Բաց նամակ նախարարին

15/07/2010

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին

Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Ուզում եմ օգնեմ մեր պետությանը, թոշակս կնվիրեմ բյուջեին» վերնագրով հրապարակմամբ ներկայացրել էինք Հ. Խաչատրյանի հաշմանդամության հետ կապված խնդիրները: Հիշեցնենք, որ սայլակավոր այս երիտասարդն օգնության կարիք ունի եւ գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Մասնագետները նրան հորդորել են առողջական վիճակն ինչ-որ կերպ վերականգնելու համար որեւէ երկրում սանատոր բուժում ստանալ, ինչի պատճառով Հովիկի ծնողները վաճառքի են դրել Գյումրիի իրենց բնակարանը: Հ. Խաչատրյանը մեկ տարվա ընթացքում աջակցության խնդրանքով բազում դիմում-նամակներ էր գրել Հայաստանի գրեթե բոլոր գերատեսչություններին: Որպես կանոն` պետական բոլոր կառույցներից նրա նամակները վերահասցեագրվել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նա մշտապես ստացել է մերժողական պատասխաններ: Հովիկ Խաչատրյանն այս անգամ բաց նամակով դիմել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին եւ մեզ խնդրել է նամակը թերթում տպագրել: Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակի տեքստը.

«Պարոն նախարար, բազմիցս նամակ-խնդրանքներով դիմել եմ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներին, այլ գերատեսչությունների նախարարներին, ինչպես նաեւ՝ երկրի նախագահին: Չգիտես ինչու, բոլոր դիմում-նամակներս միանշանակ վերահասցեագրվել են Ձեզ: Խնդրանքներիցս եւ ոչ մեկը դրական լուծում չի ստացել: Հասկանում եմ, հասկանալի պատճառով (նման ծախսերի համար բյուջեով գումար նախատեսված չէ) համեստ խնդրանքս մերժվել է: Այսօր վիճակս առավել քան լուրջ է: Կարծում եմ՝ ավելի հասկանալի կլինի, երբ Ձեր մասնագետն աչքով անցկացնի բժշկի եզրակացությունը: Բուժման խնդրանքով դիմել եմ ՀՀ Առողջապահության նախարարին: Պատասխանը դրական էր, սակայն թերի: Ասեմ, որ շատ հուզվեցի, զարմացա, հուզմունքս թաքցնելու համար ծիծաղեցի ու նաեւ խորը ցավ ապրեցի… օգնում են այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է, եւ այլեւս դրա կարիքը չի լինում: Չգիտեմ` որքանով ինձ կօգնի ՀՀ Առողջապահության նախարարի այսքան հուզիչ դրական պատասխանը, քանի որ հետագա քայլերը կատարելու համար չեմ կարող համապատասխան գումար հայթայթել:

Պարոն նախարար, խնդրում եմ օգնեք երիտասարդիս արտերկրում բուժման ծախսերը հոգալու, առողջությունս փոքր-ինչ վերականգնելու համար: Խնդրում եմ նամակս ընթերցելուց հետո, եթե կցանկանաք ինչ-որ բան անել, ապա արեք հենց հիմա, ինձ համար վաղն արդեն ուշ կլինի… Հուսով եմ, որ խնդրանքս առողջությանս նման չի չարչրկվի, չի վերահասցեագրվի այլ կառույցների եւ կստանա դրական լուծում: Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքներով՝
Հովհաննես Խաչատրյան»: