Եզրափակիչին սպասելիս

10/07/2010

Ընդամենը մեկ օրից աշխարհը նոր չեմպիոն կունենա. Իսպանիա կամ Հոլանդիա: Ո՞վ կկարողանա նվաճել տիտղոսը, որի կողքով երկու անգամ անցել են հոլանդացիները, եւ, ոչ մի անգամ` իսպանացիները: Բոլոր հարցերի պատասխանները կտա առաջիկա կիրակին, իսկ մինչ այդ վատ չէր լինի անդրադառնալ այս թիմերի պատմությանն ու հաղթաթղթերին:

Իսպանիա

Այս ֆուտբոլային գերտերության համար, որքան էլ տարօրինակ հնչի, սա ընդամենը առաջին եզրափակիչն է: Նախկին լավագույն արդյունքը` կիսաեզրափակիչ փուլ, գրանցվել է… 1950 թվականին: Ու թեեւ դրանից հետո իսպանացիները միշտ համարվել են ֆավորիտ, ամեն անգամ նրանց հաջողվել է ձախողել աշխարհի առաջնությունները: Այս անգամ ամեն ինչ այլ կերպ է դասավորվում, իսպանացիների հաղթարշավը չի կարելի բացատրել ոչ մրցակիցների թուլությամբ, ոչ, առավել եւս, երջանիկ զուգադիպությամբ: Նրանք վաստակեցին այդ իրավունքը:

Հոլանդիա

Այս, նույնիսկ եվրոպական չափանիշներով՝ փոքր երկիրը իսկական ֆուտբոլային հսկա է: Ի տարբերություն մրցակցի՝ հոլանդացիները երկու անգամ, 1974 եւ 1978 թվականներին հասել են աշխարհի գավաթի եզրափակիչ եւ երկու անգամն էլ պարտվել դաշտի տերերին նվազագույն հաշիվներով: Երրորդ փորձը կարող է հաղթական լինել, մրցակիցը դաշտի տեր չէ, եւ առաջնությունն էլ անց է կացվում չեզոք մայրցամաքում:

Հնարավորություններ

Ըստ էության, եզրափակիչում մրցելու են երկու հոլանդական թիմեր: Առաջին հայացքից միտքը կարող է տարօրինակ թվալ, բայց սա օբյեկտիվ իրողություն է: Վերջին 30-32 տարում իսպանական ֆուտբոլում հիմնական տոն տվողներից մեկը Բարսելոնան է, որին մարզել են հոլանդացիներ Ռինուս Միխելսը, Յոհան Կրոյֆը, Ֆրանկ Ռայկարդը, Լուի վան Գալը: Արժե՞ զարմանալ, որ Բարսելոնան խաղում է հոլանդական տոտալ ֆուտբոլ: Իսկ եթե ուշադիր նայենք իսպանական ընտրանու կազմին, հեշտությամբ կնկատենք, որ դրա ողնաշարը, խաղային նկարագիրը ստեղծող կորիզը հենց նշված ակումբի խաղացողներն են:

Ի՞նչ կարող է հակադրել Հոլանդիայի ընտրանին: Անշուշտ, խաղային բարձր որակները, չմոռանանք, որ տոտալ ֆուտբոլի հեղինակը հենց իրենք են: Բարձր անհատական վարպետություն, Ռոբենն ու Սնայդերը ուղղակի փայլում են: Առայժմ հույսերը չի արդարացնում վան Պերսին, բայց ի վերջո պիտի գիտակցի, թե ուր եւ ինչի համար է եկել: Վերջապես, հոլանդացիները աշխարհին տվել են ֆուտբոլային մի քանի փառահեղ սերունդ եւ, անշուշտ, արժանի են աշխարհի չեմպիոնի կոչմանը: Այս սերունդը դաշտ է դուրս գալու իր նախնիների երազանքն իրականացնելու մտադրությամբ, իսկ սա լրջագույն փաստարկ է: Իսպանացիները նման փաստարկ չունեն, նրանք կարող են դառնալ փառահեղ ավանդույթի հիմնադիր:

Հնարավոր հերոսներ

Իսպանական թիմում կարելի է թվարկել հիմնական կազմի բոլոր խաղացողներին: Ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է կրակել, ինչպես Պույոլը կիսաեզրափակիչում: Անշուշտ, հոլանդացի պաշտպանների առավելագույն ուշադրության է արժանանալու Վիլյան, բայց նա միակ գլխացավանքը չէ: Կարող է վերջապես վճռական խոսքն ասել Տորեսը, այս առաջնության ամենաչարդարացված սպասելիքը:

Հոլանդացիների գլխավոր հույսը, անշուշտ, Արիեն Ռոբենն է, ով Սնայդերի հետ զույգում դարձավ այս առաջնության աննկատ, բայց անվերապահ հերոսը: Սակայն հոլանդացիներն ուժեղ են, առաջին հերթին, կոլեկտիվ խաղով, նրանցից յուրաքանչյուրը դաշտ է դուրս գալու՝ իր եւ իր նախորդների անունից խաղալու:

Հնարավոր հետեւանքներ

Հոլանդացիների հաղթանակը կլինի եւ արժանի, եւ տրամաբանական. կոչումը կրելու իրավունքը, ինչպես արդեն նշվեց, վաստակել են մի քանի սերունդներ: Հոլանդիան կարող է դառնալ հինգերորդ եվրոպական հավաքականը, ում մարզազգեստի կրծքին կարող է հայտնվել Հաղթողի ոսկե աստղը:

Պակաս տրամաբանական չի դիտվի Իսպանիայի հաղթանակը, վերջին երկու տարում այս հավաքականը պարզապես հիացնում է: Սակայն այստեղ կան որոշակի ստորջրյա խութեր: Կատալոնական Բարսելոնայի ներդրումը այս հավաքականի հաջողություններում դժվար է չնկատել, իսկ կատալոնացիների համար ֆուտբոլը արդեն տեւական ժամանակ քաղաքական ինքնարտահայտման գրեթե միակ եղանակն է: Երբ գեներալ Ֆրանկոն նրանց արգելում էր անգամ սեփական լեզվով խոսել, կատալոնացիները գնում էին Բարսելոնայի մարզադաշտ: Միակ վայրը, ուր կարելի էր մայրենիով շփվել՝ առանց Ֆրանկոյի պատժից վախենալու: Այնպես որ, իսպանացիները կարող են համարել, որ իրենք են աշխարհի չեմպիոնը, կատալոնացիները` որ առանց իրենց ներդրման դա անհնար էր: Բայց այս վեճին հասնելու համար առաջիկա կիրակի նրանց կտրվի 90, կամ գուցե 120 րոպե: Կապացուցե՞ն, թող վիճեն:

Ոսկան ՄԱՄԻԿՈՆՅԱՆ