«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է նոր գերմանական կինոյի ամենավառ ներկայացուցիչը` Ֆաթիհ Աքինը, ում անվան հետ է կապվում գերմանական կինոյի վերածնունդը: Եվ պատահական չէ, որ Աքինին հաճախ համեմատում են Ռայներ Վերներ Ֆասբինդերի հետ, ով 1970-ականներին գերմանական կինոյին փայլ ու որակ հաղորդեց: «Համաշխարհային մամուլը ինձ Ֆասբինդերին է նմանեցնում, սակայն մենք տարբեր ենք: Ֆասբինդերի համար ամենակարեւորը կինոն էր, նա պատրաստ էր անընդհատ աշխատել: Ես այդպիսին չեմ, ինձ համար առաջին տեղում իմ ընտանիքն է, երեխաներս, սպորտը, եւ հետո միայն` կինոն: Եթե Ֆասբինդերը շնաձուկ է, որը պետք է անընդհատ շարժման մեջ գտնվի (եթե կանգնի` կմահանա), ապա ես նման եմ կատվի, որը մուկ ուտելուց հետո մտնում է իր բույնն ու հանգստանում: Երբ ես իմ առաջին սցենարը գրեցի, գերմանական կինոն նման էր անապատի, այնքան անշարժ ու նոր սերունդի կարիքն էր զգում»,- ասաց թուրքական արմատներ ունեցող Ֆաթիհ Աքինը Երեւանում:
Երբ Աքինին հարցնում են` ո՞րն է իմիգրանտ դարձած մարդկանց ներդաշնակություն գտնելու ուղին` ազգային ավանդույթների պահպանո՞ւմը, թե՞ օտար հասարակության մեջ արագ ինտեգրվելը, նա պատասխանում է. «Պատասխանը գտնվում է մեջտեղում: Անձամբ ես ընդդիմանում եմ տրադիցիաներին, սակայն միեւնույն ժամանակ հասկանում եմ դրանց կարեւորությունը: Մարդը ծառ չի, նա չունի արմատներ: Այդ պատճառով էլ նշանակություն չունի, թե որտեղ ես ապրում, կարեւորը` ինչ ես անում: Թեեւ իմ ծնողները ծնունդով Թուրքիայից են, ես Թուրքիային նայում եմ որպես դրսի մարդ եւ չեմ ուղղորդվում արյան կանչով: Կարծում եմ, արյան կատեգորիան իր մեջ շովինիզմի տարրեր է պարունակում: Արյունն ամենուր նույնն է, եւ տարբերվում է միայն խմբերով` A,B,C: Երբ չափից ավելի ես կարեւորում ծագումդ, դատարկության եզրին ես հասնում»,- այդպես մտածելով՝ Ֆաթիհ Աքինը միաժամանակ շատ ջերմ ու հակամոդեռնիստական ընտանեկան ու անհատական դրամաներ է նկարահանում, որտեղ մարդիկ (հիմնականում՝ ներգաղթածները) որպես սոցիալական ու մշակութային խնդիրների հակակշիռ՝ ընտանեկան կապերն են դիտարկում: Եվ նշանակություն չունի, նրանք ըմբոստանո՞ւմ են այդ կապերի դեմ, թե՞ ընդհակառակը` դրանց մեջ փրկություն են գտնում:
Ֆաթիհ Աքինը ծնվել ու մեծացել է Համբուրգում, ստացել է ավանդական իսլամական դաստիարակություն, եւ միաժամանակ` սկսած մանկապարտեզից, հայտնվել է մուլտիկուլտուրական միջավայրում: Նրա մայրը դպրոցի ուսուցչուհի էր, իսկ հայրը` աշխատում էր որպես գորգ մաքրող: Երեւանում գտնվելով` ռեժիսորն ասաց. «Հիմա չեմ ցանկանում խոսել ու դրամայի վերածել այն ժամանակները, երբ իմ ազգային ինքնության պատճառով սթրեսային վիճակներ եմ ապրել: Համենայնդեպս, ես գերմանական կրթություն եմ ստացել, ու առաջին աղջիկը, ում հետ համբուրվել եմ, նույնպես գերմանուհի է եղել: Ես այդ մասին ֆիլմեր եմ նկարահանել` փորձելով հասկանալ` ի՞նչ է Թուրքիան: Հետո ընդունեցի, որ այսուամենայնիվ ես դա հասկանալ չեմ կարող: Ես դրսի մարդ եմ Թուրքիայում, եւ երբ իմ ֆիլմերում թուրքական տարրերը շատ են լինում, ֆիլմը Թուրքիայում լավ է ընդունվում, եթե ոչ` չի ընդունվում: Բայց տարրերը երբեք մեծ նշանակություն ունենալ չեն կարող: Սովորաբար, երբ կենտրոնանում ես ազգային միջուկի վրա, հեռանում ես բուն պատմությունից: Իսկ կինոն առաջին հերթին պատմություն է, որը պատմելու համար պիտի լավ տիրապետես մասնագիտությանդ: Կինո նկարահանելը արհեստ է, փեշակ, ես էլ փորձում եմ լավ արհեստավոր լինել ու լավ ֆիլմեր պատրաստել այնպես, ինչպես լավ հյուսնն է լավ սեղան կամ այլ կահույք պատրաստում»:
Ֆաթիհ Աքինը կինոստեղծման փեշակին հիանալի է տիրապետում ու տարբեր ժանրերի ֆիլմեր է ստեղծում: «Կինոն ինձ համար վիզուալ ճամփորդության է նման: Եվ ես, իրոք, կարծում եմ, որ կինոն կարող է փոխել աշխարհը: Այն փոխում է մարդուն, եւ ուրեմն՝ փոխում է նաեւ աշխարհը»,- ասում է նա: Նրա վերջին կինոաշխատանքը «Ոգու խոհանոց» խոհարարական-բազմամշակութային կատակերգությունն է, որը ներկայացնելով Երեւանում` Աքինն ասաց. «Շատ լուրջ բան մի սպասեք, սա թեթեւ ֆիլմ է»: «Ոգու խոհանոցը» նորօրյա եվրոպական հեքիաթ է, որը բավականին խորամանկ կառուցվածք ունի ու պատմում է համեղ խոհանոցի, սիրո, սեքսի, տնտեսական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամի մասին: Նաեւ` երազին հավատարիմ լինելու մասին: Երեւանում հանդիպելով լրագրողների հետ, Ֆաթիհ Աքինն ասաց. «Հեքիաթները շատ ավելի մեծ հնարավորություններ են բացում, քան ռեալիստական պատմությունները, քանի որ իրենց մեջ թարմացնող անարխիա են կրում: Ես շատ եմ սիրում նեոռեալիստական կինոն, նաեւ «Դոգմա» կինոուղղությունը, սակայն վստահում եմ հեքիաթների ներուժին: Չէ՞ որ, եթե ինչ-որ բանի հավատում ես, հասնում ես: Եվ նույնիսկ, եթե քո ֆիլմով չես կարողանում աշխարհը փոխել, ինքդ քեզ ես փոխում: Իսկ դա քիչ բան չի: Եղել են ֆիլմեր, որոնք ես սկսել եմ դիտել՝ որպես տհաս դեռահաս, իսկ ավարտից հետո հասկացել եմ, որ ավելի հասուն մարդ եմ դարձել: Ֆիլմը պիտի դրդի մտածել ու խորհել: Կամ էլ գոնե մոտակա գրադարանը գնալ ու ֆիլմի թեմայի շարունակությունը գրքերում փնտրել»:
Ֆաթիհ Աքինը մասնակցել է հայ-թուրքական կինոպլատֆորմի քննարկումներին, որտեղ, ըստ նրա խոստովանության` հայերի ցավոտ պատմությանը կինոանդրադարձ անելու մասին է քննարկվել. «Երբ մտածում ես ցեղասպանության թեմայով ֆիլմ անելու մասին, շատ դժվար է ճիշտ ֆորմա գտնել: Դա շատ նուրբ ու ցավոտ հարց է: Երբ, օրինակ, վերջերս հրեա կինոպրոդյուսերները ցանկացան Հոլոքոստի մասին նոր ֆիլմ նկարահանել, նրանք որոշեցին, որ ռեժիսորը չպիտի հրեա լինի: Եվ դիմեցին Քվենտին Տարանտինոյին, որն արեց «Անփառունակ սրիկաները»: Հրեաները ռեժիսոր ընտրելիս կանգ առան Տարանտինոյի վրա, քանի որ շատ լավ հասկանում էին, որ նա անարխիստ է, եւ եթե նրան պետք է կադրում մարդ սպանել, ապա նա դա կանի, առանց պատմական ճշմարտությունը հաշվի առնելու ու փաստերի իսկությամբ մտահոգվելու: Ուզում եմ ասել, որ կարեւորը դիստանցիան է: Գիտեմ, որ ամերիկացի պրոդյուսերները փորձում են էկրանավորել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը ու ռեժիսորի փնտրտուքի մեջ են գտնվում: Վեպն ինքնին ձգողական ուժ ու կինեմատոգրաֆիական լեզու ունի: Կարծում եմ, այդ ֆիլմը հաջողությամբ կարող էր նկարահանել Սթենլի Կուբրիկը, սակայն նա կենդանի չէ: Եթե խոսենք լավագույն թեկնածուի մասին, ապա դա ոչ թե Մել Գիբսոնը, Սիլվեստր Ստալոնեն կամ ես կլինենք, այլ` Թերենս Մալիկը: Նա կարող է այդ դիստանցիան պահպանել ու լավ ֆիլմ նկարահանել»: Որպես իր ասածի բացահայտում, նա օրինակ է բերում ամերիկյան կինոն, որը սկզբում օգտվում էր Պենտագոնի խորհուրդներից ու նրա տրամադրած ռազմական տեխնիկան էր նկարահանումներին օգտագործում, իսկ հետո Պենտագոնը սկսեց ազդել նաեւ ֆիլմերի բովանդակության վրա. «Ամերիկյան կինոփիլիսոփայությունը հիմնվում է պատերազմի գաղափարի վրա: Եվ Պենտագոնը լուրջ ազդեցություն ունի հոլիվուդյան կինոարտադրանքի վրա: Թոմ Քրուզի վերջին ֆիլմն, օրինակ, հենց Պենտագոնի պատվերով է ստեղծվել: Իսկ հիշելով Բրյուս Ուիլիսի «Արմագեդոն» ֆիլմը` կարելի է նկատել, որ ֆիլմի լավ հերոսները նավթափորերն ու զինվորներն են, իսկ «կանաչ» շարժումի մասնակիցները` ծիծաղելի վիճակում հայտնված ապուշներ: Հենց Պենտագոնը արգելեց Կոպոլային նկարահանել «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմը, իսկ երբ ռեժիսորը համառեց, ապա նրան ուղղաթիռներ ու զենք չտրամադրեցին: Եվ Կոպոլան ստիպված իր ֆիլմը նկարահանեց Ֆիլիպիններում: Ուզում եմ ասել, որ եթե Պենտագոնն է ընդունում կինոյի ուժը, ապա ինչո՞ւ դա չենք անում մենք կամ դուք»:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս Աքինն ասում է, որ հակամարտության հիմքում վախն է. «Ճշմարտության դեմքին պարզ նայելու վախ կա: Այդ վախը չարիք է, որը պետք է հաղթահարել, ուժ գտնել բռնել մարդու ձեռքն ու տանել նրան ճշմարտության մութ սենյակներով: Վախը շատ ոգիներ է խժռել, Ֆասբինդերի ֆիլմերից մեկն, օրինակ, հենց այդպես էլ կոչվում է` «Վախը ոգիներ է խժռում»: Վախի հաղթահարման լավագույն ճանապարհը բացում են կինոն, գրականությունն ու երաժշտությունը»:
Աքինը չի մոռանում նաեւ սպորտի մասին, քանի որ բոքս է պարապում ու երկրպագում է հայ բռնցքամարտիկներ Սյուզի Կենտդիկյանին ու Արթուր Աբրահամին: «Եթե օրերից մի օր որոշեմ բոքսի մասին ֆիլմ նկարահանել (իսկ դա ուզում եմ անել, քանի որ բոլոր մեծ ռեժիսորները բոքսի մասին ֆիլմեր են արել, իսկ ես նույնպես ուզում եմ մեծ ռեժիսոր դառնալ), ապա Սյուզիի մասին ֆիլմ կնկարահանեմ: Հիշում եմ, որ Աբրահամը մենամարտեց ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Օրալի հետ, նրան նոկաուտի ենթարկեց, ու երբ Օրալն ուզում էր բարձրանալ, ասաց` լավ կլինի պառկած մնաս տեղումդ: Դա շատ հետաքրքիր դրվագ է, որը կարելի է օգտագործել ֆիլմում: Այդ մենամարտի օրերին ինտերնետում հսկայական ատելության ալիք էր ստեղծվել, որը կարելի է հակադրել մաքուր ու բարի սպորտային հարաբերություններին»:
Ֆաթիհ Աքինը ընդամենը 36 տարեկան է, սակայն արդեն մեծ համբավ ու պահանջարկ ունեցող ֆիլմեր է ստեղծել: Նաեւ արժանացել է շատ մրցանակների: «Այն հաջողությունը, որը թափվեց գլխիս, նման էր ցունամիի եւ շատ անսպասելի էր»,- ասաց նա երեւանյան վարպետության դասընթացի ժամանակ ու խոստովանեց, որ առաջին անգամ լինելով Հայաստանում, փորձելու է որքան կարելի է շատ քայլել ու մարդկանց ուսումնասիրել: «Հեղինակի վրա ամեն մի մանրուք կարող է մեծ ազդեցություն թողնել: Կինոն ընդհանրապես նման է հիփ-հոփ երաժշտության, որը տարբեր երաժշտական ուղղությունների խառնուրդ է հիշեցնում: Բոլորն իրարից տողեր, կադրեր ու կերպարներ են գողանում: Իհարկե, ոմանք ասում են, որ դա գողություն չէ, այլ` ոգեշնչում, սակայն ես դա հենց կինոգողություն եմ համարում: Ու թեեւ այն կարող է ենթագիտակցական լինել, սակայն բոլոր ռեժիսորներն էլ գողեր են: Եվ, բարեբախտաբար, այդ գողերին չեն բանտարկում»: