Ինչպես «նվազեցնել» գործազրկությունը

08/07/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Գործազրկությունը նվազել է։ Ահա այսպիսի վերնագրեր հայտնվեցին լրահոսում մեկ-երկու օր առաջ։

ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էր այդ մասին ավետել լրագրողներին։

«Այս տարվա ընթացքում գրանցվել է գործազրկության մակարդակի նվազում: Այսօր պաշտոնական տվյալները վկայակոչելով, նման հայտարարությամբ հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա, այս տարվա հունվարին գործազրկության մակարդակը կազմել է 7.3 տոկոս, իսկ այսօր այն հավասարվել է 7.1 տոկոսի: «Այդ ցուցանիշը նվազման միտում ունի»,- ասաց փոխնախարարը, հիշեցնելով, որ 2009-ին այդ տոկոսը կազմում էր 6.9»,- գրել են էլեկտրոնային լրատվամիջոցները:

Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ հայ հանրության ուշադրությունը վերջին օրերին կենտրոնացած էր Հիլարի Քլինթոնի այցելության, Երեւանի կենտրոնով նրա զբոսանքի եւ Ծիծեռնակաբերդում դրած ծաղկեպսակի վրայի մակագրության վրա։ Բայց կարծում ենք՝ ոչ մի դատապարտելի բան չկա, երբ հայաստանցիները գլոբալ, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական խնդիրներից բացի, երբեմն անհանգստանում են նաեւ անմիջականորեն իրենց վերաբերող հարցերով։ Օրինակ՝ աշխատանքով։ Ու գեղեցիկ բան չէ, երբ մարդկանց փորձում են համոզել, որ իրենք աշխատում են, պարզապես այդ մասին չգիտեն։

Նախ նշենք, որ կոնկրետ Վարդան Արամյանի դեմ ամենեւին բացասաբար չենք տրամադրված։ Ավելին, երբ մի քանի տարի առաջ «Մարիոթ» հյուրանոցում տնտեսական խնդիրներին նվիրված համաժողով էին կազմակերպել երբեմնի ընդդիմադիր կուսակցությունները եւ «քլնգում» էին Կենտրոնական բանկին՝ դրամի արհեստական արժեւորման համար, ԿԲ-ի կողմից քաջաբար հանդես էր գալիս միայն պրն Արամյանը։ Երեւի ուրիշ ոչ ոք համարձակություն չէր ունեցել թուքումուր ուտելու մի բանի համար, ինչում ուրիշներն են մեղավոր։ Նշենք նաեւ, որ արդեն փոխնախարարի պաշտոնում էլ առիթ ունեցել ենք զրուցել Վ. Արամյանի հետ, եւ կարող ենք ասել, որ բավականին կիրթ, պարկեշտ եւ գործին տիրապետող անձնավորություն է։ Սակայն այս ամենը առավել անհասկանալի է դարձնում նրա հայտարարությունը, քանի որ այն ամենեւին չի համապատասխանում իրականությանը։

Նախ սկսենք նրանից, որ գործազրկության մակարդակը հունվարին կազմել է ոչ թե 7.3%, այլ 7.2%։ Ովքեր չեն հավատում, կարող են բացել Ազգային վիճակագրական ծառայության կայքէջն ու համոզվել։

Երկրորդ՝ անհասկանալի է, թե ինչու է գործազրկության մակարդակը համեմատվում այս տարվա հունվարի, եւ ոչ թե նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի հետ։ Չնայած՝ ինչո՞ւ է անհասկանալի, լա՜վ էլ հիմնավորված է։ Որովհետեւ նախորդ տարվա հետ համեմատելու դեպքում ստիպված պիտի լինեին ասել, որ գործազրկության մակարդակն ավելացել է (2009թ. հունվար-մայիսին գործազրկության մակարդակը եղել է 6.7%)։ Ի դեպ, ԱՎԾ-ն իր մակրոտնտեսական ցուցանիշների ամփոփ նկարագիրը հենց այդ կտրվածքով է ներկայացնում՝ արձանագրելով պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի 1.2% աճ։

Երրորդ։ Սա, թերեւս, ամենալավ օրինակն է, թե ինչպես կարելի է խաղալ թվերի հետ։ Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա մայիսի վերջի դրությամբ մեր հանրապետությունում կա 84.900 գործազուրկ։ Հիմա հիշենք վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի պնդումները, որ գործազրկության մակարդակն այս տարվա ընթացքում նվազել է։ Համեմատությունը, բնականաբար, կատարվում էր այս տարվա հունվար ամսվա հետ։ Այսինքն, տրամաբանությունը հուշում է, որ հունվարին գործազուրկների թիվը պետք է որ ավելի փոքր եղած լիներ, քանի որ առաջընթացի մասին են խոսում։ Սակայն պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ հունվարի վերջի դրությամբ գործազուրկների թիվը եղել է… 84.900։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ գործազուրկների թիվը նույնն է, իսկ գործազրկության մակարդակը նվազել է։

Այդ հարցի պատասխանը երեւում է զբաղվածության մասին պաշտոնական վիճակագրության մյուս ցուցանիշից՝ տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակից։ Հիշեցնենք, որ գործազրկության մակարդակը ցույց է տալիս պաշտոնապես գրանցված գործազուրկների եւ տնտեսապես ակտիվ բնակչության հարաբերակցությունը։ Իսկ տնտեսապես ակտիվ բնակչությունը, ըստ մեր վիճակագիրների, 2010թ. մայիսի վերջի դրությամբ 12%-ով աճել է հունվարի համեմատ` 1169.2 հազարից հասնելով 1184.1 հազարի։ Այսինքն՝ կոտորակի համարիչը մնացել է նույնը, իսկ հայտարարը մեծացել է։ Թվաբանությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ կոտորակն այդ դեպքում փոքրանում է։

Կարծում եմ՝ այսքանը բավարար է ապացուցելու համար, որ «գործազրկության նվազում» ասվածը իրականում ոչ մի բան չի նշանակում, քանի որ գործազուրկների թվաքանակը չի նվազել։ Միգուցե ոմանք մեզ կհանդիմանեն՝ նշելով, որ խոսքը գնում է ընդամենը գործազրկության մակարդակի ցուցանիշի մասին։ Համաձայն ենք։ Սակայն կրկին անդրադառնանք Վ. Արամյանի ասուլիսին։ «Վ. Արամյանի խոսքով, գործազրկության նվազումը պայմանավորված է հակաճգնաժամային միջոցառումների իրականացմամբ, այդ թվում եւ՝ ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմամբ: «Դրանց շնորհիվ մենք ունեցանք 8.8 տոկոս տնտեսական աճ»,- ասաց ֆինանսների փոխնախարարը՝ կարծիք հայտնելով, որ այդ հակաճգնաժամային միջոցառումները դեռ տալու են իրենց արդյունքը»,- գրել է panorama.am-ը:

Փաստորեն, կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունքը եղել է միայն այն, որ բարելավվել են ցուցանիշները։ Չնայած, սա նորություն չէ. մեզանում ցուցանիշները միշտ էլ ավելի են կարեւորվել, քան իրականությունը։

Եվ վերջապես, չի կարելի մոռանալ, որ խոսքը գնում է ընդամենը պաշտոնապես գրանցված գործազուրկների մասին։ Մինչդեռ Հայաստանում աշխատանք չունեցողներից շատ քչերն են գրանցվում «Զբաղվածության պետական ծառայությունում»։ Սա ընդունում են հենց իրենք՝ համապատասխան մարմինների ղեկավարները։ Օրինակ, 2 ամիս առաջ տված իր ասուլիսում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը նշել էր, որ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ անցկացված ուսումնասիրությունների, գործազրկության մակարդակը Հայաստանում 27.5 տոկոս է։ Այնպես որ, չարժե շատ ոգեւորվել, երբ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է 7.2%-ից նվազում մինչեւ 7.1%։ Դա միայն վկայում է այն մասին, որ ոգեւորության ուրիշ, ավելի լուրջ պատճառներ չկան։