Խուլիո Կորտասար «Զրույցներ Էվելին Պիկոն Գարֆիլդի հետ»

15/07/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

«Ես կընտրեի «Սյունակախաղը»

Խուլիո Կորտասար – Աշխարհը ենթակա է գլխապտույտ փոփոխությունների, եւ ես կուզենայի իմանալ, արդյո՞ք մի քսան տարի հետո էլ մեր երկրի վրա դեռ գրականություն կստեղծվի, արդյո՞ք դրան չեն փոխարինի ինչ-որ աուդիո-տեսողական համակարգեր կամ ինչ-որ այլ մի բան, ես կկամենայի նաեւ իմանալ, թե ինչպիսին կլինեն գնահատանքների չափանիշները մի քսան տարի հետո, չէ՞ որ ես բավականաչափ կարդացել եմ եւ կարողացել եմ համոզվել, թե որքան են քննադատները սխալվել որոշ հեղինակների գնահատանքներում: Այլ կերպ ասած, գրքի հրապարակումից մի հինգ կամ տասը տարի հետո, թե N գրողի հատկապես այս ստեղծագործությունը` գլուխգործոց է այլոց հետ համեմատած: Բայց անցնում էր մի քսանհինգ տարի, եւ N-ի այդ գիրքն ասես անհետանում էր, բայց հենց նրա մյուս գիրքը, որը ժամանակին չէր գնահատվել, հանկարծ ցուցանում էր իր ողջ թափը, իր ողջ ճշմարիտ իմաստը: Այնպես որ, այստեղ ամեն ինչ շատ հարաբերական է, չափանիշները շատ երերուն են: Բայց հիմա, տասը տարի անց, ես կառանձնացնեի «Սյունակախաղը»: Եթե պատահեր, որ ես իմ գրքերից գեթ մեկն ընտրեի, որ հետս անմարդաբնակ կղզի տանեի, ես կընտրեի «Սյունակախաղը»:

Էվելին Պիկոն – «Սյունակախաղը». այլ ոչ թե պատմվածքնե՞րը:

Խուլիո Կորտասար – Այո, այո… Թեեւ, եթե վերցնենք պատմվածքները՝ որպես առանձին շարք, որպես մի մեծ շարք… Ոչ, միեւնույն է, ես ինձ հետ կվերցնեմ «Սյունակախաղը…»:

«Խխունջները, վագրերը, մրջյունները…»

Էվելին Պիկոն – Իսկ քեզ ինչո՞ւ են այդքան դուր գալիս խխունջները:

Խուլիո Կորտասար – Ինչու են ինձ դուր գալիս խխունջնե՞րը: Գիտես ինչ, արի քո հարցը մասերի բաժանենք: Երեւի թե ինձ դուր են գալիս տարատեսակ կենդանիները: Կենդանիներն ինձ շատ ավելի սրտամոտ են, քան բույսերը: Բուսական աշխարհի հանդեպ ես բավական անտարբեր եմ: Իսկ կենդանիներն ինձ իսկապես դուր են գալիս: Ինչպես, ասենք, իմ տոտեմիստական կենդանին: Ես դրանում համոզված եմ: Եվ կատուներն էլ գիտեն, որ ես նրանց սիրում եմ, այդ պատճառով կապը մեր միջեւ ստեղծվում է ակնթարթաբար: Նրանք մեկից առանձնացնում են ինձ այլ մարդկանց միջից: Իսկ ինչ վերաբերում է ավելի պրիմիտիվ էակներին, ավելի փոքրիկ էակներին, ինչպես, ասենք, խխունջը, երեւի դա գեղագիտական հարց է: Ինձ հիացնում է խխունջի ձեւը, նրա self-containet (անկախ, անհրաժեշտ ամեն ինչով ապահովված) լինելը: Չգիտեմ, տեղի՞ն է այստեղ արդյոք այս անգլերեն արտահայտությունը: Ինձ հիացնում է խխունջի կողքանց երեւացող կատարյալ գալարագիծը զննելու հնարավորությունն իսկ: Եվ մի մոռացիր, որ գալարագիծը լաբիրինթոս է, իսկ լաբիրինթոսը` իմ արքետիպային թեմաներից մեկն է, իմ սյունակախաղն է: Ահա թե որտեղ պետք կգար Յունգը, նա երեւի թե կկարողանար այս ամենը բացատրել, Այսպես, ուրեմն, խխունջը` լաբիրինթոս է: Բացի դրանից, խխունջն ապրում է այնպես, ինչպես ես կուզեի ապրել, համարյա անհրաժեշտ ամեն ինչ իր հետ է, նա ընթանում է կյանքով, անհրաժեշտ ամեն ինչ կրելով իր վրա: Տանում է սեփական տունը: Ես իսպառ զուրկ եմ մասնավոր սեփականատերի զգացողությունից: Ես կարող եմ գնալ մի ճամպրուկով, իսկ մնացած ամեն ինչը թողնել: Այդպես ես լքեցի Արգենտինան, այդպես եմ հեռացել շատ ու շատ այլ տներից ու մարդկանցից, եւ նույնիսկ առանց շրջվելու: Թերեւս, ինձ խխունջը դուր է գալիս, որովհետեւ նա հայրենի օջախ վերադառնալու կարիք չունի, ինչպես, ասենք, սարդը կամ միջատները: Նա տանում է իր տունն իր հետ եւ այդպես է ընթանում աշխարհով:

Էվելին Պիկոն – Իսկ «Գազանանոցի» ժամանակներից ի վեր քո վերաբերմունքը մրջյունների ու վագրերի հանդեպ անփոփո՞խ է մնացել, թե՞ էվոլյուցիա է ապրել: Եվ ինչո՞ւ են նրանք քեզ այդքան դյութում: Դալիի նկարներում առյուծներն ու մրջյուններն ընկալվում են որպես սեւեռուն գաղափար: Դա, երեւի թե, իր պատճառներն ունի: Վերջերս դու պատմում էիր քո երազներից մեկը…

Խուլիո Կորտասար – Հեշտ է գլխի ընկնել, որ հոգեվերլուծաբանները դրանում լիովին բացատրելի սիմվոլիկ իմաստ կգտնեին: Երեւի թե այդպես են դրսեւորվում որոշ թաքուն ցանկությունները, որոշ բարդույթները, ինչ-որ շատ անձնական մի բան: Գիտակցության մակարդակի վրա ես դա չեմ ընկալում եւ երբեք այդ մասին չեմ խորհրդածել:

Կարող եմ միայն ասել, որ իմ ու կենդանիների միջեւ, մանկությունից ի վեր, միշտ տարօրինակ հարաբերություններ են եղել: Ես անհավատալիորեն շատ էի սիրում կենդանիներին: Եվ ինձ համար բացահայտեցի մահը, երբ մեռավ իմ անսահմանորեն սիրելի կատուն: Ես դեռ շատ փոքր էի, յոթ տարեկան էի, մայրս մրջնանոցի մոտ թույն էր դրել, որ մրջյուններին վերացնի` դարձյալ մրջյունները: Ահա շղթայի օղակներից մեկը: Իսկ կատուն կերի հետ, հավանաբար, թույն էր կուլ տվել: Առավոտյան մենք կատվին մահացած գտանք: Տանը բոլորը նրան շատ սիրում էին եւ շատ վշտացան, բայց ոչ ավելին: Իսկ ինձ համար այդ մահը հայտնություն էր, սարսափելի ցնցում: Ինչպե՞ս կարելի էր, որ իմ կատուն մեռնի: Հստակ հիշում եմ, թե ինչպես ինքս, ոչ մեկից թույլտվություն չստանալով, թաղեցի նրան: Հիշում եմ, թե ինչպես էի արտասվում մահացած կատվիս համար: Դա սոսկալի ողբերգություն էր, ես զգացի, թե ինչ է մահը, ընդհուպ մոտեցա մահվան ընկալմանը: Երեւի թե, այդ պատմությունն ինձ ավելի մտերմացրեց կենդանիներին: Իսկ բույսերի հանդեպ, ինչպես ես արդեն ասացի, ես բավական անտարբեր եմ… Փոխարենը՝ միջատների աշխարհի հետ շատ տարօրինակ հարաբերությունների մեջ եմ, նրանց աշխարհն ինձ վախեցնում է: Միջատներն ինձ դուր չեն գալիս, բայց երբեմն նրանք ինձ գերում են:

Էվելին Պիկոն – Ինչպես «Գազանանոցի» մրջնանոցում, երբ մրջյունները սողում են Ռեմայի ձեռքի վրայով:

Խուլիո Կորտասար – Այո, երբ ռեֆլեքսը հաղորդվում է նրա ձեռքի միջոցով: Ես կարող եմ մեծ քնքշությամբ խոսել մրջյունների մասին, ինչպես, Ալեշինսկուն նվիրված տեքստում, որովհետեւ այնտեղ ամեն ինչ հանգեցվում է կատակի: Իսկ իրականում ես մրջյուններից շատ եմ վախենում: Այդ կույր կարծրացածությունից: Այստեղ, ինձ մոտ՝ Սենյոնում, ես մոլագարի պես քանդում եմ մրջնանոցները, բայց ապարդյուն, նրանք մի այլ տեղ են հայտնվում: Ոչ, սա ինչ-որ կույր, անգիտակցական կյանք է, որը կառուցված է մեխանիկական ռեֆլեքսների հիմքի վրա:

Էվելին Պիկոն – Իսկ վագրե՞րը, դու ինչպե՞ս ես վերաբերվում վագրերին: Նրանք ինչ-որ կերպ կապ ունե՞ն քո գոյության հետ:

Խուլիո Կորտասար – Չգիտեմ: Հետաքրքիր է, ես միշտ երազում առյուծներ եմ տեսել, իսկ վագր` երբեք, եթե չհաշվենք «Գազանանոցի» այն վագրին: Իսկ առյուծների հետ կապված մղձավանջներ ես շատ հաճախ էի տեսնում, իբր ինձ պետք է ազատվել առյուծից: Բայց նորմալ կյանքում ես առյուծների հանդեպ լրիվ անտարբեր էի: Այլ բան է վագրը, նույնիսկ վանդակի մեջ գտնվող վագրը: Երբեմն, երբ ես շատ հոգնում եմ, իմ մեջ ինչ-որ պատրանքանման բաներ են ծնվում, ինչ-որ տագնապալից զգացողություններ, եւ միշտ, ինչպես դա նկարագրված է «Գազանանոցում»: Ինձ թվում է, որ եթե ես դուռը բացեմ ու դուրս գամ, այնտեղ անպայման վագր կլինի, եւ ոչ մի դեպքում՝ առյուծ, անպայման վագր: Վագրը միշտ ինձ ավելի ահեղ է պատկերանում, քան առյուծը, ավելի վտանգավոր…

Էվելին Պիկոն – «Վիճակախաղում» Պերսիոն իր մենախոսություններում խոսում է գնացքների մասին, որպես գործող անձանց:

Խուլիո Կորտասար – Այո, հենց՝ որպես գործող անձանց:

Էվելին Պիկոն – Բայց ինչ-որ իմաստով դա առանձին թեմա է:

Խուլիո Կորտասար – Այո: Դա մասամբ կամրջի պատկերի պրոյեկցիան է: Տրամվայը կամ գնացքը` կամուրջն է շարժման մեջ, կամուրջ, որը նաեւ շատ ու շատ հաճախ ստիպված է լինում կամուրջներ հատել: Բայց հենց իրենք, ներսում ըստ man`s land-ի (ոչ ոքի չպատկանող երկրի), տես, թե ինչ հետաքրքիր բան է տեղի ունենում թե ավտոբուսի, եւ թե տրամվայի հետ, նրանց մեջ մի բոլուկ մարդ է ժողովվում, միմյանց չճանաչող, եւ այդ մարդիկ միասին շարժվում են ժամանակի եւ տարածության մեջ: Որոշակի միավորման տեսակ է կազմավորվում` անջրպետում մնացած աշխարհից: Եվ դա, ինձ, համենայն դեպս, այդպես է թվում, կարող է գործի մեջ դնել որոշակի օրենքներ, մեզ անհայտ, այնտեղ՝ ներսում, կարող են տեղի ունենալ բաներ, որոնք երբեք տեղի չեն ունենում դրսում: Հենց այդ պատճառով «62 մոդել հավաքման համար» վեպում քաղաքի մասին բանաստեղծություններից մեկում խոսվում է գնացքների մասին` այդ երազն էլ է ինձ շատ հաճախ այցելության գալիս: Ես երազում շատ հին գնացքներ եմ տեսնում, դրանց վագոնները տներ են հիշեցնում: Դրանցում շատ են ինչ-որ զարդարանքներ, կահույք, եւ ես միշտ ինչ-որ մեկին փնտրում եմ: Անվերջորեն տանջալի երազներ:

Էվելին Պիկոն – Գծային լաբիրինթոսներ հիշեցնող ինչ-որ բաներ:

Խուլիո Կորտասար – Այո, հենց գծային լաբիրինթոսներ, միանգամայն ճիշտ է: Դա էլ յուրօրինակ լաբիրինթոս է:

Էվելին Պիկոն – «Տորիտոյում» դու քո հերոսն ես դարձնում բռնցքամարտիկին: Ինձ թվում է, այդպես անկեղծ մինչ այդ դու համակրում էիր միայն հերոս դեռահասներին: Դու ե՞րբ տարվեցիր բռնցքամարտով:

Խուլիո Կորտասար – Բռնցքամարտն ինձ մանկուց հետաքրքրել է, որովհետեւ, երբ ես ինը տարեկան էի, մենք ունեինք ծանրքաշային մեր չեմպիոնը` Ֆիրպոն, եւ նրա ճակատագիրը շատ անսովոր դասավորվեց: Նա ուղեւորվեց Միացյալ Նահանգներ, որպեսզի պայքարի ծանր քաշայինում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, դա տիտղոսներից ամենաբարձրն է, նա պիտի մարտի բռնվեր Ջեկ Դեմփսիի հետ, ամերիկացի չեմպիոնի: Ջեկը հաղթեց Ֆիրպոյին: Ես այդ մասին պատմել եմ «Օրվա շուրջը ութսուն աշխարհներում» գրքում, եւ ես իմ ինը տարեկանում տեղի ունեցածն ապրում էի, որպես ազգային ողբերգություն, եւ ընդհանրապես Արգենտինայում այդ առթիվ իսկական հիստերիա էր նկատվում: Իրականում Ֆիրպոյի հետ ազնիվ չէին վարվել, նա տեխնիկական ցուցանիշներով տարել էր Ջեկին, բայց հասարակությունն ու դատավորները, ինչպես ընդունված է Նյու Յորքում, Ջեկի կողմից էին, եւ նա հաղթանակ տարավ: Ըստ կանոնների՝ նա պետք է որակազրկվեր…

Արգենտինացիք պատահածն ընկալեցին որպես իսկական վիրավորանք, եւ գտնվեցին տաք գլուխներ, ովքեր պահանջում էին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարել կամ նմանատիպ մի բան անել, չէ՞ որ այն ժամանակ՝ 1923 թվականին, այդ ամենը սրտին շատ մոտ էր ընդունվում: Փոքր ժամանակ այդ պատմությունն ինձ վրա մեծ տպավորություն գործեց, եւ ես տարվեցի բռնցքամարտով: Սկսեցի կարդալ այն ամենը, ինչ գրվում էր թերթերում բռնցքամարտի մասին: Ես դեռ շատ փոքր էի, եւ ինձ չէր թույլատրվում գնալ բռնցքամարտի մրցումների, իսկ հեռուստատեսություն այն ժամանակ դեռեւս գոյություն չուներ: Բայց ամենահետաքրքիր մենամարտերին ես հետեւում էի ռադիոյով, իսկ ավելի ուշ, երբ դեռահաս դարձա, մեզ մոտ Խուստո Սուարես անունով բռնցքամարտիկ հայտնվեց, որ շատ բանի էր հասել եւ շատ համակրելի էր, բայց նույնպես ԱՄՆ-ում տարվել էր ավարտամարտում, եւ ում մասին էլ ես պատմում եմ իմ պատմվածքներից մեկում: Սուարեսի վախճանը ողբերգական էր, բոլորը նրանից երես թեքեցին, նա թոքախտավոր դարձավ եւ մահացավ Կորդովայի հիվանդանոցներից մեկում: Իսկական սպորտային ողբերգություն: Եվ ահա իմ գլխում ծնվեց առասպելը Խուստո Սուարեսի մասին, չէ՞ որ ես նրա ողջ կարիերայի ընթացքում հետեւում էի նրան, իսկ բռնցքամարտն ինձ ավելի ու ավելի էր գրավում: Դեռ Փարիզում ես սկսեցի հիշել անցած օրերը: Ես միայնակ էի համալսարանական քաղաքում եւ հանկարծ նստեցի գրամեքենայի մոտ եւ երկու ժամվա ընթացքում վերածվեցի Խուստո Սուարեսի: Եվ քանի որ բռնցքամարտի հետ կապված ամեն ինչը հիանալիորեն պահպանվել է հիշողությանս մեջ, ես այնտեղ մի շարք լիովին արժանահավատ մանրամասներ ներմուծեցի: Միայն մի փոքրիկ սխալ էր թափանցել, մնացած ամեն ինչը ճշգրիտ է:

Էվելին Պիկոն – Ի՞նչ սխալ:

Խուլիո Կորտասար – Ես շփոթել էի Խուստո Սուարեսի հակառակորդներից մեկի անունը, միայն դա:

Էվելին Պիկոն – Քեզ առաջվա պես բռնցքամարտը դո՞ւր է գալիս:

Խուլիո Կորտասար – Այո, մինչեւ հիմա:

Էվելին Պիկոն – Դու չէի՞ր կարող պատմել, թե ինչ է տվել քեզ այդ սպորտաձեւը, քեզ սրտամոտ ի՞նչ ես գտնում:

Խուլիո Կորտասար – Ինձ դուր չեն գալիս այն սպորտաձեւերը, որտեղ միանգամից շատ մարդիկ են մասնակցում, օրինակ, ֆուտբոլը, ռեգբին, երբ տասնմեկ խաղացող մարտնչում են տասնմեկի դեմ: Ինձ դուր է գալիս բառիս բուն իմաստով մենամարտը` մեկը մեկի դեմ, ասենք, թենիսն ու բոքսը, երբ երկու հոգի հանդիպում են դեմ առ դեմ: Չգիտեմ ինչու, բայց ես ձանձրանում եմ, երբ հանդիսանքը ձգվում է տարածության մեջ:

Էվելին Պիկոն – Հավանաբար, այն պատճառով, որ դու քո բնույթով մենակյաց ես, անհատապաշտ, եւ քեզ ընդհանրապես դուր չեն գալիս խմբակցությունները, եթե նույնիսկ դա կոլեկտիվ խաղ է:

Խուլիո Կորտասար – Այո, գուցե հենց այդ պատճառով: Բայց կան եւ ավելի խորը պատճառներ: Դեմ առ դեմ պայքարում բախվում են երկու կոնկրետ ճակատագրեր: Ֆուտբոլի կամ ռեգբիի մրցախաղում տանում կամ տարվում է թիմը, անհատական պատասխանատվություն չկա: Ամեն ինչ լղոզված է` լավ են խաղացել, վատ են խաղացել, էս մեկն իրեն լավ է դրսեւորել, մյուսը՝ վատ, բայց լիարժեք պատասխանատվություն ոչ ոք չունի: Բռնցքամարտում մեկը պայքարում է մյուսի դեմ, եւ հաղթանակ է տանում լավագույնը, համենայն դեպս, պիտի հաղթանակի լավագույնը: Բացի դրանից, գեղագիտական տեսանկյունից էլ դա շատ գեղեցիկ է` երկու մեծ բռնցքամարտիկ: Միանգամից երեւում է, որ քեզ բախտ չի վիճակվել տեսնելու Ռեյ Ռոբինսոնի մարտերը: Ինչ էլ որ դու ասես, գեղագիտական տեսանկյունից դա պարզապես հրաշք է:

Էվելին Պիկոն – ինձ դուր չի գալիս բռնությունը:

Խուլիո Կորտասար – Բայց այստեղ սուբլիմացված բռնություն է, բռնություն…

Էվելին Պիկոն – Դե ինչ սուբլիմացիա, երբ…

Խուլիո Կորտասար – Այդպիսի բռնության մեջ ոչ մի կաթիլ դաժանություն չկա…

Էվելին Պիկոն – Ինչո՞ւ են քեզ այդքան հետաքրքրում ձեռքերը: Եվ քեզ, եւ Խուանին, եւ «Սյունակախաղի» Օլիվեյրեին:

Խուլիո Կորտասար – Ձեռքերն ինձ համար սեւեռուն գաղափարի պես մի բան են:

Դեռ շատ երիտասարդ, իմ առաջին պատմվածքներում, ես ձեռքերին կարեւորագույն տեղ էի հատկացնում: Այո, ես դեռ լրիվ երիտասարդ էի, երբ մի տեքստ էի գրել, որը հետագայում մտավ «Վերջին ռաունդի» մեջ, այն ոնց որ թե կոչվում է «Ձեռքի վիճակը»: Դա պատմություն է մի մարդու մասին, ով մի անգամ տեսնում է, թե ինչպես է ներս մտնում ձեռքը եւ շարժվում է տնով մեկ, եւ նրանց միջեւ մեծ ընկերություն է հաստատվում: Բայց հանկարծ ձեռքին սկսում է թվալ, թե մարդն իրենից վախենում է, եւ այդժամ նա հեռանում է եւ այլեւս չի վերադառնում: Եվս մի սեւեռուն գաղափար` ձեռնոցները: Դա շատ տանջալից պատկեր է: Գիտես, երբ ես տանը մենակ եմ մնում, իսկ սեղանի վրա մի զույգ ձեռնոց է դրված` իմ կամ ինչ-որ այլ մեկի, կանացի կամ տղամարդու, ես ոչ մի կերպ չեմ քնի, մինչեւ դրանք չհավաքեմ կամ վերեւից ինչ-որ բանով չճզմեմ, որեւէ ծանր առարկայով: Ես չեմ կարողանա քնել, իմանալով, որ ձեռնոցը մնացել է ինչ-որ տեղ մոտակայքում: Ինձ հետապնդում է այն միտքը, որ նշանակված ժամին դրանք ինչ-որ բանով կլցվեն:

Էվելին Պիկոն – Դրանք ձեռքերո՞վ կլցվեն:

Խուլիո Կորտասար – Այո, դա, երեւի, հիվանդագին մանկական տպավորության արդյունք է, խեղդողների մասին սարսափելի պատմությունների հետ կապված: Երբ ես տեսա հանրահայտ մի ֆիլմ, որը հետո հիմք դարձավ Մալքոլմ Լաուրիի «Հրաբուխի ստորոտի մոտ» վեպի համար եւ կոչվում էր «Օրլակի ձեռքերը», Պիտեր Լորեի նկարահանած սարսափների ֆիլմը, ես դեռ մանկահասակ տեսել էի այդ ֆիլմը, իսկ Պիտեր Լորեն ռիմեյք էր արել: Առաջին ֆիլմում հիանալի մի դերասան էր խաղում, ով շուտով մահացավ: Կուզե՞ս, ես քեզ պատմեմ ֆիլմի մասին, որպեսզի դու հասկանաս, թե ինչ են ինձ համար ձեռքերը: Դա մի պատմություն է աշխարհահռչակ դաշնակահարի մասին, ում ձեռքերը վնասվել են երկաթուղային արհավիրքի ժամանակ, եւ դրանք հարկ էր կտրել։ Վիրաբույժը պատրաստվում է անդամահատել նրա ձեռքերի դաստակները: Բայց այդ ժամանակ դաշնակահարի կյանքն իր իմաստը կկորցնի: Եվ վիրաբույժը, ով նրա ընկերն է եւ շատ սիրում է նրան, խորհրդածում է, թե չի՞ կարելի արդյոք նրան փոխպատվաստել հենց նոր մահացած մարդու կենդանի ձեռքերը: Նա իմանում է, որ Փարիզում պետք է գլխատեն մի մարդասպանի, եւ խնդրում է, որ իրեն գիտական էքսպերիմենտների համար, մահապատժից անմիջապես հետո, հանձնեն հանցագործի մարմինը: Ֆրանսիական կառավարությունը համաձայնվում է, եւ նա բուժաշխատողների մի խումբ է ուղարկում գիլյոտինի մոտ հերթապահելու: Հենց որ մահապատիժը ի կատար է ածվում, նա կտրում է ձեռքերը եւ փոխպատվաստում է դաշնակահարին: Եվ դաշնակահարը կամաց-կամաց սկսում է հատուկ վարժություններով փորձարկել ձեռքերը եւ դարձյալ կարողանում է նվագել: Բայց վիրաբույժը մի բանի մասին չէր մտածել, այն մասին, որ մարդասպանը մահապատժի էր ենթարկվել այն բանի համար, որ խեղդում էր կանանց: Եվ ահա մի հիասքանչ օր, մանրամասները ես ճշգրիտ չեմ հիշում, բայց Հոլիվուդի տրամաբանությանը հետեւելով, կարելի է ենթադրել, որ դաշնակահարը հարսնացուի հետ էր, ում շատ սիրում էր, նա պատրաստվում էր համբուրել նրան, եւ հանկարծ զգաց, թե ինչպես են իր ձեռքերը բռնում նրա կոկորդն եւ սկսում են խեղդել: Ահա ձեզ մարդասպանի ձեռքերով մարդու դրաման: Հիմա մտածիր իմ հիվանդագին երեւակայության մասին, թե ինչու իմ գրքերի էջերում այդքան տարատեսակ ձեռքեր են հածում:

Ձեռքի վիճակը

Ես նրան ներս էի թողնում կեսօրին, ճաշից հետո, կիսաբաց անելով դեպի այգին նայող պատուհանը: Ձեռքը թեթեւասահ իջնում էր գրասեղանիս եզրով, հազիվ հենվելով մատների վրա` չռված, ասես մոլորված, եւ տեղավորվում էր իր սիրած տեղում` դաշնամուրի գլխավերեւում, նրա վերեւում կախված դիմանկարի շրջանակի վրա, երբեմն այն իջնում էր կարմիր գինու գույն ունեցող գորգի վրա:

Ինձ դուր էր գալիս այդ ձեռքը, նա ինձնից ոչինչ չէր պահանջում, եւ նրանում շատ բան կար թռչնից, չորացած տերեւից: Նա ի՞նչ գիտեր իմ մասին: Անկասկած եւ առանց ամենայն տատանումների նա բազմում էր լուսամուտագոգին, եւ նրա ստվերը, երբեմն երկչոտ, իսկ մեկ-մեկ էլ համառորեն՝ պառկում էր իմ թղթերի վրա, անձայն պահանջելով պատուհանը բացել: Սակայն, երբեմն նա բարձրանում էր ինձ մոտ նրան աստիճան ծառայող ճյուղերով եւ պատի վրայի գալարուն պատատուկի վրայով, որտեղ նույնիսկ նկատելի էր մնացել կանաչի մեջ տրորված արահետը: Տանն ապրող աղավնիները ճանաչում եւ նրանից չէին վախենում: Լուսադեմին ես լսում էի նրանց անդադար-մտահոգ ղունղունոցը, իմանալով, որ այդ ժամին ձեռքն անցնում է ձեղնահարկի բույների միջով, հապաղելով, որպեսզի թեթեւ-թեթեւ խուտուտ տա ճուտիկների ձյունաճերմակ ծծիկները կամ առանձնապես խանդոտ որձի պոչից չարաճճիորեն մի շողշողուն փետուր պոկի: Նրան դուր էին գալիս աղավնիներն ու մաքուր, թարմ ջրով գավաթները, քանի անգամ եմ ես բռնացրել նրան գավաթի ծայրին կպած, մի մատը փոքր-ինչ թաթախած զվարթ փշաքաղվող ջրի մեջ: Ոչ մի անգամ ես չեմ դիպել նրան, բնազդաբար հասկանալով, որ դա անելը կնշանակեր դաժանորեն խզել ինձ այդ խորհրդավոր հյուրի հետ կապող նրբագույն կապերը: Շատ օրեր ձեռքն այցելում էր ինձ, շոշափում էր իմ իրերը, բացում էր գրքերս ու տետրերս, ցուցամատը սահեցնում էր դրանց վրայով, որով, անկասկած, ընթերցում էր, անցնում էր իմ սիրած բանաստեղծությունների վրայով, դանդաղ գնահատելով եւ ընդունելով դրանք, տող առ տող:

Ժամանակն անցնում էր: Արտաքին կյանքի իրադարձությունները, ինձ համար հիվանդագին եւ անդուր, կարողացան բարակեցնել ինձ կապող կաշկանդումները, որոնք հիմա սոսկ հազիվհազ պահում էին ինձ կյանքում: Ես թողել էի մաթեմատիկան, իմ ամենափառահեղ կոստյումը բորբոսնել էր, ես համարյա դադարել էի տնից ելնել, կենալով ձեռքի անշտապ, ռիթմիկ սպասման մեջ, ուշադիր ունկ դնելով նրա առաջին, ամենահեռավոր, խուլ, հազիվ որսալի հպումներին պատատուկի տերեւներին:

Ես նրան անուններ էի տալիս, ինձ դուր էր գալիս նրան Դգ կոչել, որովհետեւ այդ անունը կարելի էր միայն մտածել, բայց ոչ՝ բարձրաձայն արտաբերել: Ես փորձում էի գրգռել գուցե թե նրանում թաքչած տենչն առ փառասիրությունը, որի համար էլ, ասես պատահաբար, դարակների վրա էի թողնում մատանիներն ու ապարանջանները, աշխատելով նրանից աչքս չկտրել: Երբեմն ինձ թվում էր, թե նա հիմա-հիմա կսկսի զարդարել իրեն, բայց նա սոսկ անհանգիստ պտտվում էր զարդերի շուրջ, ընդ որում, տագնապածահարսարդ հիշեցնելով, սակայն երբեք չէր դիպչում դրանց: Միայն մի անգամ նա խիզախեց մատին դնել մեղեսիկով մատանին, բայց տեղնուտեղը հանեց այն, ասես այրվելով: Հենց նույն օրը, երբ նա գնաց, ես բոլոր զարդերը աչքից հեռու մի տեղ թաքցրի, եւ այդ ժամանակից ի վեր, ինչպես ինձ թվաց, ձեռքն իրեն սկսեց ավելի հանգիստ ու վստահ զգալ:

Տարվա եղանակները փոխարինում էին միմյանց, ոմանք` սլացիկ ու նրբագեղ, մյուսները` ալ-մանուշակագույն գունավորված շաբաթներով, բայց նրանց կանչը գործնականորեն լսելի չէր մեր ներփակ աշխարհում: Ձեռքն ամեն երեկո ինձ այցի էր գալիս, հաճախ աշնանային անձրեւի տակ թրջված, ես զննում էի, թե ինչպես է նա գոհունակ պառկում գորգի երեսին, թե ինչպես է մեթոդաբար մի մատով մյուսը սրբում, երբեմն գոհ վեր թռչելով, կատարած պարտքի զգացողությամբ: Ցուրտ երեկոներին այն մանուշակագույն երանգ էր ձեռք բերում: Ես այդպիսի դեպքերում միացնում եւ ոտքիս տակ էի դնում թավա-տաքացուցիչը, եւ այդ ժամանակ ձեռքը գոհունակ կծկվում էր եւ հազիվ էր շարժվում, միայն իրար էր գալիս այն բանի համար, որպեսզի ինձանից ընդունի, մռայլ եւ անտրամադիր, ինչ-որ փորագրանկարներով ալբոմ, բրդյա թելերի կծիկը, որը նա սիրում էր քակել եւ այնուհետեւ ետ կծկել: Շուտով ես հասկացա, որ նա ընդունակ չէր երկար անբան նստելու: Նա ինձ մոտ բրուտագործական կավով աման հայտնաբերեց, եւ մեկեն հետաքրքրվեց այդ նյութով, ժամեր շարունակ զբաղվում էր դրանով, ինչ-որ բան ծեփելով, իսկ ես շրջվում էի մեջքով, ամեն կերպ ձեւացնելով, թե իբր ինձ չի հետաքրքրում, թե նա ինչով է զբաղված: Անշուշտ, նա ձեռք ծեփեց: Ես թողեցի, որ նրա ստեղծագործությունը չորանա, իսկ հետո տեղափոխեցի գրասեղանիս վրա, որպեսզի ինչ-որ կերպ ձեռքին ցույց տամ իմ բարեհաճ վերաբերմունքն առ իր ստեղծագործությունը: Այդպես վարվելով, ես, պարզվում է, սխալ գործեցի, Դգ-ին նյարդայնացնում էր նրա կարծրացած, փոքր-ինչ ծռմռված ինքնանկարի հայեցումը: Երբ ես քանդակը մի հեռու տեղ թաքցրի, նա ձեւացրեց, թե իբր ոչինչ չի նկատել:

Բավական արագ առ ձեռքն իմ հետաքրքրությունը սկսեց կրել զուտ հետազոտական, վերլուծական բնույթ: Ես հոգնեցի զարմանալուց եւ կամեցա իմանալ, իսկ դա անխուսափելիորեն իր ետեւից բերում է ուզածդ հեքիաթի տխրամած ավարտին: Հարցերն առ իմ հյուրը ծնվում էին ինքնաբերաբար, մեկը մյուսի ետեւից` արդյո՞ք նա աճում է, զգում է, մի՞թե կարող է սիրել: Ես ամենուր սկսեցի էքսպերիմենտների թակարդներ եւ որոգայթներ լարել: Ինձ հաջողվեց պարզել, որ ձեռքը, օրինակ, թեպետ կարող էր կարդալ, երբեք ոչինչ չէր գրում: Մի անգամ, Դգ-ին պատուհանից ներս թողնելով, ես սեղանի վրա գրիչ դրեցի, մի տուփ ճերմակ թուղթ եւ գրասենյակից ելա, որպեսզի իմ ներկայությամբ չճնշեմ նրա երկչոտ ջանքերը: Կողպեքի բանալու արանքից ես տեսա, թե ինչպես նա, սովորականի պես սենյակում շրջելով, փոքր-ինչ տագնապած բարձրացավ սեղանի վրա, եւ ամենեւին էլ ոչ միանգամից վերցրեց գրիչը: Ես լսեցի գրչի ծանոթ խշխշոցը թղթի վրա, եւ անհամբեր փոքր-ինչ սպասելով, նորից գրասենյակ մտա: Թղթի առաջին էջի վրա անկյունագծով, նրբագեղ, ոլորագծերով, ձեռագրով գրված էր. «Այս բանաձեւը ջնջում է բոլոր նախորդները՝ ընդհուպ մինչեւ նոր հրահանգներ ստանալը», ինձ այլեւս չհաջողվեց հասնել այն բանին, որ նա մի բան էլ գրեր:

Երբ վերլուծական-էքսպերիմենտալ շրջանն անցավ մեր հարաբերություններում, ես հասկացա, որ իսկապես սկսում եմ կապվել Դգ-ին: Ինձ դուր էր գալիս, թե նա ինչպես է զննում սենյակի ծաղիկները, ինչ նպատակասլաց, ասես դյութված, պտտվում է վարդի շուրջը, մոտենալով կոկոնին այնպես, որպեսզի թեթեւակի դիպչի թերթիկներին, ես սիրում էի զննել, թե ինչպես նա, կիսագավի ձեւ առնելով, գրկում է ծաղիկը, երեւի թե յուրովի ներկլանելով նրանից ծորող բույրը: Մի անգամ, նոր գրքի էջերը թերթատելիս, ես նկատեցի, որ Դգ-ն, ամեն կերպ դա թաքցնելով, ուզում էր նույն բանն անել: Գրախանութները տակնուվրա անելով, ես, ասես, հատուկ ձեռքի համար արարված ստեղծագործություններ գտա (ինչպես որ գոյություն ունեն գրքեր, որ ստեղծված են շուրթերի կամ մազերի համար): Ինձ թվաց, թե ես կռահել եմ սեփական գրադարան ունենալու նրա թաքուն ցանկությունը: Եվ մեկ էլ ես նրա համար, էջերը թերթատելու համար մի փոքրիկ դանակ գնեցի: Երբ ես այդ ամենը դարսեցի նրա սիրած տեղում` գորգի վրա, ձեռքը սովորական զգուշավորությամբ զննեց նվերները: Թվում էր, թե նա վախենում է դանակից, եւ մի քանի օր անցավ, մինչեւ որ նա խիզախեց դիպչել նրան: Նրան քաջալերելու համար, ես շարունակում էի թերթատել իմ գրքի էջերը, եւ մի անգամ գիշերով (ի դեպ, ինչ-որ չեմ հիշում, թե արդյոք ասել եմ արդեն, որ նա սովորաբար գնում էր լուսադեմին, իր հետ տանելով մթնշաղի ստվերները) նա վերջապես սկսեց իր գրքերով զբաղվել եւ սկսեց զննել չթերթատած էջերը: Շատ շուտով նա այնքան հմտացավ դանակից օտվելիս, որ նրա սայրը խրվում էր ձյունաճերմակ կամ դեղնավուն թղթի մեջ կայծակի թափով եւ արագությամբ: Ավարտելով աշխատանքի հերթական մասը, նա դանակը դնում էր դարակի վրա, ուր սովորաբար պահվում էին իր սիրելի իրերը` կծիկները, գծանկարները, այրված լուցկիները, ապարանջանով ժամացույցը, մոխրակույտերը, իսկ հետո դարձյալ իջնում էր գորգի վրա, որպեսզի կողքի վրա պառկի եւ տրվի ընթերցանությանը: Նա շատ արագ էր կարդում, մատներով սահելով տողերի վրայով, երբ գրքի մեջ նկարազարդումներ էին պատահում, նա ամբողջ ափով պառկում էր էջի վրա, եւ այդ դիրքով ասես ննջում էր: Ես ուրախացա գրքերի նրա, իմ կարծիքով՝ հաջող, ընտրությունից, մի քանի էջեր եւ գլուխներ նա վերընթերցում էր մի քանի անգամ (Գոթյեի «etudes de mains»-ը եւ Ռեվերդիի «Le gant de crin»-ը) եւ թողնում էր ի հուշ, որպես էջանիշ, բրդե թելեր: Գնալուց առաջ, երբ ես արդեն քնած էի լինում, նա հավաքում էր իր գրքերը եւ հատուկ իր համար հատկացված պահարանը, եւ, արթնանալով, ես միշտ նրա իրերի մեջ կարգուկանոն էի տեսնում:

Եվ այդպես մենք որոշ ժամանակ միասին ապրեցինք` փոխադարձ հարգանքի եւ համաձայնության մեջ: Այդ գոյակցության համար ոչ պատճառներ կային եւ ոչ էլ հստակ բացատրություններ, այն լիովին հիմնված էր մեր գաղտնիքի պարզության վրա: Ամենայն ձգտում առ հետազոտությունը հաղթահարված էր, ողջ զարմանքը վերացել էր, եւ լոկ իր անըմբռնելիության մեջ կատարյալ գաղտնիքն էր մեզ կապում: Մեր կյանքը վերածվել էր անհասցե գովասանքի երգի, ոչ մեկին ուղղված անկանխատեսելի ուղերձի։ Դգ-ն պատուհանից ներս էր մտնում, եւ նրա հետ սենյակում հայտնվում էր ինչ-որ բան, որ մեն-միայն իմն էր, ինչ-որ փրկված բան, որ փրցված էր կպչուն շրջանակներից, որ մեզ պարտադրել էին բարեկամներն ու հասարակական պարտավորությունները, եւ մեզ միավորում էր այդ յուրատեսակ ինքնաազատագրման փոխադարձ հաճույքը: Եվ այդպես էլ ապրում էինք` համաձայնության մեջ, որը ես չեմ կարող նկարագրել, մինչեւ որ իրականությունը թիկունքից վրա հասավ ինձ, գտավ իմ թույլ տեղն ու հարվածեց: Ես երազ տեսա, այդ տեսիլքում Դգ-ն սիրահարվել էր իմ ձեռքերից մեկին, անշուշտ ձախին, եւ ինքն էլ աջն էր, եւ որոշել էր օգտվել այն առիթից, որ ես քնած եմ, եւ գողանալ իր սիրեցյալին, այն դանակով կտրելով: Արթնացա, այդ մտքից ճնշված, ինչ-որ խենթություն էր զենքը թողնել այդ գաղտնիքի իրականացման սահմաններում, իմ գլխում դեռեւս խուլ խփվում էին վախվորած, մռայլ, քնատ տեսիլքների ալիքները, ես հայացքով փնտրեցի Դգ-ին եւ հայտնաբերեցի նրան իր սովորական տեղում` գորգի վրա, որտեղ նա կծկված, ոնց որ թե իրոք սեւեռուն հետեւում էր իմ ձախ ձեռքի ամեն մի շարժմանը: Ես ելա եւ դանակը դրեցի մի այնպիսի տեղ, որ նա չկարողանա հասնել, բայց իսկույն փոշմանեցի եւ այն ետ բերեցի, հույս ունենալով, թե նա ինձ կների կամ պարզապես կմոռանա այդ դեպքի մասին: Նրա տեսքից հասկանալի էր, թե նա ինչ հիասթափություն էր ապրում ինձնից, կորացած մատները քարացել էին անսխալորեն ճանաչելի տրտում ժպիտով:

Ես գիտեի, որ նա այլեւս ինձ մոտ չի գա: Այդպիսի որոշումը լիովին բացատրելի է, հաշվի առնելով նրա միամտությունն ու պարզասրտությունը, միայն այդպես նա կարող է արտահայտել իր գերազանցությունը եւ իր համր կշտամբանքը: Ես գիտեմ, որ նա երբեք, երբեք չի վերադառնա։ Եվ չարժե նախատել ինձ, լսում եք դուք, աղավնիներ, նախատել ձեր անօգուտ ղունղունոցի համար, հուսով, որ ձեղնահարկ կգա քնքուշ ձեռքը եւ խուտուտ կտա ձեր ծծիկները: Ի՞նչ իմաստ ունի այդպես մորմոքել, սենյակային վարդի թուփ, դե ի՞նչ, որ նա այլեւս քո կոկոնները չի առնի իր քնքուշ գիրկը: Բոլորդ ինձանից օրինակ վերցրեք, ես դարձյալ սկսել եմ ստանալ եւ լրացնել հաշիվները, սկսել եմ կարգին հագնվել, եւ ահա, համարձակ անցնում եմ քաղաքով, որպես օրինակելի տեղաբնակի մարմնացած ծեփապատճեն: