– Պարոն Անտինյան, չնայած խորհրդարանական ընտրություններին դեռեւս բավականին ժամանակ կա, սակայն արդեն իսկ խոսվում է այս կամ այն ձեւաչափով նոր քաղաքական ուժերի ձեւավորման մասին: Ի՞նչ ներքաղաքական վերադասավորումներ կամ զարգացումներ եք տեսնում առաջիկայում:
– Որպես կանոն, եթե մեր ժողովուրդը դժգոհ է լինում գործող իշխանություններից, նայում է հետ, ոչ թե առաջ: Այդ պատճառով էլ պատահական չէ, որ այսօրվա դրությամբ քաղաքական ակտիվությունը շրջանառվում է 3 նախագահների շուրջ: Կապ չունի, որ դեռեւս հստակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է մտնել մեծ քաղաքականություն, կամ էլ նրան սպասարկող ուժեր կան: Բայց բոլորը ենթագիտակցորեն մտածում են, որ իշխանության մեջ կան ուժեր, որոնք կարող են լինել համախոհ հենց նրա հետ, ընդունելով, որ վերջին 10 տարիներին ավելի լավ է եղել վիճակը, քան հիմա: Նրանց պայմանականորեն կարող ենք անվանել Ռոբերտ Քոչարյանի թիմ: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, ասեմ, որ ֆավորիտը միանշանակ չի լինելու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եթե ՀԱԿ-ը պառակտումների չգնա, այլ ընտրություններին մասնակցի այսօրվա` Կոնգրեսի կարգավիճակով, կստանա որոշակի ձայներ: Կոնգրեսը կմտնի խորհրդարան, սակայն վճռորոշ դեր չի ունենա: Նա, ով ժամանակին ձայն է տվել ՀԱԿ-ին, պահանջել է միայն իշխանափոխություն, որը Կոնգրեսը չկարողացավ իրագործել: Իսկ երբ մարդիկ դա արդեն գիտակցում են, պարզ է, որ բացի անհույս նվիրվածներից, ոչ մեկը նրանց կողքին չի մնա: Պարզ է նաեւ այն, որ ՀԱԿ-ի մեջ մտնող որեւէ կուսակցություն ինքնուրույն չի կարող ընտրությունների մասնակցել, որովհետեւ Կոնգրեսը կարողացավ հասնել նրան, որ ի վերջո բոլորը հասկանան, որ ՀԱԿ-ը`դա ընդամենը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Իսկ նրանք, ովքեր նրա կողքին են, պարզապես սպասարկող անձնակազմ են եւ այդ կառույցից դուրս անելիք չունեն:
– Այսինքն, ըստ Ձեզ, ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններն անդե՞մ են:
– Այո, նրանք կշիռ չունեն ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու համար:
– Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կձեւավորվի առաջիկա խորհրդարանը:
– Բավականին ազդեցիկ տեղ կունենան ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Արդեն ասացի, որ կլինի նաեւ ՀԱԿ-ը, բայց զուտ ներկայացուցչական ընդդիմության տեսքով: Կլինեն էլի 2 թիմեր, որոնք կհավակնեն մտնել խորհրդարան. մեկը՝ 2-րդ նախագահի, իսկ մյուսը` 3-րդ նախագահի կողմից: Չնայած ասեմ. ՀՀԿ-ն այսօր հասարակության հետ խնդիր ունի:
Երբ 2007-ին այդ կուսակցությունը ուներ մեծամասնություն, բայց ինքը ստեղծեց կոալիցիոն կուսակցություն, նա խաբեց իր ընտրողներին: Որովհետեւ ընտրողները ձայն էին տվել ՀՀԿ-ին, ոչ թե այն կուսակցություններին, որոնց հետ նա կազմել է կոալիցիա` սինթեզելով նրանց ծրագրերն ու ստեղծելով նոր ծրագրեր:
– Գործող նախագահին սատարող ուժերը թերեւս պարզ են, իսկ ո՞ր կուսակցությունը կսատարի Ռոբերտ Քոչարյանին:
– Պայմանականորեն կասեմ, որովհետեւ արդեն նշեցի, որ 2-րդ նախագահի թիմը դեռեւս ձեւավորված չէ: Կարծում եմ, դա կլինի «Դաշնակցությունը» եւ նրա շուրջ համախմբված կամ նոր ձեւավորվող այլ ուժեր: Ընդհանրապես նրանք, ովքեր դժգոհ են այսօր գործող իշխանությունից, բնական է, որ պետք է որոնեն այնպիսի ուժ, որի կողքին կցանկանան լինել, իսկ այդ ուժն այլեւս հարթակի ընդդիմությունը համարվող ՀԱԿ-ը չէ: Ուրեմն այդ դժգոհողները պետք է փնտրեն նոր մեկին:
– Պարոն Անտինյան, ժամանակին, երբ արտգործնախարար էր Վարդան Օսկանյանը, դուք հայտարարեցիք, որ նա քաղաքականության մեջ պատահական մարդ է, եւ քննադատում էիք նրա գործունեությունը: Ինչպե՞ս եք գնահատում գործող արտգործնախարարի գործունեությունը:
– Արտաքին գործերի նախարարությունն ընդամենը կառույց է, որն իրականացնում է նախագահի հանձնարարությունները, 2 նախարարներն էլ կատարել եւ կատարում են հենց այն, ինչ իրենց ասվում է: Մի անգամ միայն կարելի է պահանջել արտգործնախարարի հրաժարականը, մտածելով, որ գուցե նախագահը տեղյակ չէ, որ իր նախարարը թույլ է, բայց եթե նախագահը չի գնում այդ քայլին, ուրեմն այդ կադրին մեղադրելը ճիշտ չէ: Եթե պահանջում ես, արդեն պետք է պահանջես նախագահի հրաժարականը: Խոսելով այսօր վարվող արտաքին քաղաքականության մասին, ասեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները պարզապես պարտադրված քայլ էր: Այն հերոսություն չէր, ինչպես ասում են իշխանության ներկայացուցիչները, եւ ոչ էլ՝ դավաճանություն, ինչպես պնդում են ընդդիմադիրները: Ու որքան էլ մեր իշխանությունները պնդում են, թե դա իրենց նախաձեռնությունն է, ակնհայտ է, որ դա թելադրված քայլ էր: Հենց այդ պարտադրված քայլն անելիս էլ թույլ տրվեցին որոշակի սխալներ` սկսած ֆուտբոլային դիվանագիտությունից:
– Դուք խոսում եք պարտադրանքներից, ի՞նչ եք կարծում, ԱՄՆ պետքարտուղարի` Հայաստան կատարած այցի ժամանակ եւ՞ս ներկայացվել է պարտադրանք ՀՀ իշխանություններին` հայ-թուրքական եւ ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված:
– Եթե պարտադրանք լինի, ապա արձանագրությունները Թուրքիայի կողմից կվավերացվեն: Եթե Թուրքիան դեռեւս այդ քայլին չի գնում, նշանակում է՝ «ստարտը» տրված չէ: Այս պահին գնդակը ոչ Թուրքիայի դաշտում է, ոչ էլ` Հայաստանի, գնդակը ԱՄՆ նախագահի թեւի տակ է, սուլիչն էլ` բերանին: Խաղը դեռեւս չի սկսվել: Բացի այդ, թե Հայաստանում եւ թե Ադրբեջանում առաջիկայում ընտրություններ են, եւ մտածել, թե ընտրություններից առաջ որեւէ կողմը կգնա զիջումների` ռեալ չէ:
– Մի քանի օր առաջ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասուլիսում ասաց, որ հաճույքով մի գյուղ կնվիրի ադրբեջանցիներին, որպեսզի նրանք իմանան, թե ինչքան մեծահոգի են հայերը: Չէ՞ որ այդ տարածքները զուտ հողակտորներ չեն, դրանք անվտանգության գոտի են: Ինչպե՞ս եք վերաբերվում տարածքները հանձնելու խնդրին:
– Ձեր ասածից հետո պարոն Ստեփանյանն ասաց նաեւ, որ հետո ինքն էլ կգնա ու կապրի այդ գյուղում: Համենայն դեպս, ինձ համար ամբողջ կյանքիս միակ հպարտությունը Հայաստանի քաղաքացի լինելն է: Եվ եթե որոշեի ապրել Հայաստանից դուրս, հաստատ ադրբեջանական գյուղում չէի ապրի: Ինչ վերաբերում է տարածքները հանձնելուն, ասեմ, որ այդ տարածքները անվտանգության գոտի են: Այնտեղ ստեղծվել են շատ լուրջ ամրություններ: Եթե դու այդ ամրություններից հետ ես գալիս եւ կանգնում ես այլ աշխարհագրական գծի վրա, կարող է զրկվես դրանցից: Ասել, որ հանձնենք այդ տարածքները եւ ապա որոշենք Ղարաբաղի կարգավիճակը, նշանակում է` ընդհանրապես ձախողել հետագա գործընթացը: Իսկ եթե հանձնելուց հետո չհամաձայնվեն Ղարաբաղի կարգավիճակին, ի՞նչ պետք է անենք, կռվելու ենք ավելի վա՞տ դիրքերից: Եթե գնում ես այդ քայլին, նշանակում է` դա պարտադրանք է, որպեսզի այդտեղ տեղակայվեն Միացյալ Նահանգների զորքերը: Պետք չէ իզուր փորձել արհեստականորեն ցույց տալ, թե իրենք են որոշում կայացնողը, հետո իրենք իրենց կատարած շուստրիության տակ մնան: Կամ կարգավիճակը պետք է որոշվի հանձնելուն զուգահեռ, կամ` հանձնելուց առաջ:
– Համենայն դեպս տարածքները վերադարձնելու մասին Ադրբեջանի հայտարարություններին հայկական կողմից որեւէ անգամ համարժեք պատասխան չի հնչում: Իլհամ Ալիեւը օրեր առաջ նույնիսկ ժամանակացույց նշեց` 5 տարի:
– Ի՞նչ պատասխանեն, իրենք այսօր չեն կարող ասել՝ մենք չենք զիջի այդ տարածքները, ոչ էլ կարող են ասել` կզիջենք: Հո իրե՞նք չեն որոշում` կզիջեն, թե չեն զիջի: