Պատվիրատուից՝ մինչեւ մանեքենուհի

15/07/2010

23-ամյա մանեքենուհի Մարիամ Մելյանը նոր է վերադարձել Կիպրոսից. այնտեղ նա մեկնել էր ոչ թե հանգստանալու, այլ «աշխատելու, շատ աշխատելու, մեծ փորձ ձեռք բերելու»: Կիպրոսում նա մասնակցել է Fashion TV-ի նկարահանումներին, Balizza Fashion Show-ին, հարցազրույցներում պատմել է Հայաստանի ու իր մասին:

Հայ մոդելը նշում է, որ Fashion TV-ում այնքան էլ կապ չունի` ինչ ազգի մոդել ես. «Կարեւորը՝ բոլորի նման քայլես, համապատասխանես նրանց չափանիշներին, սխալներ չանես, որովհետեւ ամեն մոդել իր քայլվածքն ունի, բայց այնտեղ բոլորը պետք է միանման քայլեն, նույն կեցվածքով լինեն: Որոշ մոդելներ երբեմն կամակորություն էին անում, չէին ուզում տվյալ հագուստը հագնել, որն անընդունելի էր իրենց համար: Ընդամենը ցուցադրություն է, ուր քո աշխատանքն ես կատարում: Հասկացա, որ նման ցուցադրությունները շատ հոգնեցուցիչ են. չէի հասցնում քնել, հանգստանալ, բայց ինձ համար շատ լավ շանս էր ու հրաշալի փորձ»:

Մարիամ Մելյանը մինչ Fashion TV-ում հայտնվելը մասնակցել է գեղեցկության միջազգային մրցույթների` «Miss Europe Junior-2006»-ին Չեխիայում, այնուհետ` «Miss Tourism Planet-2009»-ին` Հունաստանում, «Miss Tourism International-2009»-ին` Մալազիայում: Մոդելի համար ամենատպավորիչը եղել է Մալազիայի գեղեցկության մրցույթը. «Կազմակերպվածությունը, մասնակից աղջիկները, անվտանգությունը, հենց երկիրն ուղղակի հրաշալի էին: Գրեթե մեկ ամիս այնտեղ եմ եղել, հասցրել եմ վայելել ասիական երկրի տաքությունը: Դեկտեմբեր ամիսն էր, երբ տաք եղանակային պայմաններում, հետաքրքիր միջավայրում դիմավորեցինք Նոր տարին»:

Մարիամն իբրեւ մանեքենուհի կարիերան սկսել է 2005 թվից «Ատեքս» նորաձեւության կենտրոնում: «Մի անգամ գնացի «Ատեքս» ինձ համար հագուստ պատվիրելու: Այնտեղ ասացին, որ մոդելային դասընթացներ են անցկացնում` կցանկանա՞մ արդյոք մասնակցել: Այդ ժամանակ 18 տարեկան էի, ու ինձ համար մոդել դառնալը երազանք էր թվում, որովհետեւ ընտանիքս դեմ էր, ինչպես հայկական ընտանիքներում է լինում, բայց հետագայում չարգելեցին, ընդհակառակը` ինձ միշտ աջակցում են»,- պատմում է Մարիամը:

Մոդելն իր առաջին մասնագիտությամբ թարգմանիչ է, ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, աշխատում է մասնագիտությամբ. «Երկու մասնագիտությունս էլ սիրում եմ, մեծ բավականություն եմ ստանում պոդիումով քայլելիս, ֆոտոխցիկների հետ աշխատելիս… անգլերենի իմացությունն էլ շատ է օգնում միջազգային մրցույթների ժամանակ, առավելություն է քեզ տալիս»:

Իսկ որքանո՞վ են նման միջազգային մրցույթներն արդար անցնում, Մարիամը դժվարանում է պատասխանել` նշելով, որ այստեղ էլ կապ ունի հարեւան երկրների հանգամանքը, քաղաքական դաշտը. «Օրինակ, Հունաստանում նկարահանումների, փորձերի ժամանակ մեծ ուշադրություն էին դարձնում Հայաստանին, լավագույն շարքերում էին դասում: Շատ բաներ նաեւ մոդելից է կախված, թե ոնց կներկայացնես քո պետությունը, ինչպես կդրսեւորես քեզ… Բայց բոլոր մրցույթներին էլ մասնակից աղջիկներն իրար հետ իրոք ջերմ են եղել, հագուստներով կամ այլ բանով միշտ օգնում էինք իրար»:

Մոդելի չափսերն են` 88/65/92, հասակը` 174 սմ: Մասնակցել է Նինա Հովնանյանի, Արամ Նիկոլյանի, «Զատիկ» ստուդիայի, «Էլսի» նորաձեւության կենտրոնի ցուցադրություններին: Նաեւ նկարահանվել է մի քանի գովազդային ու երաժշտական հոլովակներում:

Bravo.am