Ուշադրություն, ֆիլմը սկսվում է

09/10/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Այսօր Հայաստանում կինոթատրոնային բիզնեսը կիսում են 2 «հսկաները»`
«Մոսկվա» եւ «Նաիրի» համալիրները: Վերջին մեկ տարում նրանք սկսել են սերտ
համագործակցել միմյանց հետ, իսկ կշահե՞ն արդյոք դրանից հայ կինոսիրողներն
ու, ընդհանրապես, բնակչության այն մասը, ով նախընտրում է զվարճանքի այս
տարբերակը:

Ինչպես շոու-բիզնեսը, այնպես էլ՝ կինոթատրոնայինը, բիզնեսի ամենաեկամտաբեր
ոլորտներից են: Օրինակ, ԱՄՆ-ում մի ֆիլմի ցուցադրումը կարող է ընդհուպ
մինչեւ 200 մլն դոլարի հասույթ բերել: Իսկ Ռուսաստանում 1 օրում
կինոթատրոններն ընդամենը մի ֆիլմից աշխատում են 4 մլն ԱՄՆ դոլար: Արդեն
կարելի է պատկերացնել, թե աշխարհի մասշտաբով ինչ «թվեր են ստեղծում»
կինոթատրոնները: Հայաստանը նույնպես անմասն չէ այս գործում (մենք նույնպես
սիրում ենք կինո դիտել), սակայն հաշվի առնելով երկրի փոքրությունը եւ մեծ
ներդրումների անհրաժեշտությունը՝ նորմալ ենք համարում հայկական
կինոթատրոնների սակավությունը:

Ինչպե՞ս են վերջիններս աշխատում: Նրանք ֆիլմերը ստանում են ԱՊՀ երկրներից
(հիմնականում՝ Ռուսաստանից) վարձույթով, համագործակցում են մեծ թվով
ընկերությունների հետ: Վերջիններիս հետ աշխատում են տարբեր պայմաններով,
որոշակի վճարի դիմաց ձեռք են բերում ֆիլմի ցուցադրման թույլտվություն,
հետո ֆիլմի կրկնօրինակը վերադարձնում են այդ ընկերությանը: Որոշ
վարձատուների հետ համագործակցում են նաեւ որոշակի տոկոսային
համամասնությամբ:

Ֆիլմերի նկատմամբ մեր շուկայում արդեն որոշակի պահանջարկ է ձեւավորվել:
Ցուցադրվող կինոնկարների 50%-ը կատակերգություններ եւ մանկական ֆիլմեր են,
թեեւ մեր կինոթատրոնները չեն շրջանցում նաեւ միջազգային վարձույթում
հաջողություններ ունեցած, աղմուկ հանած եւ օսկարակիր ֆիլմերը:
Յուրաքանչյուր ֆիլմ էկրաններին ցուցադրվում է 2 շաբաթ, իսկ հաճախելիության
չնվազման դեպքում երբեմն պայմանագիրը երկարացնում են: Թե որքան է միջին
հաշվով կազմում մեկ ֆիլմի ցուցադրումից ստացված հասույթը, «Նաիրի»
համալիրի մշակութային հարցերով տնօրեն Լիանա Թամրազյանը խուսափեց
պատասխանել՝ ելնելով առեւտրային գաղտնիքի սկզբունքից: Այնուամենայնիվ,
կինոթատրոնի գործունեության 3 տարիների ընթացքում ամենաեկամտաբեր ֆիլմը
եղել է «Լրտեսների երեխաները 3» 3D ֆորմատի (ակնոցներով) կատակերգությունը:

Թեեւ սեզոնների հետ կապված՝ կինոթատրոնների հաճախելիությունը փոխվում է, սակայն գնային քաղաքականությունը միասնական է մնում:

Վերանորոգումից հետո արդեն 5 տարվա պատմություն ունեցող «Մոսկվա»
կինոթատրոնն այս տարվա մայիսի 7-ից մասնաճյուղ է բացել նաեւ Գյումրիում
(«Հոկտեմբեր» կինոթատրոնը): «Մոսկվա» կինոթատրոնի կառավարիչ Տոմա
Մովսիսյանի խոսքերով, այլ մասնաճյուղեր ստեղծելու մտադրություն դեռեւս
չկա, բայց հեռանկարներ հնարավոր է, որ ստեղծվեն:

Եղել են ֆիլմեր, օրինակ, «Քրիստոսի չարչարանքները», որ կինոթատրոնային
բիզնեսով զբաղվող 2 հաստատություններն էլ ցուցադրել են՝ նախապես
փոխհամաձայնեցնելով միմյանց հետ:

Տնտեսագիտության տեսության մեջ եւ գործնականում արմատացած է այն
համոզմունքը, որ օլիգոպոլիստական շուկայում (2-4 մասնակից) ձեւավորված
համաձայնությունից տուժում են սպառողները, քանի որ գները կարող են
բարձրացվել, սակայն կինոթատրոնային բիզնեսը Հայաստանում այդ ոլորտներից
չէ. գների աննշան բարձրացումն անգամ կարող է հանգեցնել պահանջարկի նվազման:

Այսօր Երեւանի 2 խոշոր կինոթատրոններն էլ բարձրորակ եւ միջազգային
ստանդարտներին գրեթե համապատասխանող ծառայություններ են մատուցում, եւ
հուսով ենք, մոտ ապագայում հանրապետության մյուս մարզերում նույնպես իր
ուրույն տեղը կգտնի կինոթատրոնային բիզնեսը: