Գլխացավա՞նք

08/07/2010

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ավագ վերլուծաբան Մանվել Սարգսյանի խոսքով` Սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Իլհամ Ալիեւի անսպասելի վերադարձն Ադրբեջան եւ շանտաժի ճանապարհը շարունակելը վկայում է այն մասին, որ այդ երկրի ղեկավարը դժգոհ է մնացել եռակողմ հանդիպումից: Ըստ նրա, սակայն, այդ հանդիպումից հետո Ադրբեջանի ընդվզումը վկայում է, որ այդ երկիրը փորձ արեց գերտերություններին թելադրել իր պայմանները: «Առաջին անգամ գերտերություններն Ադրբեջանին հասկացրին, որ կդիմեն պատժիչ միջոցների»,- ասել է նա: Ըստ Մ. Սարգսյանի` Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների նախորդ եւ այս հայտարարությունների միջեւ էական տարբերություն կա. «Նախկին փաստաթղթում ասվում էր, որ Ադրբեջանի ենթակայությանը պետք է վերադարձնել Ղարաբաղի շրջակա տարածքները։ Այս փաստաթղթում ասվում է, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն: Հայկական կողմը դրան բացասական վերաբերվեց, սակայն դա շատ կարեւոր նրբություն է: Փաստաթղթում գրված չէ, թե ում պետք է վերադարձվեն այդ տարածքները: Իզուր չէր, որ մեր ԱԳՆ-ն Շահումյանը եւ Գետաշենը որպես օկուպացված տարածք մատնացույց արեց»: Ըստ նրա՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունն Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոց էր. «Այդ երկիրն արդեն գլխացավանք է դառնում ամբողջ աշխարհի համար»: