«Հայկական ընտանքներում գրանցվող ամուսնալուծությունների հիմնական պատճառը դերերի բաշխումն է,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման վերլուծությամբ է հանդես եկել հոգեբանական գիտությունների թեկնածու Սեյրան Ամիրյանը` պարազաբանելով,- Հիմա, այսպես կոչված, դեմոկրատական բարքերով ապրող երկրում, ինչպիսին մերն է, կանայք մտածեցին, թե իրենք ազատ են, թե իրենք կարող են ոնց ուզում են վարվել, ուր ուզում են գնալ, ինչ ուզում են անել: Բայց մենք ընդամենը 80-100 տարի առաջ ապրում էինք նահապետական ընտանիքում: Հասկանո՞ւմ եք` մենք ապրում ենք երեք սերունդ կողք կողքի, եւ ընտանիքում առաջ է գալիս դերերի բաշխման խնդիրը»: Ամիրյանը բաժանությունների «սուր պատճառ» է համարում կենցաղի հողի վրա ծագած վեճերը: «Հայերը սովոր են մեծ ընտանիքում ապրել, ընտանիքի ղեկավարը մեծն է` հայրը: Նրան ենթարկվելը ստորացուցիչ չէր նախկինում: Նահապետական ընտանիքը մեզ շատ բան է տվել: Կան որոշ անմիտ ու տգետ մարդիկ, որոնք չեն հասկանում, որ հայ ժողովուրդը այդ ընտանիքի բարքերի միջոցով է դարեր շարունակ պահպանվել ու գոյատեւել: Հիմա մեծ ընտանիքում երիտասարդ կինը, որը եկել է մի ուրիշ միջավայրից… Նա ուրիշ ընտանիքում է մեծացել, էնտեղ բադրիջանը ուրիշ ձեւ են խորովել, լոբին ուրիշ ձեւ են տապակել, միսը կիսահում են կերել: Էստեղ միսը եփում են, քրքրում մինչեւ վերջ, լոբին ուրիշ ձեւ են տապակում, սոխ են լցնում, պոմիդոր են լցնում, հասկանո՞ւմ եք: Դրանք սովորական բաներ չեն, մանրուքներ չեն, ընդհանրապես, ընտանիքում մանրուք չկա: Եվ ահա ստեղծվում է մի իրավիճակ, երբ այդ մեծ ընտանիքի անդամները հակասության մեջ են մտնում»,- նշել է նա` հավելելով, որ երիտասարդ ընտանիքի առանձին ապրելը շահեկան է բոլորին համար: Ըստ հոգեբանի՝ երիտասարդների եւ մեծահասակների արժեքային համակարգերը տարբեր են: «Երիտասարդներին դուր չի գալիս, որ պապիկը սկսում է իր ձեւով դաստիարակել երեխային: Պատերազմ է ընտանիքում»: Հայ ընտանիքներում, ըստ հոգեբանի, ճիշտ հաղորդակցման խնդիր կա: Այս ամենում նա մեղադրում է հիմնականում մեծահասակներին. «Մեծերին ուզում եմ ասել, որ երիտասարդներն ամեն դեպքում ավելի ճիշտ են, քան իրենք»: Ֆինանսատնտեսական հարցերը նույնպես կարող են ընտանիքում ճգնաժամ առաջացնել եւ բաժանությունների պատճառ հանդիսանալ: Մասնագետի խոսքով՝ կան նաեւ ընտանիքների քայքայման հոգեբանական այլ պատճառներ` ծնողների գիտելիքների պակասը երեխաների դաստիարակության հարցում, զույգերի միջեւ հուզական պահերի բացակայությունը, երեխայի ծնվելուց հետո կնոջ ցուցաբերած անուշադրությունը տղամարդու նկատմամբ: Հայացքների տարբերությունը նույնպես կարող է բաժանման պատճառ լինել. «Այսօր քաղաք են գալիս գյուղի հրաշալի տղաներ` առողջ, ամուր, նպատակասլաց, ու հանդիպում քաղաքի աղջիկներին: Բոլորովին տարբեր են բարքերը, համոզմունքները, աշխարհայացքը, եւ հարմարվել այս նոր պայմաններին բավական դժվար է»: Սոցիալական դիրքի փոփոխությունը, երբ տղամարդը հանկարծակի հարստանում եւ գնում է խրախճանքների հետեւից, նույնպես ամուսնալուծությունների պատճառ է դառնում: Հոգեբանը նաեւ նշել է, որ վերջին 5 տարիներին դրանց նախորդած 10 տարիների համեմատ Հայաստանում ամուսնալուծությունների քանակը նվազել է: «Որոշակի հանգստություն ու խաղաղություն է տիրում, պատերազմի հոգսերն անցել են»: Սակայն ստեղծված իրավիճակը, ըստ մասնագետի, չի շտկվի, եթե «պետությունը հիմնովին չզբաղվի իր ժողովրդի կենցաղային հարցերով եւ չապահովի ընտանիքի մինիմալ պայմանները»: