«Գիտության զարգացման խնդիրները, քիչ թե շատ ժողովրդավարական երկրում, գտնվում են պետության առաջնահերթությունների շարքում եւ նրա կողմից ֆինանսավորվում են ոչ պակաս` ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով: Երկրներ կան, ուր գիտության բյուջեն հասնում է երկրի ՀՆԱ-ի 8 տոկոսը, օրինակ` Իսրայելը: Հայաստանում գիտության ֆինանսավորման չափը կազմում է ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, որն ընդունված չափանիշից փոքր է ավելի քան 10 անգամ: Ի դեպ, ՀՀ բյուջեն կազմում է 2.5 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ եթե հաշվի առնենք նաեւ ստվերային տնտեսությունը, շատ փորձագետների կարծիքով, այն առնվազն կկրկնապատկվի: Իսկ դա Խորհրդային Հայաստանի բյուջեն գերազանցում է առնվազն 2 անգամ: Միեւնույն ժամանակ նորանկախ Հանրապետության կառավարման համակարգի չինովնիկների թիվը առնվազն քառապատկվել է: Ի դեպ, հենց այդ չինովնիկներն են հայ հասարակության ամենաանմրցունակ խավը` իրենց գիտելիքներով եւ բարոյականությամբ: Օրինակ` չկա մի հայ չինովնիկ, ով արտերկրում գործ է գտել իր բնագավառում, իսկ իրենց մասնագիտությամբ աշխատող հայ գիտնականների թիվն արտերկրում շատ մեծ է»: Սա է Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ժամանակակից քվանտային ֆիզիկայի եւ բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման մասնագետ Աշոտ Գեւորգյանի պատասխանն այն չինովնիկներին, ովքեր ամեն կերպ հիմնավորում են` ինչու է պետությունն անուշադիր գիտության եւ գիտնականի հանդեպ:
– Երկրի առաջին դեմքերը, գիտնականների հետ հազվադեպ հանդիպումների ժամանակ, նկատում են, որ աշխարհում գիտությունը վաղուց անցել է ինքնաֆինանսավորման: Որ արդյունավետ աշխատող գիտնականների աշխատանքի շնորհիվ պետք է գումարները հոսեն, ինչպես Առատության եղջյուրից: Դուք նման ձեւով մտածող չինովնիկներին բնութագրում եք որպես «տգետ» կամ «վնասարար»: Չե՞ք կարծում, որ Ձեր գնահատականներում խիստ եք:
– Աշխարհում գիտական ներուժն իրո՛ք մեծ գումարներ է աշխատում: Սակայն պետության առաջնահերթություններից մեկը (բանակին հավասար) գիտության կենսատեւման եւ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Դա հնարավոր է միայն պետական ֆինանսավորման պայմաններում: Դա ոչ մի կերպ չի բացառում մասնավոր եւ այլ կապիտալի ներգրավումը: Անշուշտ, հասարակությունը` որպես գլխավոր հարկատու, իրավասու է սպասել գիտությունից իր տարաբնույթ խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտական մշակումներ եւ տեղեկատվություն: Եթե գիտությունը չի արդարացնում հասարակության սպասելիքները, ապա նրանց դժգոհությունն առաջին հերթին պետք է ուղղվի իշխանություններին, որը տապալում է հասարակության, ազգային անվտանգության համար հույժ կարեւոր ոլորտի արդյունավետ գործունեությունը, մեր դեպքում արդեն` նրա գոյությունը:
– Գիտության գոյությունը վտանգված է, քանի որ մեր գիտնականներին ավելի շուտ հետաքրքրում է լուծել ոչ թե, դիցուք, Պուանկարեի խնդիրը, այլ օրվա հացի խնդիրը:
– Մեր երկրում յուրաքանչյուր գիտաշխատող, որպես կանոն, ստանում է ծայրահեղ ցածր աշխատավարձ: Գիտությունների դոկտորի աշխատավարձը (բազային)` գիտական կոչման հետ միասին, ԳԱԱ համակարգում առձեռն կազմում է մոտավորապես 62.000 դրամ, գիտության թեկնածուի եւ գիտական կոչում չունեցող աշխատակցի աշխատավարձն ավելի քիչ է: Ժամանակակից գիտական սարքավորումներ եւ միջոցներ, լիարժեք գիտական միջավայր չկա: Այսինքն` չկան բավարար որակյալ հետազոտողներ, ովքեր միմյանց աշխատանքները լավ հասկանում են եւ ի վիճակի են միմյանց գրախոսելու: Չկան խորհրդային շրջանում հաճախ տեղի ունեցող մասնագիտական գիտական սեմինարներ: Չկան գիտական հետազոտությունների նորմալ ընթացքի կազմակերպման համար անհրաժեշտ երիտասարդ կադրեր: Ավելի՛ն, իշխանությունների մեղքով արդեն 20 տարի տապալված է գիտական կադրերի պատրաստման գործը: Գիտության զարգացումը, նրա արդյունավետության բարձրացումը էապես պայմանավորված է գիտնականների կենդանի շփումներով` գործուղումներով: Գիտնականների մեծ մասն այդ հնարավորությունը չունի: Մեր գրադարաններում չկա արդիական գիտական գրականություն:
– Երբ գիտությանն ուշադրություն չդարձնելը հիմնավորում են պետության աղքատիկ բյուջեով, գիտնականների անարդյունավետ գործունեությամբ, այնքան էլ տրամաբանական չէ. ի վերջո, մեր պետության համար առանցքային գիտական հաստատությունները ստեղծվել են Երկրորդ համաշխարհայինից առաջ եւ հետո:
– Այո՛, գտնվելով ծայրահեղ վատ վիճակում (սով, համաճարակ, պատերազմ), Առաջին Հանրապետության ղեկավարությունը հասկանում էր կրթության եւ գիտության դերը: Արվեց հնարավորն եւ անհնարը` ազգի ցաքուցրիվ մտավորականությանը հայրենիք վերադարձնելու ու Պետական համալսարան հիմնադրելու գործում: Երկրորդ Հանրապետությունը` ի պատիվ ազգին նվիրյալ առաջնորդների` Մյասնիկյան, Խանջյան, Զարոբյան, Քոչինյան, Դեմիրճյան, ստեղծեցին պայմաններ, որպեսզի առաջանա պետության չափերի համար անհամամասնորեն հզոր գիտություն ու մշակույթ (իր բոլոր թերություններով ու ուռճացվածությամբ հանդերձ), որն էլ դարձավ Հայաստանի աննախադեպ ինդուստրիալիզացիայի եւ որպես հետեւանք` իր բնօրրանում հայկական էթնոսի կտրուկ քանակական աճի հիմք: Օրբելի եղբայրները, Աճառյանը ու Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները, Մերգելյանը ու Սարյանը… ահա ոչ լրիվ ցանկը այն հերոսների, ովքեր ապահովեցին հայ ժողովրդի վերածնունդն ու զարգացումը: Արդյո՞ք մտածել ենք Արցախյան պատերազմում հաղթանակի գործում այս մարդկանց անուղղակի ավանդի մասին: Եվ ընդհանրապես, ի՞նչ եք կարծում, եթե չլիներ հայ մարդու այս տեսակը, կլինե՞ր տարբերություն հայի ու թուրքի, կամ հայի ու Կովկասի թաթարի միջեւ:
– Մի առիթով նկատեցիք, որ «մեր գիտնականների գիտական նվաճումների եւ հասարակությանը նրա տված օգուտների մասին իշխանությունները նենգաբար լռում են, ինչն ունի իր պատճառները»:
– Պատճառները հիմնականում երկուսն են: Առաջինը գողի հոգեբանությունն է: Երբ գողը բռնվելուց հետո տանտիրոջն է գող անվանում: Հենց այդպիսին են Երրորդ Հանրապետության իշխանավորները` ներառյալ՝ երեք նախագահները: Նրանք թալանեցին ժողովրդի 70 տարիների ստեղծած ու կուտակած հարստությունը, իսկ այդ ամենի հեղինակներին` գիտնականներին, մտավորականներին, հայտարարեցին պորտաբույծ, սրիկա, անմրցունակ խավ: 2-րդ Հանրապետության թողած ահռելի հարստությունը` գործարաններ, հիդրոհանգույցներ ու շահագործվող շահութաբեր հանքեր, ավանդներ եւ այլն, օլիգարխների եւ փոքր ու մեծ իշխանավորների ձեռքում է: Այդ խավը իր ծագման պատճառով չունի պետական մտածողություն եւ ամեն կերպ պայքարում է գիտնականների ու գիտության դեմ: Երկրորդ` աշխարհում կան շատ ուժեր, որոնք շահագրգռված չեն Հայաստանի զարգացման մեջ: Նրանք աշխատում են իրենց կողմից երկնած քայքայիչ ծրագրերը իշխանության տարբեր հարթակներում գտնվող իրենց ազդեցության գործակալների միջոցով, որպես «բարեփոխումների» փաթեթներ, ներդնել հատկապես գիտակրթական ոլորտում:
– Իշխանությունները ցածր աշխատավարձը հիմնավորում են նրանով, որ մեր գիտնականները փող չեն բերում երկրին, նրանց գիտական հայտնագործությունները կիրառական նշանակություն չունեն:
– Ցանկացած երկրի գիտություն հիմնականում իրականացնում է երկու գործառույթ.
ա) նոր, մրցունակ գիտելիքների ստեղծում,
բ) այլ երկրներում ստեղծված առաջավոր գիտելիքների յուրացում եւ տեղայնացում: Հաջորդ փուլում, որպես կանոն, գիտնականների, ճարտարագետների եւ բարձր որակավորում ունեցող բանվորական այլ մասնագետների սերտ համագործակցության շնորհիվ` հնարավոր է նոր գիտելիքների վրա հիմնված տեխնոլոգիաների եւ փորձնական սարքավորումների ստեղծում: Եվ վերջապես` վերջին փուլում հնարավոր է նշված տեխնոլոգիաների կամ սարքավորումների առեւտրայնացում, որը ենթադրում է շահույթի ստացում, սակայն դա արդեն գործարարի եւ անհրաժեշտ գործարար միջավայրի խնդիրն է: Նույնիսկ գիտության այսպիսի քայքայված վիճակում հայկական գիտության կողմից կան բազմաթիվ լավ մշակված եւ նույնիսկ փորձարկում անցած ծրագրեր, որոնք կարող են շահութաբեր լինել, բայց չեն ներդրվում:
– Ինչո՞ւ գործարարները միջոցներ չեն ներդնում, եթե Ձեր նշած ծրագրերն իրո՛ք կարող են շահութաբեր լինել:
– Իշխանությունը պարտավոր է գիտության նորմալ գործունեության համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ, ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ, որը կստիպեր գործարարին դուրս գալ ստվերից եւ արտադրությունում կատարել ինովացիաներ, այսինքն` համագործակցել գիտնականի հետ: Սակայն իշխանությունները սերտաճած են ստվերային տնտեսությանը կամ, որ նույնն է` հանցագործ աշխարհի հետ: Տեսեք, մեր գիտնականները Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը առաջարկում են տեխնոլոգիա, որը թույլ կտա տեղում խտանյութից անջատել ռենիումի տարրը, որի մեկ գրամը արժե մոտ $10, իսկ խտանյութի ամեն տոննան պարունակում է 450 գ: Ի՞նչ եք կարծում, ձեռնարկության սեփականատերերը, ում անունները մինչեւ այժմ անհայտ են, կհամաձայնե՞ն այդպիսի տեխնոլոգիայի ներդրմանը, ասենք` շահույթը 1:10 բաժանման պայմաններով, որտեղ 1 մասնաբաժինը կհասնի գիտնականներին: Չեն համաձայնի, որովհետեւ մինչեւ օրս այդ հարստությունը անհայտ քանակությամբ հանրապետության տարածքից դուրս է բերվում անարգել 0 արժեքով` պետության համար եւ իրական արժեքով` տերերի համար: Այլ օրինակ բերեմ: Վերջերս Չինաստանում հայ մասնագետների կողմից շահագործման հանձնվեց «Նաիրիտ-Շանսին» գործարանը, որը քիմիական շատ բարդ արտադրություն է: Ի՞նչ եք կարծում, երբ ՀՀ նախագահը կտրում էր գործարանի բացման ժապավենը, գեթ մեկ վայրկյան մտածե՞ց կամ հասկացա՞վ, թե ինչպես այդ նախագիծն իրականացրեց մեր երկրի նման սահմանափակ հնարավորություններով փոքր երկիրը: Դա հնարավոր դարձավ հայկական գիտական մտքի բազմամյա գործունեության շնորհիվ: Խորհրդային շրջանում հայ միտքը Դյուպոն ֆիրմայի տեխնոլոգիան յուրացրեց ու տեղայնացրեց` ստեղծելով «Նաիրիտը», իսկ հետո արտահանեց այն` որպես «Նաիրիտ-Շանսին»: Ի դեպ, ուզում եմ հետաքրքրվել` «Նաիրիտ-Շանսինի» շահույթների հայկական մասնաբաժնի ո՞ր մասն է ներդրվելու ՀՀ գիտությունը զարգացնելու համար:
– Մեր գիտական ներուժի մասին բավական հպարտորեն եք խոսում: Կարելի՞ է ասել, որ մեր գիտական պոտենցիալը կարող է սպասարկել երկրի համար ստրատեգիական կարեւորության խնդիրներ:
– Միարժե՛ք, եթե գործարկվի տեղի եւ սփյուռքի գիտատեխնիկական ներուժը: Այսօր դե ֆակտո ունենք 43.000 քկմ տարածքով հայրենիք` Արցախ՝ գումարած Հայաստան: Երկրի ջրային ռեսուրսներն ու արեւի էներգիան լիովին բավարար են, որպեսզի զարգացվի, օրինակ, չափազանց արդյունավետ գյուղատնտեսություն, որը կբավարարի ոչ միայն երկրի բնակչության հիմնական պահանջները, այլ կլինի չափազանց շահութաբեր ինդուստրիա արտահանման համար: Բայց տեսեք` ինչ է կատարվում. ամռան կեսը հատեցինք, դրսում 40 աստիճան շոգ է, իսկ տեղական լոլիկի գինը տատանվում է 400-500 դրամի սահմաններում, որը 10 անգամ գերազանցում է այն գնին, որը պետք է լիներ արտադրվող երկրում: Ըստ նորից գիտական վերլուծության` ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը ոչ թե եղանակն է կամ շրջափակումը, այլ կառավարության իրագործած ֆինանսատնտեսական հանցավոր քաղաքականությունը, որը մասսայական սնանկացման է հասցրել հայ գյուղացուն եւ առաջացրել ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթ:
– Տարբեր գնահատականներով` գիտական այն ներուժը, որը ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, պետության կողմից այս վերաբերմունքի պայմաններում կսպառվի 5-6 տարիների ընթացքում:
– Հայաստանի Հանրապետությունը ՀԽՍՀ-ից ստացավ միայն 100.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք գիտական կադրեր: Այս հարստությունը անկախության 20 տարիների ընթացքում էապես մսխվել է: 80-ականներին հասունացավ բավական հզոր գիտական շերտ: Այդ գիտական ներուժը մինչ այժմ որեւէ կերպ ո՛չ արժեւորվել է եւ ո՛չ էլ օգտագործվել է պետության կողմից, բայց հենց նա է միակ կռվանը, որը պայմանների դեպքում կարող է ստեղծել մրցունակ եւ անհրաժեշտ հզորության գիտություն: Սակայն այդ ներուժն, այո, կսպառվի` պայմանավորված տարիքային եւ այլ հանգամանքներով: Խնդիրն այն է, որպեսզի այդ գիտական ներուժը ստեղծի իր արժեքով չզիջող փոխարինող: Երբ, ասենք, երկրորդ Մերգելյան, Համբարձումյան, Ալիխանյան ու Աճառյան դառնալու ցանկությունը կլինի ամեն հայ պատանու նվիրական երազանքը: Մեր հասարակությունը չվրդովվեց, երբ հանճարեղ հայորդուն` Սերգեյ Մերգելյանին հողին հանձնեցին ոչ թե Կոմիտասի անվան Պանթեոնում, այլ Մոսկվայում` առանց ՀՀ կառավարության, ՀՀ ԳԱԱ-ի ներկայացուցիչների:
– Լավ պատկերացնելով իշխանությունների կողմից գիտությանը հայտարարված պատերազմի վտանգները, պիտի որ պատկերացնեք նաեւ այդ անհավասար պատերազմում գիտության հաղթելու հավանականությունը:
– Ես ընդունում եմ մի հայեցակարգ, որը մանրակրկիտ մշակված է ՀՀ ԳԱԱ-ի տարբեր ինստիտուտներում աշխատող մի խումբ գործող գիտնականների կողմից: Չեմ հավատում այն ծրագրերի կենսունակությանը, որոնք կազմվում են գիտության չինովնիկների աշխատասենյակներում` գործող գիտնականներից հեռու: Այսօր ՀՀ-ում իշխանական համակարգը ամբողջովին սպասարկում է օլիգարխիկ շրջանակների շահերը` այն գերադասելով պետական շահից, եւ այս պարագայում ոլորտի ցանկացած բարեփոխում դատապարտված է ձախողման:
– Իշխանություններից բացի` գիտությանը, փաստորեն, սպառնում են նաեւ ոչ գրագետ օլիգարխները, որոնք հասարակությանը պարտադրում են ապրել բարոյականության իրե՛նց ընկալումներով:
– Մեր բարոյական ընկալումները այս 20 տարվա ընթացքում հիմնովին խեղաթյուրվել են ոչ միայն վերեւներում, այլեւ հասարակ ժողովրդի ընկալումներում: Ազգովի ընկել ենք որկորի ազդեցության տակ: Մենք չգիտենք` հանուն ի՞նչ գաղափարների ենք ապրում մեր հայրենիքում: Այս կարգի, այս քանակի ավտոմեքենաներ չկան զարգացած եվրոպական երկրների մայրաքաղաքներում: Սա անբարոյականություն ու անմտություն է: Հասարակությունը պետք է հասկանա, որ բոլորը, անկախ իրենց հարստությունից, այս հողակտորի վրա դեռեւս երկար ժամանակ վտանգված են լինելու: Միակ ելքը հզոր եւ ինքնաբավ պետություն, բազմաքանակ հայ հասարակություն ստեղծելն է: Իսկ դա անելու համար անհրաժեշտ են առաքինի ու բանիմաց, ազգային նպատակների իրագործմանը անմնացորդ նվիրված, քաղաքական հզոր կամքով օժտված իշխանություններ: Սա է բոլոր խնդիրների լուծումը: