Հայաստանը պետք է հետեւություններ անի

08/07/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Հայաստանից ստացված գործերի մեծ մասի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռը կայացնում է մեր երկրի դեմ եւ դիմողի օգտին: Ինչպե՞ս եք բացատրում այդ հանգամանքը:

– Չեմ կարող ասել, թե մեծ մասամբ հօգուտ դիմողի է վճիռը կայացվում, որովհետեւ, եթե այդպիսիք 26-ն են, ապա 428 գործով դիմումն անընդունելի է համարվել: ՀՀ-ի անդամագրման պահից` 2002թ.-ից, 850 դիմում է մուտքագրվել, որոնցից 417-ը 3 դատավորից բաղկացած կոմիտեն անընդունելի է համարել՝ որպես ակնհայտ անընդունելի գործեր: Շուրջ 210 գործ սպասում է քննության, որոնցից 100-ը պալատի քննությանը ենթակա գործեր են, մնացածները դեռեւս կքննարկվեն միանձնյա դատավորի կողմից, հետո պարզ կլինի` դրանք անընդունելի՞ կհամարվեն, թե՞ հետագա ընթացք կստանան:

– Բայց ընդունված վճիռների գերակշիռ մասի դեպքում ՄԻԵԴ-ը ՀՀ-ի դեմ է կայացրել վճիռը:

– Դա նշանակում է, որ դատարան քննության են ընդունվում այն գործերը, որոնցով տեսնում են, որ իսկապես խնդիր կա։

– «Ա1+»-ի դեպքում նույնպես ՄԻԵԴ-ը ՀՀ-ի դեմ վճիռ կայացրեց, բայց այն ըստ էության չի իրականացվել:

– Ես չեմ կարող ասել, թե ինչը չի կատարվել, որովհետեւ Նախարարների կոմիտեն է քննարկում, թե ինչ վիճակում է վճռի կատարումը, ինչը կատարվել է, ինչը` ոչ: Այսինքն՝ վճռի կատարումն ավարտված է համարվում, երբ ձեռնարկվել են ընդհանուր միջոցներ եւ անհատական միջոցներ: Քանի որ վճռի կատարումը դատարանի իրավազորության հարցը չէ, ես այսօր հնարավորություն չունեմ պատասխանել, թե ինչն է կատարվել, ինչը` ոչ: Այս հարցին կարող է պատասխանել ՄԻ եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համապատասխան բաժինը:

– ՀՀ իշխանություններն ի՞նչ հետեւություններ պետք է անեն Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռներից:

– Հայաստանը պետք է այդ վճիռներից հետեւություն անի, որ, եթե անհրաժեշտ է, համապատասխան ինստիտուցիոնալ եւ օրենսդիր փոփոխություններ կատարվեն:

– Ամեն տարի ՀՀ դատական, օրենսդիր եւ ընդհանրապես իրավապահ համակարգում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, սակայն դրանից վիճակը չի բարելավվում:

– Ուրեմն անհրաժեշտ ուսուցում է պետք իրականացնել, անհրաժեշտ մոտեցում է պետք ցուցաբերել համապատասխան կադրերի ընտրությանը: Այսինքն՝ դրանք բավականին ընդհանուր խնդիրներ են, որոնց դեպքում որոշակի բարեփոխումներ են անհրաժեշտ: Եթե տեսնում ենք, որ սայլը տեղից չի շարժվում, ինչ-որ մի բան պետք է անել թե օրենսդրական, թե իրավակիրառ պրակտիկայում: Որովհետեւ ԵԴ-ի կողմից կայացված վճիռները համենայնդեպս հիմնականում ցույց են տալիս, որ շատ հաճախ խախտման պատճառը օրենսդրական բացն է:

– Տեղեկություններ կան, որ Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի գործերի համար ՄԻԵԴ-ը որոշ փաստաթղթեր է պահանջել Հայաստանից: Ի՞նչ վիճակում է այս գործիչների գործերի քննությունը Եվրոպական դատարանում:

– Քանի դեռ գործը չի մտել պալատ, դատավորը որեւէ պատկերացում դրանց մասին չունի եւ որեւէ կարծիք չի կարող հայտնել:

– Մուշեղ Սաղաթելյանի գործի դեպքում էլ փաստաբանները հայտարարեցին, որ ՄԻԵԴ-ում կամ մինչեւ ՄԻԵԴ հասնելու ճանապարհին գործից որոշ փաստաթղթեր են անհետացել:

– Եվրոպական դատարանում որեւէ փաստաթղթի կորուստը բացառվում է: Ես խորհուրդ եմ դալիս դիմողներին իրենց փաստաթղթերը ներկայացնել համարակալված եւ էջակալված: Եթե նման կասկածներ ունեն, իրենց իսկ կասկածները փարատելու համար դրանք ներկայացնել համարակալված:

– Եվրոպական դատարանում ազգային դատավորը ի՞նչ չափով կամ ի՞նչ մասնակցություն է ունենում իր երկրից եկած գործերի քննությանը:

– Ազգային դատավորի մասնակցությունը հիմնականում կայանում է նրանում, որ իր գործընկերներին տեղեկացնում է ազգային օրենսդրության վերաբերյալ տվյալ հարցի հասարակական համապատասխան արձագանքներին, ներկայացնում է հասարակության վերաբերմունքը տվյալ հարցի վերաբերյալ: Այսինքն՝ տեղեկացնում է, երկրում իրավիճակի վերաբերյալ պատկերացում է տալիս իր գործընկերներին: Եվ օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան է ներկայացնում: Ներկայացնում է, թե ինչպիսին է դատարանների պրակտիկան իր երկրում:

– Ազգային դատավորի ներկայացրած այդ տեղեկատվությունը ՄԻԵԴ-ի վճռի կայացման դեպքում որքանո՞վ նշանակություն ունի: Միգուցե ազգային դատավորը տվյալ գործի դեպքում կողմնակալ վերաբերմունք է ներկայացնում:

– Ազգային դատավորը չի ցանկանա իր հեղինակությունը կասկածի տակ դնող քայլեր անել, հակառակ դեպքում դատարանում նրա նկատմամբ վստահությունը կվտանգվի: Իսկ ընդհանուր առմամբ, նայած, թե հարցն ինչին է վերաբերում: Եթե հարցը վերաբերում է օրենսդրական բացին, ապա, բնականաբար նրան հարցնում են, թե իր երկրում օրենսդրությունն ինչպես է կարգավորում այդ խնդիրը: Կամ` չկա օրենքը, որը կարգավորում է, ուրեմն օրենքով չի կարգավորվում: Իսկ եթե դրա կարգավորման համար եվրոպական կոնվենցիան գտնում է, որ իրավունքի սահմանափակում պետք է նախատեսված լինի օրենքով, բայց ազգային դատավորն ասում է, որ մենք այդպիսի օրենք չունենք, կամ օրենքն այսպիսին է, որից երեւում է, որ այն հստակ չէ կամ հասանելի չէ քաղաքացուն, բնականաբար, սա բավարար է, որ խախտման վերաբերյալ եզրակացության գան:

– ՀՀ-ի դեմ ընդունված վճիռների դեպքում Դուք դրանց կո՞ղմ, թե՞ դեմ եք քվեարկել:

– Ես բոլոր դեպքում էլ վճռի օգտին եմ քվեարկել: Այսինքն՝ 25 վճիռ է կայացվել ՀՀ-ի դեմ, որոնցից, հավանաբար, միայն 2-3-ն է, որ կայացվել է ձայների մեծամասնությամբ, եւ ես եղել եմ մեծամասնության մեջ:

– Իսկ Հայաստանից եկած դիմումները հիմնականում ի՞նչ բնույթի են լինում: ՀՀ քաղաքացիներն ավելի շատ իրենց ո՞ր իրավունքի խախտումն են վիճարկում Եվրոպական դատարանում:

– Դժվար է պատասխանել, բայց ՀՀ-ի դեմ կայացված առաջին խումբ վճիռները վերաբերում էին վարչական պատասխանատվությանը` կապված հավաքների, ժողովների, ազատ ցույցերի իրավունքին: Այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11 հոդվածի խախտումներ էին: Դրանք հիմնական խախտումներն էին, բայց այդ նույն գործերով տեղի էր ունեցել նաեւ արդար դատաքննության իրավունքի խախտում, երբ ձերբակալված անձը համապատասխան ժամանակ եւ հնարավորություններ չէր ունեցել իր պաշտպանությունը կազմակերպելու համար: Երկրորդ խումբ գործերը վերաբերում են սեփականության իրավունքի խախտումներին, այսինքն՝ հողը պետական կարիքների, հասարակական կարիքների համար վերցնելու դեպքում օրենսդրության որոշակի հստակություն գոյություն չուներ, եւ դրա պատճառով խախտումներ գտնվեցին նաեւ այդ գործերում: Մյուս խումբ գործերը հիմնականում կապված են դատավարական իրավունքների հետ, այսինքն՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման հետ կապված գործեր են: Մի դեպքում դա քննությանը խորթ միջոցներով ձեռք բերված ապացույցների օգտագործում էր, մեկ այլ գործով անձանց համապատասխան ծանուցում չուղարկելով` նրանց բացակայությամբ գործը քննելու պատճառով էր: Ցավոք, ունենք նաեւ մեկ այլ խումբ գործեր, որոնք վերաբերում են կալանավայրերում մարդու նկատմամբ անմարդկային պայմանների, վերաբերմունքի դրսեւորմանը: