Ակտիվ աջակիցը

10/07/2010

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 7-ին «ԾՌՐ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է ակտիվ աջակցություն ցուցաբերել ԱՊՀ տարածաշրջանում առկա առանձին հակամարտությունների, գլխավորապես, մերձդնեստրյան ու ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման հարցում: Ըստ նրա` Ղարաբաղյան հարցում կողմերը երկար ճանապարհ են անցել. «Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի 6-րդ հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ, որի արդյունքում լրացուցիչ հանձնարարություններ տրվեցին»,- ըստ ՌԴ ԱԳ նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության` ասել է նախարարը: «Մենք հույս ունենք, որ Ալմաթիում հուլիսի կեսերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի ոչ պաշտոնական միջոցառման շրջանակում հանդիպում կունենանք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մենք ասելով` նկատի ունեմ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներ»,- հավելել է Ս. Լավրովը: