7-ամյա Ինգան մարմնի ցավից շառագունում է, երբ մայրը փորձում է պրոթեզե կորսետը հագցնել նրա` մինչեւ գոտկատեղը «ծռված» մարմնին: Բղավում է` «Մա՛մ, մա՛մ, վայ մամա՛, հանի խնդրում եմ, չեմ դիմանում…»: Ինգայի աչքերի մեջ հայտնվում է ալ կարմիր արցունքը, որի հոսելու ճանապարհը նա կամքի ուժով փակում է, որպեսզի անծանոթի մոտ խղճահարություն չառաջացնի: Մայրը Ինգայի ցավոտ «ծկլթոցից» շփոթված` շտապելուց ձեռքերը դողդողացնելով՝ ոչ կարողանում է կորսետը հագցնել, ոչ էլ հանել: Բոլորս, շունչներս պահած, սպասում ենք Ինգայի «ազատագրմանը», բայց ոչ մեկս չենք համարձակվում օգնության ձեռք մեկնել: Պրոթեզե կորսետը չարիքի նման համառ պնդաճակատությամբ «փաթաթվել» է երեխայի մարմնին: Ինգային վարժվելու համար առաջին հայացքից անսովոր այդ սարքը մինչեւ կյանքի վերջ անհրաժեշտ է: Կորսետի հանդեպ ատելության հետ մեկտեղ՝ նա հասկանում է, որ կյանքում կան բաներ, որոնք անկախ իր կամքից` ապրելու համար իրեն այլեւս պարտադրված են: Մայրը` Վալյան, իր անզգույշ արարքի մեղքի զգացումից ատամները սեղմում է` «Վախ, բալես, վախ, վախ, էս ո՞նց ցավացրի»: Կորսետն այնպես է հանում-շպրտում մահճակալի վրա, ասես աղջկա թշնամուն է պատժում… Ինգան, անհավասարակշիռ քայլվածքով, հնարավորինս արագ իրեն դուրս է նետում, որպեսզի բացօթյա, անմարդ տարածության մեջ «ինչ-որ» մեկին հայտնի դժգոհությունն ու ցավը, մի կուշտ լաց լինի: «Ի ծնե հաշմանդամ ա երեխաս: Երբ ծնվեց` մոտը հոդախախտ կար ու ողնաշարի թեքություն: Ինչքան մեծացավ` էնքան ծռվեց: Պրոթեզ ենք դնում, որ շատ չծռվի, բայց ինչքան ժամանակ ա` չենք դնում, որովհետեւ էս կորսետը փոքր ա վրայով: Պիտի ամեն 6 ամիսը մեկ գանք Երեւան, որ ամեն տարիքի հետ նորը տան, մեծանալու հետ կորսետը փոքրանում ա: Էս տարի չկարողացանք գալ, երեխես այ սենց մնաց: Էս փոքրը հագցնում եմ` ցավից ղժում ա, չի դիմանում, իսկ նորը ստանալու համար փող չկա, որ հասնենք Երեւան: Սենց չհագցնելով էլ՝ երեխես լրիվ ծռվում ա»,- ասում է Վալյան: Երիտասարդ այս կնոջ անշարժացած ու կյանքի փայլը կորցրած աչքերը նման են հազարումի պատմությունների թաքստոցի, որոնք տարիներ շարունակ ցանկացել են պատմվել Վալյայի շուրթերով, բայց ինքն իրեն թույլ չի տվել` դա համարելով մարդկային թուլություն: Հիմա 5 երեխաների մայրը մենակ է մնացել իր պատմությունների հետ, փակվել, քարացել է անցյալի պատյանի մեջ: Հինգ երեխաների չարաճճի վազքին այլեւս հետեւում է սառնասրտությամբ ու անտարբերությամբ: Շատ է տառապել… Ինգայի հաշմանդամությունը Վալյայի` հղիության ընթացքում ծանր կենցաղային աշխատանքներ կատարելու հետեւանք է. «Պանելների միջից արմատուրա էի գտնում, որ հացի փող հանեմ, քար էի կրում, քաղհան էի անում, փայտ էի ջարդում, տղամարդու գործեր, ծանր աշխատանք էի կատարում, դրա համար էլ երեխես…»: Վալյան լաց չի լինում, չի էլ հուզվում, նույնքան անկենդան հայացքով բաներ է պատմում, որոնք կամաց-կամաց Վալյայի միջի «ապրողին» են վերակենդանացնում: Հինգ անչափահաս երեխաներին Վալյան ինքնուրույն է ծննդաբերել: Հինգ երեխաները լույս աշխարհ են եկել վագոն-տնակում, որը գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «չոլի» մեջ: Ասում է` «Բոլոր ծննդաբերությունների ժամանակ վագոնում մենակ եմ եղել: Ծնել եմ, պորտալարը ես կտրել եմ, ես մշակել եմ: Էս կյանքում ամեն ինչն էլ ես մենակ եմ արել, բայց մենակ եմ արել ոչ թե նրա համար, որ տենց հաճելի ու լավ ա, այլ, որովհետեւ էս կյանքը, էս կյանքը, որովհետեւ երեւի էս կյանքն ինձ չի սիրում»: Վալյան չի լացում, իսկ աչքերը չարանում են: Վագոն-տնակի մասին խոսելիս դեմքի արտահայտության մեջ հայտնվում է ճիշտ նույն արհամարհանքը, որով շպրտեց Ինգայի կորսետը: Երկրաշարժից հետո Սպիտակի քաղաքապետարանի հատկացրած վագոն-տնակը Ինգայի կորսետի նման «սեղմվել» է Վալյայի բազմանդամ ընտանիքի գլխին: Նույնքան ցավոտ ու նույնքան անտանելի է: Երեխաների լույս աշխարհ գալուց, մեծանալուց հետո վագոն-տնակն էլ Ինգայի պրոթեզի կորսետի պես փոքրացել ու նրանց շնչահեղձ է անում: Սակայն, եթե փոքրիկ աղջկա ֆիզիկական կենսունակությունը հնարավոր է վերականգնել Երեւանի «ԱրԲես» վերականգնողական կենտրոն այցելելով եւ նոր պրոթեզ ստանալով, ապա վագոն-տնակից երբեւէ նորմալ բնակարան տեղափոխվելու հեռանկարը շատ անհավանական է թվում Վալյայի համար: Վագոն-տնակն ամեն եկող տարվա հետ փոքրանում ու մաշեցնում է նրանց: Երկրաշարժից հետո բնակարան ստանալու սպասումը դարձել է 20 տարեկան, սպասումը ծերացել, անկենսունակ է դարձել: Առաջ այդ սպասումը երազանքի պես էր, իսկ հիմա` բնազդ է, որին Վալյան հոգեբանորեն «սպանել» է իր մեջ, բայց պետությունն էդ սպասումը ամեն տարի նորովի թարմացնում, կենդանացնում ու «խցկում է» նրա մեջ: Պետությունը խաղում է, իսկ Վալյայի ընտանիքն ու հատկապես ինքը` աննկարագրելի վիրավոր են, որոնց հետ խաղալն աններելի է: Հարցնում եմ` «Ի՞նչ կցանկանաս ասել իշխանություններին»: Սառած պատասխանում է` «Ամենալավն ու բարին եմ ցանկանում իրանց»: Հարցնում եմ` «Ինչի՞ կարիք ունեք»: Պատասխանում է` «Խղճի խայթի»: Բոլորս լռում ենք, որովհետեւ Վալյան «շրխկացնելով» այլեւս փակել է խոսելու «դռները»:
Վալյայի ավագ որդին` Թաթուլը, զինվորական ծառայությունն անցկացնում է ԼՂՀ Մարտակերտի սահմանային գոտում: Հինգ երեխաներին Վալյան ու ամուսինը` Սերյոժան, խնամում են ուրիշների հողատարածքներում քաղհան անելու ճանապարհով` օրական գումար վաստակելով: Ստանում են 43.500 դրամ ընտանեկան նպաստ: Արդեն երկու շաբաթ է` խմելու ջուր էլ չունեն: Հարցնում եմ` «Ո՞նց եք ապրում»: «Ստիպված»,- պատասխանում է Վալյան: Դպրոցահասակ չորս երեխաներին Վալյան տարել է գիշերօթիկ դպրոց, որպեսզի գոնե այնտեղ երեխաները սնվեն եւ հարմարավետ պայմաններում գիշերեն: Վագոն-տնակի նեղ պայմանները թույլ չեն տալիս երեխաներին տանը պահել: Մի պատճառ էլ կա, որը Վալյային հունից հանել է` «Առաջ նորմալ դպրոց էին գնում, բայց էնտեղից նաեւ գրքերի համար հանեցի: Ամեն տարի գրքերի փողի կռիվ էր. տնօրենը, դասատուն, գրադարանավարուհին ամեն տարի փողի կռիվ էին անում: Չէի կարողանում, ասում էի` ո՞ր մեկինը տամ, «Փարոսից» 43.500 դրամ ստանում՝ հացի պարտք եմ տալիս: Երեխեքս սոված կոտորվում են: Արդեն քանի տարի ա` մենք մենակ նիսյայով հաց ու մակարոն ենք ուտում, արդեն զզվում ենք, բայց էդ ենք կարողանում վերցնենք»: Ամեն օր հաց ու մակարոն ուտող երեխաներն այնքան ընկճված են, որ դժվարանում են հաղորդակցվել: Վալյան որքան խոսում է ծանր պայմաններից, այնքան ագրեսիվ ու անհանդուրժող է դառնում:
Լուսանկարելիս խնդրում եմ, որ բակից հատուկ վագոն-տնակ չմտնող, ամոթից ժամերով դրսում սպասող 11-ամյա Տիգրանին կանչեն: Համառորեն չի գալիս: Ինգան ասում է` «Ասում ա` ամաչում եմ»: Վալյան բարկացած դուրս է գալիս, որ Տիգրանին բերի: Դրսից բղավոց ու աղմուկ է լսվում: Վագոն-տնակի դռան ճեղքից Վալյայի բարկությամբ լի աչքերն են երեւում, մեկ էլ նրա «մկանուտ» ձեռքերից «քաշ ընկած» համարյա լաց լինող Տիգրանը: Վալյան այնքան ջղային է, որ չի նկատում որդուն ցավ պատճառելու իր արարքը. կամ նկատում է, պարզապես նյարդերը տեղի են տվել: Զարմացած ասում եմ` «եթե չի ուզում նկարվել` մի ստիպեք, տանջում եք»: Տիգրանը մոր քար կրած, փայտ ջարդած, փլատակների տակից արմատուրա հանած մկանուտ ձեռքերից մի կերպ դուրս է պրծնում ու փախչում է: Վալյան ներս է մտնում շնչահեղձ լինելով: Հաստատ թեթեւանալ էր ուզում: