Մարտի 1-ի զոհերի հարազատները նամակով դիմել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` վերջինիս խնդրելով ներկա լինել դատական նիստերին, որտեղ նրանք պահանջում էին ճանաչել Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Նշենք, որ դատական նիստերն ընթանում էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Զոհերի հարազատները օմբուդսմենին տեղեկացրել էին, որ դատավարությունների ընթացքում խախտվում են իրենց իրավունքները, դատավորները վիրավորում են իրենց, կոպտում եւ անհարգալից են վերաբերվում: Մոտ մեկ ամիս է, ինչ վերոնշյալ գործով դատավարություններն արդեն ավարտվել են, եւ ժամանակն է, որպեսզի օմբուդսմենը հրապարակի իր դիտարկումներն ու գնահատական տա դատավարությունների ընթացքին: «Մենք դատավարության օբյեկտիվության գնահատական տվող չենք: Պարզապես ստացել էինք բողոք, որ զոհվածների ծնողների հանդեպ շատ կոպիտ են վարվում եւ բարոյական էթիկայից դուրս: Մենք էլ արձագանքելով` մոնիտորինգի ուղարկեցինք մեր ներկայացուցչին, որպեսզի նա ուսումնասիրի այդ ամենը: Այսօր արդեն նա ինձ պետք է ներկայացնի, թե ինչպիսին է իրավիճակը: Ճիշտ է, մանրամասն չենք խոսել, բայց, որքանով նա ինձ տեղեկացրել է, նմանատիպ երեւույթ առաջին նիստին արդեն եղել է, բայց հետո, երբ դատարանում իմացել են, որ մեր ներկայացուցիչն այնտեղ է, այդ երեւույթներն արդեն չեն եղել: Այսինքն, այստեղ մի քիչ սուբյեկտիվ կլինի մեր ասածը, որովհետեւ առաջին նիստին մեր ներկայացուցիչն արձանագրել է ծնողների հանդեպ կոպիտ վերաբերմունք, բայց դրանից հետո` չի արձանագրել: Այսինքն, մենք պետք է ասենք, որ մեր ներկայությամբ նման դեպք չի եղել, բայց մեզանից առաջ` եղել է»,- ասում է օմբուդսմենը: Նա ասաց, որ թեեւ որեւէ երկրում ՄԻ պաշտպանը գնահատական չի տալիս դատական պրոցեսին, բայց ինքն արդեն մի անգամ տվել է. «Ես միայն մի անգամ գնահատական տվեցի մարտի 1-ի դատավարությունների հետ կապված, այն էլ փորձեցի դա անել իրավական հարթությունում: Ասացի, որ Ստրասբուրգի դատարանում գտնվող այդ գործերի ճնշող մեծամասնությունը մենք պարտվելու ենք: Ինձ մեղադրեցին, որ ես կանխավ ինչ-որ բաներ եմ ասում, եւ գուցե իրավաբանորեն ճիշտ մեղադրեցին, բայց դա այն դեպքն էր, երբ ես չէի կարող գնահատական չտալ: Կերեւա՝ ես ճիշտ էի, թե սխալ»: