Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն ու դրա հետեւանքները, բավական ուշագրավ վերլուծություն է հրապարակել ամերիկյան «Stratfor» ընկերությունը, որը հայտնի է որպես ԱՄՆ վարչակազմի տեսակետները ոչ պաշտոնապես ներկայացնող հաստատություն: «Stratfor»-ի հրապարակման մեջ մանրամասն ներկայացվում է Հարավային Կովկասի տարածաշրջանն ու ամերիկյան շահերն այս տարածաշրջանում: Հրապարակման մեջ մանրամասն անդրադարձ կա ԼՂՀ հակամարտությանը, որում այն ներկայացված է գրեթե 100 տոկոսով ադրբեջանական շահերի տեսանկյունից: «Հայաստանը ուժի գործադրման միջոցով վերահսկողություն սահմանեց այդ տարածքի (ԼՂ-ի.- խմբ.) նկատմամբ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ադրբեջանի համար ԼՂ-ի վերադարձը ՄԱԿ-ի բանաձեւի համաձայն, նրա ազգային անվտանգության եւ քաղաքական ռազմավարության հիմնարար բաղադրիչն է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինիս նահանջը քաղաքականապես հնարավոր չէ։ Սա նշանակում է, որ Քլինթոնի` բանակցելու կոչը եւ ԱՄՆ օգնության նրա առաջարկը առանձնապես մեծ նշանակություն չունեն, եթե հաշվի առնենք, որ Վաշինգտոնի օգնությունն այս հարցում ոչ թե երկկողմանի, այլ միջազգային բանակցությունների շրջանակներում է»,- նշված է հրապարակման մեջ, որում անդրադարձ կա նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: «Հայերը եւ թուրքերը վերջերս սկսեցին բանակցություններ վարել՝ հարաբերությունները կարգավորելու համար, բայց դրանք ձախողվեցին, մեր կարծիքով, ՌԴ-ի միջամտության արդյունքում։ Խնդիրն ավելի խճճվեց, երբ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց` զայրացնելով թուրքերին։ ՀՀ-ի դեմ ուղղվող մեղադրանքներից մեկն այն է, որ նրանք իրենք էլ իրականացրել են ադրբեջանցիների կոտորածներ։ Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում նրանք պատերազմ էին վարում Ադրբեջանի դեմ՝ իրականացնելով հարյուր-հազարավոր ադրբեջանցիների էթնիկ զտումներ ԼՂ-ում եւ ստեղծելով փախստականների լուրջ խնդիր ադրբեջանցիների համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց այդ արշավը, իսկ կոնֆլիկտը դիվանագիտական ճանապարհով սառեցվեց»,- գրում է «Stratfor»-ի վերլուծաբանը: Սակայն ամենավատը վերը նշված ձեւակերպումները չեն, այլ այն ռազմավարությունը, որն առաջարկվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն իրականացնողներին: «Հայաստանը՝ տարածաշրջանի տնտեսապես ամենաթույլ պետությունը, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եւ նրա տարածքում տեղակայված են ռուսական զորքեր։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի համար որեւէ տարբերություն չկա, թե ով կկառավարի ԼՂ-ում, եւ այն, որ սեղանին կա ՄԱԿ-ի բանաձեւ, որը կարող է ծածկույթի (պատրվակի) դեր կատարել, դժվար է հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ի դիրքորոշումը չեզոք։ Եթե ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանին, ինչը պաշտոնական քաղաքականություն է, ապա Ադրբեջանին գոհացնելը եւ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների դաշտ բերելը ձեռնտու կլինի Վաշինգտոնին՝ մեծացնելով ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կառավարելու ունակությունները»,- առաջարկում է «STRATFOR»-ը։