Կշարունակեն ծեծեկ ու բռնանալ

08/07/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների, սպառնալիքների, ինչպես նաեւ՝ խոսքի ազատության իրավունքի սահմանափակման դեպքերի վերաբերյալ իր արտահերթ զեկույցը:

Ա. Հարությունյանն ասաց, որ լրագրողների իրավունքների սահմանափակումները հիմնականում ունեն քաղաքական ենթատեքստ, քանի որ դրանց թիվն ավելանում է նախընտրական քարոզչության եւ ընտրությունների փուլում: Իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս նրանք ենթարկվում են բռնությունների, իսկ մեղավորները, որպես կանոն, պատասխանատվության չեն ենթարկվում: Մեզ հետ զրույցում Արմեն Հարությունյանն ասաց, որ մամուլի ասպարեզում տիրող իրավիճակն ընդհանուր առմամբ խիստ մտահոգիչ է: «Հայաստանում լրագրողները բարձր մակարդակով պաշտպանված չեն, նրանց գործունեությունը ռիսկի հետ է կապված»,- ասաց օմբուդսմենն ու նկատեց, որ թեեւ լրագրողները հիմնականում գիտեն իրենց իրավունքների մասին, բայց միշտ չէ, որ դրանք հնարավոր է լինում կիրառել: Ըստ Ա. Հարությունյանի, երկար-բարակ պատճառներ պետք չէ փնտրել. «Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ժողովրդավարական երկիր չենք»: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց այն հիմնական խոչընդոտները, որոնց պարբերաբար առնչվում են լրատվամիջոցները. «Թերթերին ծառայություններ մատուցող ընկերությունները նրանց համար արհեստական խնդիրներ են ստեղծում, կամ թերթի ամբողջ խմբաքանակը կրպակներից գնվում է: Բացի այդ, չնայած Հայաստանում գրաքննությունն արգելված է, սակայն 2008-ի մարտի 1-ից սկսած` շատ լրատվամիջոցներ ենթարկվեցին գրաքննության»: Զեկույցում ներկայացված է լրագրողների հանդեպ բռնության կիրառման մոտ 15 եւ նույնքան էլ` սպառնալիքի դեպք: Սկսած 2002 թվականից, իրենց մասնագիտական գործունեության պատճառով սպանվել կամ ծեծի են ենթարկվել մեկ տասնյակից ավելի լրագրողներ: Մասնավորապես, 2002-ին «Աբովյան» մասնավոր հեռուստաընկերության խմբագրությունում անծանոթ անձանց կողմից ծեծի է ենթարկվել հեռուստաընկերության հիմնադիր ու գործադիր տնօրենը: Դրա համար առիթ էին հանդիսացել քաղաքի առեւտրային կետերից մեկում «չթույլատրված» նկարահանումները: Նույն թվականին սպանվեց հայտնի լրագրող, Հայաստանի հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Մեկ տարի անց, Երեւանում հարձակում տեղի ունեցավ «Օր» օրաթերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանի եւ նրա ամուսնու` «Օր» թերթի տնօրենի վրա: Այս միջադեպի մեղավորները մինչ այսօր հայտնի չեն, իսկ թերթը դադարեցրեց իր գործունեությունը: 2004-ին Կապան քաղաքում բռնություն է գործադրվել «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի, իսկ 2006-ին` «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նկատմամբ: Օմբուդսմենն անդրադարձել է նաեւ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի, «Շանթ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Նվեր Մնացականյանի եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հանդեպ կիրառված բռնության դեպքերին: Շատ լրագրողներ էլ ենթարկվում են բռնության, կամ նրանց սպառնում են` հենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Որպես նման օրինակ, օմբուդսմենը նշեց, որ նախորդ տարի մայիսի 31-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը բռնություն գործադրվեց «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանի, «Հայկական Ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակից Արթուր Հովակիմյանի, «168 Ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանի, «Tert.am» կայքի լրագրող Լիլիթ Թադեւոսյանի եւ «Առավոտ» օրաթերթի թղթակից Նելլի Գրիգորյանի նկատմամբ: Արմեն Հարությունյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ այս լրագրողների նկատմամբ իրավախախտումներ իրականացրած անձանցից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: «Ներկայացված դեպքերը սպառիչ չեն: Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի իրական թիվը շատ ավելի մեծ է: Սակայն, վերլուծելով միայն ներկայացված դեպքերը` գալիս ենք եզրակացության, որ Հայաստանում խոսքի ազատությունը դեռ լիարժեք չի կայացել, լրագրողներն անվտանգ չեն կարող իրականացնել իրենց մասնագիտական պարտականությունները: Բացի լրագրողների նկատմամբ բռնության դեպքերից, Հայաստանում բազմաթիվ են նաեւ լրագրողների իրավունքների այլ խախտումները, որոնք նույնպես խոչընդոտում են երկրում խոսքի ազատության կայացմանը»,- նշեց Ա. Հարությունյանը: Նա չհրապարակեց, թե կոնկրետ որ պաշտոնյան կամ գերատեսչության ղեկավարն է խոչընդոտել որեւէ լրագրողի աշխատանքին, միայն ասաց, որ խնդիրը դիտարկել են գլոբալ, այդ պատճառով էլ կոնկրետ անձանց դեպքերին չեն անդրադարձել: Ըստ Ա. Հարությունյանի` թեեւ նախորդ տարիների համեմատությամբ բռնությունների քանակը նվազել է, սակայն ոլորտում տիրող վիճակը չի բարելավվել. «Խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակը շատ մտահոգիչ է ու պահանջում է անհապաղ միջոցների ձեռնարկում»:

Անցյալ տարի խոսքի ազատության սահմանափակումների հետ կապված օմբուդսմենի գրասենյակը ստացել է 18 դիմում: Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ անհրաժեշտ է մշակել խոսքի ազատության եւ հատկապես լրատվության ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը որոշ չափով կնվազեցնի խոսքի ազատության կայացմանը խոչընդոտող օրենսդրական դրույթների առկայությունը: Չնայած նա փաստեց, որ այդ փոփոխությունները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են. «Պայմանավորված այսօր Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ գործոններով` միեւնույն է, խոսքի ազատության սահմանափակումները չեն վերանա, իսկ լրագրողների հանդեպ կիրառվող բռնություններն էլ չեն նվազի: 1 արտահերթ զեկույցով բոլոր հարցերը չեն լուծվի: Ես հեղափոխական արդյունք չեմ ակնկալում, բայց հույս ունեմ, որ այն շահագրգիռ քննարկման առարկա կդառնա»: