Նոր դաշի՞նք

08/07/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Դեռեւս 2 տարի առաջ, երբ ներկայումս անկուսակցական պատգամավոր Տիգրան Թորոսյանը նախ հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից եւ ապա լքեց Հանրապետական կուսակցության շարքերը, սկսեցին տարբեր լուրեր շրջանառվել նրա հետագա գործունեության վերաբերյալ:

Մասնավորապես խոսվում էր այն մասին, որ Տիգրան Թորոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը պատրաստվում են միասին հիմնել նոր կուսակցություն: Դեռ 2 տարի առաջ Տ. Թորոսյանն ասել էր, որ եթե ժամանակը ցույց տա, որ կան մարդիկ, ում հետ արժե Հայաստանի համար նոր որակի կուսակցություն ստեղծել ու նոր խոսք ասել մեր երկրի քաղաքական կյանքում, ապա ինքը կմտածի այդ ուղղությամբ: Այս եռյակի քաղաքական դաշինքը չկայացավ, քանի որ, որոշ լուրերի համաձայն, նոր կուսակցություն ստեղծելու փոխարեն, Ռոբերտ Քոչարյանը գերադասեց սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այսօր նորից վերսկսվել են քաղաքական նոր դաշինք կամ կուսակցություն ստեղծելու վերաբերյալ խոսակցությունները, սակայն փոքր-ինչ այլ ձեւաչափով: Մեր տեղեկություններով, քաղաքական դաշտում համագործակցության լուրջ քննարկում է ընթանում նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի եւ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի միջեւ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջիններս փորձում են խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծել նոր ընդդիմադիր կուսակցություն, եւ արդեն իսկ ստացել են իշխանությունների հավանությունը: Բանն այն է, որ նորաստեղծ դաշինքը այլընտրանք է լինելու գործող ընդդիմությանը` ՀԱԿ-ին:

Ժամանակին քաղաքական դաշտում բավականին ակտիվ էր նաեւ Սամվել Բաբայանը: Երբ նրա ղեկավարած «Դաշինք» կուսակցությունը միացավ ՀՌԱԿ-ին, վերջինս ակտիվորեն բանակցում էր նախ՝ «Դաշնակցության», իսկ հետո՝ նաեւ «Ժառանգության» հետ` նոր քաղաքական բեւեռ ստեղծելու ուղղությամբ:

Պարոն Բաբայանից փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ են հավաստի նոր կուսակցություն ստեղծելու մասին շրջանառվող լուրերը: Ս. Բաբայանի մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Որեւէ քաղաքական գործչի, այդ թվում՝ նաեւ ձեր կողմից նշված անձանց հետ պարոն Բաբայանը մտադիր չէ ստեղծել նոր կուսակցություն: Նա չի պատրաստվում նաեւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է Ս. Բաբայանի` քաղաքականություն վերադարձին, ապա տեղեկացնենք, որ նա ընդհանրապես չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, քանի որ Հայաստանում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, չի տեսնում»: «Սիվիլիթաս» հիմնադրամի հանրային կապերի համակարգող Աննա Սաղաբալյանն էլ ասաց, որ պարոն Օսկանյանն առաջիկայում նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրություն չունի: Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Վ. Օսկանյանի մասնակցությանը, կամ որեւէ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությանը, ապա Ա. Սաղաբալյանն ասաց. «Մինչ խորհրդարանական ընտրությունները դեռեւս ժամանակ կա, եւ ոչինչ բացառված չէ»: Ի պատասխան նոր քաղաքական դաշինք ստեղծելու վերաբերյալ մեր հարցին, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ ասաց. «Ես նման տեղեկություններ չունեմ, ինձ նման բան հայտնի չէ»: