Շարունակենք «Նարնջագույն» հեղափոխությունը

08/10/2005

– Անցած մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայում քաղաքական իրավիճակը կտրուկ
փոխվել է: «Նարնջագույն» հեղափոխությունը գլխավորած կոալիցիան մասնատվել
է, նախագահի դիրքերը թուլացել են:

– «Նարնջագույնների» բանակում տեղի ունեցած մասնատումն, իմ կարծիքով,
մեծագույն սխալ էր, որի արդյունքում մեր երկիրը խիստ կտուժի: Ես իմ կողմից
ամեն ինչ արել եմ, որ մեր թիմը չմասնատվի: Սակայն սխալ կլինի կարծել, թե
իմ եւ Յուշչենկոյի միջեւ ծագած տարաձայնությունները նշանակում են
Ժողովրդավարական հեղափոխության ու մեր իդեալների պարտություն: Ուկրաինան
արմատական փոփոխություններ է կրել: Անցած ձմռանը տեղի ունեցածը
քաղաքականության մեջ ազնվություն ու բարոյականություն բերեց: Իբրեւ դրա
վառ ապացույց` հիշենք, թե ինչպես նախկին պետքարտուղար Ալեքսանդր Զինչենկոն
հրաժարական տվեց՝ իր բողոքը հայտնելով իշխանության վերին օղակներում
ծաղկում ապրող կոռուպցիայի դեմ:

Մարտին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կնշանավորեն կոռուպցիայի եւ կլանայնության դեմ պայքարի երկրորդ փուլը:

– Ի՞նչ կարծիք ունեք նոր ձեւավորված կառավարության մասին:

– Ստիպված եմ արձանագրել, որ դա փաստորեն նույն կառավարությունն է, քանի
որ նախագահն ընդամենը ազատվեց վարչապետից, իսկ կառավարության կազմը մնաց
նույնը: Նոր վարչապետ Եխանուրովը ընկերական հարաբերություններ ունի նախկին
նախագահ Կուչմայի հետ, այդ պատճառով ես կարծում եմ՝ ներկայիս
կառավարությունը մոտ կլինի նախկին ռեժիմին:

– Իսկ Դուք կլինե՞ք նախագահ Յուշչենկոյի եւ նոր կառավարության ընդդիմախոսը:

– Մեր ճանապարհները բաժանվել են, մենք կգնանք զուգահեռ ուղիներով՝
ներկայացնելով քաղաքական երկու տարբեր ուժ: Այդ ուժերը կմրցակցեն իրար
հետ: Ինչ վերաբերում է ինձ, հույս ունեմ, որ իմ գլխավորած խորհրդարանական
խմբակցությունը կկարողանա կառուցողական մոտեցում ցուցաբերել բոլոր, այդ
թվում եւ` ԱՀԿ-ի մեջ մտնելու հարցերում:

– Ներկա կառավարությունը Ձեզ քննադատում է ուռճացրած բյուջեի համար,
մեղադրում պոպուլիզմի մեջ, որովհետեւ Դուք ավելացրել էիք սոցիալական
ծախսերը՝ առանց հաշվի առնելու տնտեսության իրական վիճակը:

– Նախկին նախագահի կողմնակից շատ օլիգարխներ հսկայական միջոցներ ծախսեցին՝
ինձ խանգարելու եւ իմ իմիջը բացասական ներկայացնելու համար: Սակայն մեզ
հաջողվեց առանց հարկերն ավելացնելու նախորդ տարվա համեմատությամբ մոտ
70%-ով մեծացնել բյուջեի եկամուտները՝ ի հաշիվ ստվերային տնտեսության
տեսակարար կշռի կրճատման: Մենք նաեւ բավականին պարզեցրել էինք հողի
առքուվաճառքի գործընթացը. եթե մինչ այդ դրա համար պետք էր ստանալ 73
ստորագրություն եւ կորցնել 3-4 տարի, հիմա հողը կարելի է գնել աճուրդով:
Մենք նաեւ առաջարկել ենք պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման
միանգամայն նոր մեխանիզմներ, որը բացառում է ստվերային բոլոր մեխանիզմները:

– Հենց այդ հարցի շուրջ է Ձեր հասցեին քննադատություն հնչում: Նոր
կառավարությունը մտադիր է կրկին դնել «Կրիվոռոժստալ» մետալուրգիական
կոմբինատի վերասեփականաշնորհման օրինականության հարցը:

– Այդ վերասեփականաշնորհումով մեր կառավարությունը ստեղծեց
սեփականաշնորհման բաց գործընթացի ձեւավորման նախադեպ, սակայն ներկա
կառավարությունը կասկածի տակ է դնում դրա արդյունքները:

– Մտավախություն չունե՞ք արդյոք, որ «նարնջագույն» հեղափոխության
առաջնորդների շարքերում տեղի ունեցած պառակտումը կարող է վատ ազդեցություն
ունենալ Արեւմուտքում Ուկրաինայի իմիջի վրա:

– Շատ կուզենայի, որ այդպես չլիներ: Նման հսկայական պոտենցիալ ունեցող երկրից երես թեքելը մեծ սխալ կլիներ:

– Դուք մի քանի օր անցկացրիք Մոսկվայում, որտեղ Զինվորական
դատախազությունը չեղյալ հայտարարեց Ձեր հանդեպ միջազգային հետախուզում
հայտարարելու իր որոշումը: Ինչպե՞ս Ձեզ դիմավորեցին Ռուսաստանի
մայրաքաղաքում:

– Ինձ ամենուրեք դիմավորում էին բարյացակամ՝ եւ՛ սահմանի վրա, եւ՛
մաքսակետում, եւ՛ օդանավակայանում: Մեզ ուղղակի անհրաժեշտ է Ռուսաստանի
հետ կրկին բարեկամական հարաբերություններ ստեղծել:

– Ռուսաստանի Զինդատախազությունն ամբողջովին հրաժարվե՞լ է Ձեզ հետապնդելու մտադրությունից:

– Իմ այցելության ժամանակ պարզվեց, որ ինձ ներկայացված մեղադրանքների
90%-ն իրականում զուտ ուկրաինական արմատներ ունեին եւ հիմնված էին
զրպարտությունների վրա: Ես ուզում էի ցույց տալ Ուկրաինայի քաղաքացիներին
ու քաղաքական գործիչներին, որ միանգամայն հանգիստ ու առանց խոչընդոտների
կարող եմ մեկնել Ռուսաստան: