ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ` Հայաստան-ԵԽ հարաբերությունները ճգնաժամային են: «Տպավորությունն այնպիսին է, որ փոքրիկ պատերազմ է սկսվել. հայկական կողմը անվստահություն է հայտնում ԵԽ ԽՎ նախագահին, առանձին պատվիրակների, համազեկուցողներին, եւ այս «պատերազմում» հայկական կողմը հաղթած չի կարող դուրս գալ»,- երեկ ասել է նա: Հ. Հովհաննիսյանի կարծիքով` հիմնական պատճառը, որ Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլումբիեին փոխեցին եւ «նշանակեցին, թեեւ շատ ազնիվ», բայց ադրբեջանանպաստ դիրքորոշում ունեցող Լինդբլանդին, այն է, որ «անընդհատ հայկական կողմը ստում է»: «Հոգնել է ԵԽ-ն Հայաստանից, հիմա ասացին, վերջ. սեւը կասվի սեւ, սպիտակը` սպիտակ: Սրան հասցրին իրավիճակը: Սա Եվրախորհրդի կողմից Հայաստանի հանդեպ խոր անվստահության արդյունք էր»,- ասել է Հովհաննիսյանը: Նա ստեղծված իրավիճակից երեք ելք է տեսնում. «Կամ սառեցնում ենք անդամակցությունը ԵԽ-ին, ինչը շատ բացասական քայլ կլինի, կամ փոխում ենք հայկական պատվիրակության կազմը եւ նոր էջից աշխատում, կամ սկսում ենք իրապես իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները»: