Ալիք ստեղծենք, հետո որս անենք

10/07/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«ՌեԱնիմանիա» անիմացիոն 2-րդ միջազգային փառատոնը, հիմնական մրցութային ու արտամրցութային ծրագրերից բացի, նաեւ «Տաղանդների որս» է հայտարարել։ Այդ ծրագիրը հասցեագրված է 18-25 տարեկան երիտասարդներին ու նպատակ ունի անիմացիոն արվեստի դաշտը ակտիվացնել։ Բոլոր ցանկացողները կարող են մինչեւ օգոստոսի 25-ը ներկայացնել իրենց գաղափարները, պորտֆոլիոները, նախագծերը։ Ընդ որում՝ բնավ էլ հարկ չկա ավարտուն պրոյեկտներ ներկայացնել, քանի որ այս մրցութային ծրագիրը հիմնվում է աշխատանքի բաժանման սկզբունքի վրա։ Հայտերը ընդունվում են տարբեր ձեւաչափերով՝ կերպարների, միջավայրի ձեւավորում (ֆոն-նկարիչ), պատկերապատում (կադրերի հաջորդականություն), սցենարական գաղափար։ «Տաղանդների որսը» մի կողմից՝ հայկական անիմացիայի բազա ստեղծելու միտում ունի, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս արդյունավետ կոնտակտներ ստեղծել։ Տարիքային սահմանափակումը «ՌեԱնիմանիայի» կազմակերպիչները հատուկ են շեշտում։ Փառատոնի հիմնադիր, նկարիչ Վրեժ Քասունին վստահ է, որ ավելի մեծ հասակի երիտասարդները սովորաբար արդեն մասնագիտական կողմնորոշում են ունենում, իսկ 18-25 տարեկան երեխաները դեռ որոնումների փուլում են գտնվում ու փորձում են աշխարհում իրենց տեղը գտնել։ Հայաստանը հարուստ է տաղանդավոր նկարիչներով, սակայն նրանց առջեւ (հատկապես՝ ուսանողների) անհրաժեշտ է հեռանկարներ բացել։

«Մտածեցինք, որ եթե հայկական անիմացիան զարգացնել ենք ուզում, ապա պետք է հենց այս ծրագրով սկսենք։ Հայաստանում անիմացիայով զբաղվել ցանկացողներ շատ կան։ Բայց որպես կանոն՝ բոլորս խոսում ենք, խոսում ենք, տարբեր փառատոներ ենք կազմակերպում, հետո այդ ամենը անցնում-գնում է, իսկ ալիք չի ստեղծվում»,- ասում է նա։ Ալիքներ ստեղծելու եւ հետո այդ ալիքների մեջ որս անելու համար շատ բան հարկավոր չէ, պետք է ընդամենը գաղափարներ ունենալ ու պատրաստ լինել այդ գաղափարները մեծ ծով հանել։ Վ.Քասունին նկատում է, որ Հայաստանում ընդունված է անիմացիոն աշխատանք անել՝ հիմնվելով այն սովորույթի վրա, որ գաղափար ունեցող յուրաքանչյուր մարդ փորձում է ինքը նկարել, ինքն էլ՝ ձեւավորել ու ավարտուն տեսքի հասցնել ֆիլմը։ Մինչդեռ պրոֆեսիոնալիզմի գրավականը աշխատանքի ճիշտ բաժանում կատարելու մեջ է։ «Տաղանդների որսը» առիթ կստեղծի տարբեր գաղափարներ ու ունակություններ ունեցող երիտասարդների ներուժը միացնել ու տեղական ու միջազգային անիմացիոն ստուդիաներին առաջարկներ անել։ Որսի արդյունքում կստեղծվի ինֆորմացիոն բազա, որից կօգտվեն բոլորը՝ «գնելով» կերպարներ, գաղափարներ կամ նկարչական ձեռագրեր։ Եթե հաշվի առնենք, որ այսօր աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքը հենց գաղափարն է, ապա «Տաղանդների որս» ծրագիրը կարելի է դիտարկել որպես «գաղափարների շուկա»։ «Սովորաբար մենք դժգոհում ենք, որ անիմացիոն ֆիլմ նկարելու համար գումար չկա, բայց հավատացնում եմ, որ մեր գլխավոր խնդիրը փողը չէ։ Խնդիրը հնարավորություններն են։ Եվ մենք ուզում ենք երիտասարդների համար հնարավորություններ ստեղծել։ Այս ծրագիրը երկկողմանի օգուտ է տալու։ Ստուդիաներին իդեաների ցանկ կտրամադրի, իսկ երիտասարդներին աշխատանք գտնելու շանս կտրվի։ Աշխարհում ընդունված է, որ հենց խոշոր ստուդիաներն են իդեաների ու մասնագետների «որս» հայտարարում, քանի որ շատ լավ հասկանում են, որ անիմացիան անընդհատ զարգանում է, եւ նոր գաղափարներ են պետք»,- ասում է Վ.Քասունին։ «Տաղանդների որս-2010» մրցույթի 5 լավագույն գաղափարներ ներկայացրած երիտասարդներին հնարավորություն կտրվի մասնակցել «ՌեԱնիմանիայի» շրջանակներում անցկացվող վարպետության դասերին, որոնք վարելու են անվանի անիմատորներ ու անիմացիոն ֆիլմերի պրոդյուսերներ Մաքս Հաուրդը, Յոշի Թամուրան ու Ֆրենք Գլեդսթոունը։ Այս վարպետության դասերն արդեն կարող են նպաստավոր դաշտ ստեղծել անիմացիոն ֆիլմերի արտադրության համար, քանի որ հասցեագրվում են միայն հայաստանցի մասնագետներին։ Վարպետության դասընթացները լիամետրաժ անիմացիոն ֆիլմի արտադրության խթան կհանդիսանան։ «ՌեԱնիմանիայի» կազմակերպիչների հավաստմամբ՝ «Տաղանդների որս» մրցույթին մասնակցած եւ 3 րոպեանոց անիմացիոն ֆիլմի (ոչ մանկական) գաղափար ներկայացրած երիտասարդներից լավագույնները հատուկ աջակցություն կստանան պետությունից։ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Ազգային Կինոկենտրոնն ու «ՔասսԱրտ» ստուդիան կօգնեն նրանց ֆիլմ նկարահանել ու ներկայացնել այն «ՌեԱնիմանիա-2011»-ում։ Եվ ո՞վ գիտե, միգուցե հենց այդտեղից էլ կարող է սկիզբ առնել հայկական անիմացիայի «նոր ալիքը»։ Տաղանդավոր մարդկանց պահանջարկ միշտ կա, հիմա առաջարկների հերթն է։ Մեկ էլ տեսար՝ Ստեփանավանի կամ Ստեփանակերտի մի նկարիչ կամ ֆիլմի սցենար ունեցող մի երիտասարդ որոշ ժամանակ անց «Դիսնեյ» կամ «Պիքսար» ստուդիաներից աշխատանքի հրավեր կստանա։