Գիտե՞ք, թե որն է ընտրությունների ու օդի ջերմաստիճանի միջեւ նմանությունը: Հայաստանում երկուսի արդյունքներն էլ կեղծվում են: Երկու դեպքերում էլ իրական թիվը կեղծում-թաքցնում են: Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ասուլիս էր տալիս սպասվելիք շոգերի մասին: «Շատ է խոսվում 40-ից բարձր ջերմաստիճանի մասին, սակայն մինչ այժմ մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցել 38,9 աստիճանը»,- ասել է պետի պաշտոնում երկարամյա պաշտոնավարող Զ. Պետրոսյանը: Ապա ավելացրել է, թե հուլիսի 10-ին եւ 11-ին (շաբաթ եւ կիրակի ոչ աշխատանքային օրերին) առավելագույն ջերմաստիճանը` 38-40 աստիճանի սահմաններում է սպասվում: Նա օդի ջերմաստիճանի հնարավոր փոփոխությունների մասին խոսելիս անվերջ նշում էր` «Փորձը ցույց է տալիս, որ…»:
Իսկ ՀՀ-ում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն, ըստ նրա, եղել է 2005թ. հուլիսի 17-ին Մեղրիում` 43,1 աստիճան: Մեր թղթակցի հարցը, թե ինչո՞ւ են թաքցնում իրական պատկերը, եւ ինչո՞ւ 2005թ. հուլիսի 17-ին էլ չէին տեղեկացրել հասարակությանը, չգիտես՝ ինչո՞ւ, նյարդայնացրել է սույն տիկնոջը, որի բանուգործը կարծես թե հենց այդ մասին հասարակությանն իրազեկելն է: «Ես ասուլիսի ժամանակ էլ պատասխանեցի այդ մասին: Եթե Դուք կասկածում եք, կարող եք Ձեր ժուռնալիստիկական հետաքննությունը կազմակերպել, բայց ես ասում եմ` մենք ոչինչ չենք թաքցնում, հիմա Դուք էսօր եկել եք, 5-րդ օրն ա, ես այդ բացատրությունը տալիս եմ, Դուք ասում եք` չի տալիս»,- գոռալով պատասխանել է եւ ցած դրել լսափողը: Մեր հասարակությունը վաղուց արդեն չի վստահում «Հայպետհիդրոմետի» ներկայացրած արդյունքներին, եւ եղանակի տեսությանը հետեւում է միջազգային համապատասխան կայքերի միջոցով: Եվ այսպես, ըստ http://www.worldmeteo.info-ի եւ http://www.weather.com-ի` հուլիսի 10-11-ին Երեւանում կլինի 41 աստիճան շոգ, իսկ հուլիսի 12-ին` 40 աստիճան: Երեկ եւս 40 աստիճան էր:
Ըստ «Շտապօգնության» ծառայության` հուլիսի 1-ից մինչ երեկ գրանցվել էր ուշագնացության 32 դեպք: Իսկ ՀՀ Առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետը խորհուրդ է տվել այս օրերին ժամը 12:00-17:00-ը տանից դուրս չգալ: Հայպետհիդրոմետը պատկերացնո՞ւմ է արդյոք այն վնասի չափը, որ, օրինակ, կրել են կռունկավարները կամ շինարարները, ովքեր ամբողջ օրն անցկացնում են արեւի տակ: Իսկ նրանց ո՞վ պետք է զգուշացնի: Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի` «Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաեւ ծանր ֆիզիկական կամ մտավոր եւ հուզական գերլարված բնույթ կրող կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում»: