«Մադրիդյան սկզբունքների հիման վրա այսօր առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը մասնակցում է այդ բանակցություններին եւ ցուցաբերում կառուցողականություն,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը,- Այսօր համանախագահող երկրները, հնարավոր է, ավելի բաց են արտահայտում իրենց կարծիքները: Ընդգծվում է հետեւյալ կարեւոր պահը. հարցը պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա: Այստեղ կարեւոր սկզբունք է տարածքային ամբողջականությունը: Կա նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Սակայն այդ սկզբունքը չպետք է վնասի երկրի տարածքային ամբողջականությանը` հակասության մեջ մտնելով դրա հետ: Ժողովուրդների ինքնակառավարման եւ ինքնորոշման հնարավորությունները չպետք է խախտեն երկրի տարածքային ամբողջականությունը: Այսպիսին են Հելսինկյան սկզբունքների էությունն ու իմաստը»: Ըստ նրա, համանախագահող երկրները առաջ են քաշել այդ հիմքի վրա մշակված առաջարկներ, եւ Ադրբեջանը որոշակի բացառություններով ընդունում է դրանք: «Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում: Առաջին հերթին, օկուպացիոն ուժերը դուրս են բերվում ԼՂ-ի շուրջ գտնվող բոլոր զբաղեցված տարածքներից: 5 շրջաններ ազատվում են անմիջապես, իսկ 2-ը` Քելբաջարն ու Լաչինը` որոշ ժամանակ անց: Առաջարկությունները նախատեսում են հնգամյա ժամանակաշրջան: Դրա պատճառն այն է, որ Քելբաջարի եւ Լաչինի շրջանները տեղակայված են ԼՂ-ի եւ ՀՀ-ի միջեւ, եւ, ինչ-որ իմաստով, պետք է ձեռնարկվեն այդ շրջաններ ադրբեջանցի բնակչության վերադարձի համար անվտանգության ավելի զանգվածային միջոցներ: Սակայն բոլոր շրջանները վերադառնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ գործում է ճանապարհ, այսինքն՝ միջանցք, եւ Ադրբեջանը համաձայնել է այս առաջարկներին»,- ասել է Ալիեւը: Նաեւ նշել է, որ ԼՂ-ի վարչական սահմանին պետք է տեղակայվեն խաղաղարար ուժեր, որոնք պետք է ներկա գտնվեն այնքան ժամանակ, մինչեւ բոլոր կողմերը կստանձնեն անվտանգության միջոցների ապահովումը: Ալիեւը խոսել է նաեւ ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու մասին. «Օկուպացիայից տուժած բոլոր մարդիկ պետք է վերադառնան հարազատ վայրեր: Սա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, Շուշի, ինչի մասին բաց ասվում է համանախագահող երեք երկրների վերջերս արած հայտարարությունում: Եթե ԼՂՀ հակամարտությունը կարգավորվի այս սկզբունքների հիման վրա, ապա, կարծում եմ, Ադրբեջանի շահերը լիովին կապահովվեն»: Ըստ նրա՝ ժողովրդագրական վիճակը ԼՂ-ում կարճ ժամանակամիջոցում լիովին կապահովի Ադրբեջանի շահերը: «Ադրբեջանցի բնակչության վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Շուշի պետք է պարտադիր լինի։ Երեւի, դրա համար մի քիչ ավելի շատ ժամանակ պահանջվի։ Բայց առանց դրա տվյալ հակամարտությունը չի կարող կարգավորվել, եւ Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնի դրան առավելագույն կարճ ժամանակում»,- ասել է Ալիեւը: Ըստ նրա` եթե Ադրբեջանը տեսնի, որ խաղաղ գործընթացն արդեն սպառել է իրեն, ոչ մի հույս չկա, եւ նախապատվությունը տա ռազմական ճանապարհին, ապա իրենց այդ դիրքորոշումը կլինի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում, քանի որ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածում հստակ նշվում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության բոլոր իրավունքներն ունի: Ալիեւը ասել է նաեւ, որ Ադրբեջանի ներուժը, աշխարհաքաղաքական դիրքը եւ ռազմական ուժը ամրապնդում են երկրի դիրքերը քաղաքական քայլերում: «Այդ պատճառով էլ մենք պետք է դառնանք ավելի ուժեղ: Անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերը: Հարցի խաղաղ լուծման համար մենք պետք է ունենանք ուժեղ բանակ: Այսօր մենք այն ստեղծում ենք»,- ասել է նա: Այդքանից հետո Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանի անկախությանը` ասելով. «Հայաստանի անկախությունը պայմանական բնույթ ունի: Այդ երկիրը չի կարող անկախ համարվել, քանի որ ի զորու չէ վարել անկախ քաղաքականություն, կառավարվում է այլ շրջանակների կամքով, չունի անկախ տնտեսական քաղաքականություն: Ամբողջ ենթակառուցվածքը, բոլոր ռազմավարական օբյեկտները գտնվում են այլ երկրների ձեռքում: Բնակչությունը կրճատվում է, առաջացել է ժողովրդագրական եւ տնտեսական ճգնաժամ: Եթե նախորդ ճգնաժամային տարում նրանց արտասահմանից օգնություն չտրամադրվեր, ապա երկիրն ամբողջությամբ կքանդվեր: Մինչեւ ե՞րբ են նրանք ապրելու արտասահմանյան նվիրատվությունների հաշվին»: Ըստ նրա՝ ՀՀ-ում կարծում են, որ ժամանակի հետ իրենց դիրքերն ամրապնդվում են: «Դա թյուր մոտեցում է: Նրանց դիրքերը բոլոր ոլորտներում թուլանում են: Պարզապես աշխարհի հայության ուժեղ դիրքերն են ապահովում այսօրվա ստատուս-քվոյի պահպանումը: Դեռ ապահովում են: Բայց ստատուս-քվոն չի կարող հավերժ, երկարաժամկետ լինել»,- ասել է Ալիեւը: Նա նշել է, որ գոյություն ունի հրադադարի ռեժիմ, բայց այսօր ԼՂ-ում չկան խաղաղարար ուժեր, այլ կան հայ եւ ադրբեջանցի զինվորներ. «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այնտեղ տեղի չեն ունենա տհաճ դեպքեր»: «Նախկինում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ուներ ռազմական հավասարակշռություն, բայց այսօր նման հավասարակշռություն չկա, եւ ադրբեջանցիները դա լավ գիտեն»:
Ալիեւի հայտարարությանը երեկ արձագանքել է ՀՀ արտգործնախարարությունը: «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը ս.թ. հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Փորձելով հետ կանգնել Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից` Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարվում` վերաձեւել պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը եւ միջազգային իրավունքը: Չնայած Բաքվի հուսահատ ճիգերին` Պրահյան գործընթացը Պրահյան է, այլ ոչ թե Բաքվի, Մադրիդյան առաջարկությունները Մադրիդյան են` ոչ թե Բաքվի առաջարկություններ, իսկ ԼՂՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիան Ադրբեջանի ագրեսիան է: ԼՂ ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Դասեր չքաղելով իրական պատմությունից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով եւ ավանտյուրաներով: Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարեւոր հանդիպումից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը: Կառուցողականությունը հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների եւ սպառնալիքների վրա»,- ասել է նա։