Հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության լուծման առաջին փուլում Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հանձնելու հարցը: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: «Երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հուլիսի 16-Ռվ կամ 17-ին. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեզ դեռ չեն ներկայացրել հստակ ժամկետ»,- ասել է նա: Մամեդյարովի խոսքով` հայկական կողմի հետ բանակցությունները տարվում են Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա. «Այդ սկզբունքներից մի քանիսը մենք բազմիցս քննարկել ենք վերջին 6 տարիների ընթացքում, եւ այժմ իմաստ չկա կրկին վերադառնալ դրանց»: Ըստ նրա` մյուս 5 տարածքների վերադարձի հարցն արդեն լուծված է եւ այլեւս չի քննարկվում: Երեկ Մամեդյարովի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը. «Ադրբեջանի արտգործնախարարը, Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն, շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել: Որեւիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտահայտության արդյունքների, եւ պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից»: