Փոփոխվող կանխատեսումներ

10/07/2010

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ թեեւ այսօր ակտիվ գործողություններ ընդդիմությունը չի անում, «բայց ժողովրդի 90 տոկոսն ընդդիմադիր է, եւ նրանք պահին են սպասում, եւ այն մոտ է, եւ այդ պահը պայթելու է ԼՂՀ հարցով»: Դիտարկմանը, թե դեռեւս 2008թ. նոյեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխատեսում էր, որ դեկտեմբերին շատ վճռորոշ փաստաթուղթ է ստորագրվելու ԼՂՀ հարցում, ինչը, սակայն, տեղի չունեցավ, նա ասել է, թե` արագ փոփոխվող աշխարհում ենք ապրում եւ տարածաշրջանում ցանկացած զարգացում անդրադառնում է նաեւ ՀՀ-ի վրա, եւ այդ համատեքստում կանխատեսման իրականացման ժամկետները կարող են փոփոխվել: Չնայած սրան, նա կարծում է, որ Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն իրականանում են: Նաեւ ասել է, թե բոլորովին վատ չի զգացել, որ ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ում չի հանդիպել ընդդիմության հետ: «Եթե Հիլարի Քլինթոնը հանդիպեր Սերժ Սարգսյանի հետ, հետո էլ՝ ինձ հետ, ես կդառնայի Սահակաշվիլի, իսկ ինձ դա պետք չի, եւ ավելի լավ, որ չհանդիպեց, որովհետեւ դրանք որոշակի կոդեր են եւ որոշակի բաներ են նշանակում»,- ասել է նա` հավելելով, թե ՀԱԿ-ը «դրսի վրա հույս չի դնում» եւ չի ցանկանում գերտերությունների որոշակի շահերը ապահովելու համար «գործիք դառնալ ներսում` իշխանափոխությունը նաեւ ծառայեցնելով այդ շահերի իրականացմանը»: