Վիզաների մասին

15/07/2010

«Լեհաստանը կաջակցի Հայաստանին տարբեր հարցերում` մասնավորապես արտոնագրային ռեժիմի դյուրացման, իսկ հետագայում նաեւ ընդհանրապես արտոնագրային ռեժիմի հանման հարցերում, եթե, իհարկե, Հայաստանը որոշ տեխնիկական պահանջներ բավարարի։ Մեր հարաբերություններում ոչ վիճարկելի խնդիրներ մենք չունենք, եւ հակառակը՝ ունենք շատ գործ անելու, որպեսզի մեր հարաբերություններն ավելի խորացնենք եւ սերտացնենք տնտեսական բնագավառում»,- երեկ Երեւանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: ՀՀ արտգործնախարարն էլ ասել է, որ լեհ գործընկերոջ հետ իրենք քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային, Կովկասյան տարածաշրջանի եւ Հայաստան-ԵՄ համագործացության խնդիրների շուրջ հարցեր: Հաստատելով Հայաստանի արտգործնախարարի ասածը՝ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ ինքն ուրախ է «Արեւելյան գործընկերություն» ծրագրին Հայաստանի անդամակցության համար, որի նախաձեռնողներից է նաեւ Լեհաստանը: Նա ողջունել է նաեւ ակտիվությունը առեւտրատնտեսական հարաբերություններում` շեշտելով, որ Լեհաստանի ձեռնարկատերերը Հայաստանում արդեն մի շարք առաջարկներ են ներկայացրել: Վերադառնալով արտոնագրային ռեժիմի դյուրացմանը՝ Լեհաստանի արտգործնախարարը պարզաբանել է, որ գոյություն ունեցող երկու կարգի ռեժիմներից՝ Շենգենյան արտոնագրի տրամադրման կարգն ավելի դժվար է, մինչդեռ ազգային արտոնագրի տրամադրման կարգն իրենք կդյուրացնեն: ՀՀ արտգործնախարարն, ի պատասխան լեհ լրագրողի նույն թեմային առնչվող հարցի, նշել է, որ Հայաստանը պատրաստ է եւ շահագրգիռ է ինչպես Լեհաստանի, այնպես էլ ԵՄ մյուս երկրների հետ դյուրացնել արտոնագրային ռեժիմը: Որպես առաջին քայլ, ըստ Նալբանդյանի, ինքն ու Լեհաստանի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ արտոնագրային ռեժիմի կարգի դյուրացման խնդիրը։