Հերքել է

08/07/2010

Երեկ Հայաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ղրղըզստանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Կազարբաեւի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի` հուլիսի 5-ին կայացած նիստում Հայաստանին $600 մլն արտոնյալ վարկի տրամադրման որոշում է կայացվել: Նա ասել էր, որ ներկայում հայկական կողմը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը վարկային միջոցների ստացման համար: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Աստանայում այդ հարցը չի քննարկվել, եւ Հայաստանին վարկային միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշում չի կայացվել: Նշենք, որ ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի ծավալը կազմում է $8,551 մլրդ, որից Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է $7,5 մլրդ, Ղազախստանինը` $1 մլրդ, Բելառուսինը՝ $10 մլն, իսկ Ղրղըզստանի, Տաջիկստանի եւ Հայաստանի մասնակցությունը կազմում է $1մլն: Հիշեցնենք, որ մայիսին հայտարարվել էր, որ Հայաստան-Իրան երկաթուղային նախագծի իրականացման համար Հայաստանը ցանկանում է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից ստանալ $1 մլրդ: