնի: Իրենց հաշվետվությունների առաջին էջերում գլխատառերով կգրեն, որ դրամային արտահայտությամբ գյուղատնտեսությունն այս տարի մի երկու անգամ աճել է: Այն, որ բնեղենով կրճատվել է, իհարկե, նույնպես կարձանագրեն, բայց մանր տառերով ու բարդ տեսքով որեւէ աղյուսակի տակ: Այս դեպքում, իհարկե, մի փոքր բարդանում է Կենտրոնական բանկի խնդիրը: Գնաճին հետեւելն ու այն կանխելը ԿԲ-ի միակ օրենսդրական գործառույթն է: Բայց հարազատ ԿԲ-ն ավելի բարդ իրավիճակներից է դուրս եկել: Հասարակությանը որեւէ բացատրություն, իհարկե, կտրվի: Կամ էլ նույն հասարակությանը կհամոզեն, որ գնաճ չի եղել: