Աշխարհի ամենահարուստ միապետները

10/07/2010

«Forbes» ամսագիրը հրապարակել է ամենահարուստ միապետների վարկանշային ցուցակը, որը գլխավորում է Թաիլանդի թագավորը: Նա 30 մլրդ դոլար կարողությամբ 67 անգամ ավելի հարուստ է Մեծ Բրիտանիայի Ելիզավետա II թագուհուց: Ընդհանուր առմամբ, մոլորակի ամենահարուստ թագակիր անձինք մեկ տարվա ընթացքում աղքատացել են 10 մլրդ դոլարով: Ընդ որում` թագակիրներն աղքատանում են երկրորդ տարին շարունակ: Ըստ «Forbes»-ի` 15 ամենահարուստ միապետների կարողությունը 12 ամսվա ընթացքում կրճատվել է 9%-ով: Թագավորական գլխավոր անհաջողակի կոչումը ստացել է Դուբայի շեյխը, որի հարստությունը մեկ տարվա ընթացքում կրճատվել է միանգամից 60%-ով: Անշարժ գույքի շուկայում շարունակվող անկման եւ սուվերեն գնանկումների աճող սպառնալիքների հետնապատկերին բոլորը պետք է խնայեն, անգամ Էլիզաբեթ II թագուհին: Ի դեպ, երկրի խորհրդարանը սառեցրել է նրա տարեկան խնայողությունները` 12 մլն դոլար: Բոլոր դեպքերում` թագուհու մասին պետք չէ անհանգստանալ. թեեւ Բուքինգհեմյան պալատը եւ բրիտանական արքունիքի հարստությունները պատկանում են ազգին, սակայն Ելիզավետան անշարժ գույք ունի Անգլիայում եւ Շոտլանդիայում, ինչպես նաեւ՝ թանկարժեք քարեր, դրոշմանիշների հավաքածուներ եւ կերպարվեստի գլուխգործոցներ: Հենց այս ակտիվներն էլ թույլ են տվել նրան պահպանել իր կարողությունը երկրի տնտեսության համար ծանր իրավիճակում: Տարվա ընթացքում անփոփոխ է մնացել ոչ միայն Ելիզավետա թագուհու (ի դեպ, նա ամենեւին էլ վարկանիշի վերին հորիզոնականներում չէ), այլեւ 9 այլ թագակիրների կարողությունը: Բոլոր դեպքերում, մեծահարուստ միապետների ընդհանուր կարողությունը կրճատվել է եւ կազմում է 99 մլրդ դոլար: Երկու տարի առաջ 15 ամենահարուստ թագավորական ընտանիքները 32 մլրդ դոլարով ավելի հարուստ էին: Իսկ թագակիրների կարողության` արդեն երկրորդ տարին շարունակվող կրճատումը հիմնականում պայմանավորված է Արաբական Միացյալ Հանրապետության խնդիրներով, որոնք կապված են անշարժ գույքի շուկայի հետ:

Ի դեպ, ըստ ամսագրի` զարմանալի չէ, որ Դուբայի շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Մակտումը դարձել է տարվա «անհաջողակը». նրա կարողությունը կրճատվել է 7,5 մլրդ դոլարով: «Forbes»-ի տվյալներով` մեկ տարի առաջ նա աղքատացել էր 6 մլրդ դոլարով: Իսկ մեկ այլ էմիրության` Աբու Դաբիի կառավարիչ Խալիֆա բեն Զաիդ ալ Նահայանի կարողությունը նույնպես կրճատվում է երկրորդ տարին շարունակ: Այս անգամ նա կորցրել է 3 մլրդ դոլար` նավթի արտահոսքից ստացվող եկամուտների 40% անկման պայմաններում: Ցուցակը հերթական անգամ գլխավորել է Թաիլանդի թագավոր Պումիոն Ադուլյադետը: Անցյալ տարի 82-ամյա միապետը ստիպված էր պայքարել երկրի քաղաքական անկայունության եւ սեփական առողջական խնդիրների դեմ: Բողոքի ակցիաները եւ կառավարության` դրանց նկատմամբ կոշտ դիրքորոշումը վախեցրել են ներդրողներին եւ զբոսաշրջիկներին: Ու թեեւ տարվա ընթացքում միապետի կարողությունն անփոփոխ է մնացել, սակայն արդյունքում ցնցումները կարող են փոխել իրավիճակը: Վարկանիշի երկրորդ հորիզոնականում սուլթան Բրունեա Հասանալ Բոլկիախն է (կարողությունը` 20 մլրդ դոլար, տարվա ընթացքում մնացել է անփոփոխ): Երրորդ տեղում Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզն է (կարողությունը տարվա ընթացքում 17 մլրդ դոլարից աճել է մինչեւ 18 մլրդ դոլար): Երկրի տնտեսությունը փաստացիորեն չի տուժել ճգնաժամից, իսկ ընթացիկ տարում ակնկալվում է 4% աճ: Չորրորդ հորիզոնականում է հայտնվել նախորդ տարվա «բրոնզակիր», Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխ Խալիֆ բեն Զաիդ ալ Նահայան (կարողությունը տարվա ընթացքում 18 մլրդ դոլարից նվազել է մինչեւ 15 դոլար): Լավագույն հնգյակը եզրափակում է Դուբայի շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ Մակտումը: Ամենահարուստ թագակիրների երկրորդ հնգյակի առաջին տեղում Լիխտենշտեյնի իշխան Հանս-Ադամ II-ն է` 3,5 մլրդ դոլար կարողությամբ, որը տարվա ընթացքում մնացել է անփոփոխ: Ցուցակում Հանս-Ադամ II-ին հաջորդում է Մարոկկոյի թագավոր Մուհամմադ IV-ը` 2,5 մլրդ դոլար կարողությամբ:

Նշենք, որ Կատարի շեյխ Համադ բեն Ջասեմ II-ը տարվա ընթացքում կարողացել է ավելացնել իր կարողությունը` 2 մլրդ դոլարից մինչեւ 2,4 մլրդ դոլար: Միլիարդատերեր թագակիրների վարկանշային ցուցակը եզրափակում է Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը` 1 մլրդ դոլար կարողությամբ: Ի դեպ, աշխարհի տասներորդ ամենահարուստ միապետն արքայազն Քարիմ ալ Հուսեյնին է: Նրան համապատասխանաբար հաջորդում են Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդը, Ելիզավետա II-ը, Քուվեյթի շեյխ Ահմեդ ալ Աբդալլահ աս Սաբահը, Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը: Ցուցակը եզրափակում է Սվազիլենդի թագավոր Մսվաթի III-ը: