8-ամյա Նարեկի՝ երկնքի նման պարզ, կապույտ աչքերի մեջ էնքան կարոտ կա, որ մորը տեսնելու երջանկությունից Նարեկը շփոթվում է: Ամեն ինչ կտար, որ մշտապես մոր կողքին լիներ, բայց Նարեկի կյանքն այնպես է դասավորվել, որ ծնողներին տեսնում է շաբաթվա մեջ երկու օր` հանգստյան օրերին: Մորը տեսնելու համար տրված ժամանակը` երկու օրը, Նարեկի համար ակնթարթի պես է անցնում, եւ նա երազում է այդ ակնթարթը հավերժացնելու մասին: Երբ մորից հեռանում է` իրեն դժբախտ ու անօգնական է զգում, բայցեւ հասկանում է, որ այդպես է պետք: Նարեկը բացարձակ գերազանց գնահատականներով է սովորում, բայց քանի որ «տանը» քնելու տեղ չկա` ստիպված երկու քույրերի հետ գիշերօթիկ դպրոց է հաճախում: «Չեմ ուզում գիշերօթիկ դպրոցում մնամ: Ես կարամ չքնեմ, արթուն մնամ, մենակ թե` մամայիցս հեռու չլինեմ»,- ասում է Նարեկն ու այլեւս բերանը «կողպում» է` համարելով, որ իր կյանքի ամենաանլուծելի խնդրի մասին արդեն բավարար խոսել է: 6 երեխաների մայր Նարինե Եղիազարյանը Սպիտակ քաղաքի բնակիչ է, ով երկրաշարժից հետո արդեն 20 տարի` ապրում է մի անտանելի վագոն-տնակում, որի պայմանների մասին նկարագրություններն անզոր են իրավիճակը ճիշտ ներկայացնելու համար: Վագոն-տնակում երկու մահճակալ կա, որից մեկին քնում են ամուսիններն, իսկ մյուսին` 6 երեխաները: Ավագ որդին` Նորիկը, զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել է Սպիտակ եւ այս անգամ չի հաշտվել քույրերի ու եղբոր հետ միեւնույն մահճակալին քնելու փաստի հետ։ «Երեխես գլուխն առավ, գնաց Ռուսաստան»,- ասում է մայրը: 19-ամյա Մարիաննան նույնպես հասկանում է, որ անթույլատրելի է 6 հոգով մի մահճակալի վրա քնելը, բայց լռում է` ամաչելով նույնիսկ այդ մասին խոսել: Նարինեի 6 երեխաներից որեւէ մեկը երբեք Երեւանում չի եղել, որովհետեւ իրենց վագոն-տնակի հոգսերի տարածությունը փակել է այն սահմանը, որից այն կողմ կյանք, հետաքրքրություն ու որեւէ զարգացում կա: Մարիաննան ասում է` «Քաղաքում չեմ եղել. ո՞նց մտածես մի բանի մասին, որը չի լինելու: Հետո մենք էնքան դժվար ենք ապրում, որ նման բաների մասին երազելն ավելորդ ա»: Մարիաննան աշխատում է «սիրտը շատ չբացել», որովհետեւ աչքը վիրահատված է, չի կարելի նյարդայնանալ: Նարինեն ասում է` «Երեխուս մոտ շատ չեմ ուզում նեղվածությունս ցույց տամ, ինքը շատ-շատ ա տառապում: Ախր ջահել երեխա ա, բայց ամբողջ տան հոգսն իրա վրա ա: Իմ երեխեքին ինքն ա պահում»: Նարինեն, այնուամենայնիվ, չի կարողանում զսպել հուզմունքը, լաց է լինում: Թեեւ Մարիաննայից փորձում է թաքցնել հայացքը` այդուհանդերձ, չի ստացվում: Ասում է` «Ախր գիտե՞ս՝ ես ինչերի միջով եմ անցել, ի՞նչ ապրումներ եմ ունեցել: Մենք հոգեպես ջարդված մարդիկ ենք, իսկ հիմա էս վագոնային պայմաններն է՛լ ավելի են մեզ մաշում»: Երկրաշարժի օրը Նարինեն նորածնի հետ հիվանդանոցում է եղել: Երբ այդ օրը հողը սկսել է մարդկանց ոտքերի տակից փախչել` հիվանդանոցում ցնցումից ցայտնոտի մեջ հայտնված Նարինեն չի էլ զգացել, թե ինչպես է գրկել երեխային ու անգիտակից վիճակում հիվանդանոցից փախել: Երբ վերհիշում է այդ ապրումները` սկսում է կմկմալ. «Էդ, էդ, էդ, ախր էդ բաներն ասելու չի: Էդ բաներից շատերը խելագարվեցին: Ես մեռելների վրայով փախչում էի, տեսնում էի՝ ոնց ա գետինը ճաքում, ու մարդիկ ընկնում են մեջը: Էդ, ախր էդ հրեշավոր բան ա: Ախր աչքիդ առաջ մարդն անհետանում էր փլատակի տակ: Էդ պատմելու չի, էդ սարսափ, վախենալու, սոսկալի բան ա: Ես շատ եմ տանջվել, չես էլ պատկերացնի՝ ոնց եմ տանջվել»: Նորածնի հետ հիվանդանոցից փախչելուց հետո Նարինեն որոշ ժամանակ անց կորցրել է երեխային: Փոքրիկը ցրտահարվել, մահացել է: Նարինեենց սեփական տունը, որի տարածքում այժմ վագոն-տնակն է` անցել է գետնի տակ: Տարիներն անցել են, բայց ցրտահարված երեխայի հիշողությունը մինչ օրս հարմար տեղավորված է Նարինեի ներկայի մեջ: Չի կարողանում ինքն իրեն ներել: Երեխային փրկել չկարողանալու բարդույթից չի ազատվել անգամ 6 երեխա լույս աշխարհ բերելուց հետո: Նարինեի սրտում բոլոր 6 երեխաներն իրենց տեղն ունեն, բայց մի տարածք կա, որը սեւ խոռոչի նման բաց վերք է, ու երբեք ոչինչ չի կարող մեղմել ցավն ու բացը լրացնել: Ասում է` «Հասկանո՞ւմ ես, մենք հոգով վիրավոր ենք: Հիմա էս պայմանների մեջ ապրելով` հաճախ թվում ա, որ երկրաշարժի էդ տագնապը շարունակվում ա: Օրինակ` ես չեմ կարում գնամ շենքում ապրող մեկի տուն, վախենում եմ: Մի րոպե չեմ կարա մնամ բարձր տեղում, ինձ թվում ա` հես ա կցնցվի երկիրն ու կանցնեմ գետնի տակ: Վախեր կան, որ մեր հետ, մեր մեջ ապրում են: Փառք Աստծո, որ երեխեքս չեն տեսել էդ ամեն ինչը, բայց իրանք չեն հասկանում: Մեկ-մեկ սիրտս պայթում ա, նստում հոնգուր-հոնգուր լաց եմ լինում, ասում եմ` ինձ մի մեղադրեք, երեխեք, էլ չեմ դիմանում»:
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան 39 վագոն-տնակում ապրող Նարինեի ընտանիքը թեեւ թշվառության մեջ է, այդուհանդերձ, աշխատասեր ու օրինակելի է: Ամուսինը հովիվ է. առավոտից իրիկուն անասուններին սարերում պահելով է գումար վաստակում: Մեկ էլ ապրում են 43.000 դրամ ընտանեկան նպաստով: Որպես բազմազավակ ընտանիք, բնականաբար, չունեն արտոնյալ կարգավիճակ: Նարինեն ասում է` «Մեռանք նամակներ-դիմումներ գրելով, որ բնակարանի հարցում ընդառաջեն. ախր էլ հնարավոր չի, էլ չենք դիմանում: Հանրապետության նախագահին էլ եմ գրել, Լոռու մարզպետին, Սպիտակի նախկին ու ներկա քաղաքապետերին էլ եմ գրել, ներկայացրել եմ մեր ծանր վիճակը, բայց… Իրանք նման բաները չեն էլ պատկերացնում, չեն հասկանում, թե մարդը ո՞նց կարա վագոնում ապրի, էն էլ՝ 8 հոգով: Քաղաքապետն ասում ա՝ բնակարանային ֆոնդ չունենք, պիտի բնակելի շենքերի բնակիչներին ապահովենք, որից հետո նոր սեփական տներինը: Ասում եմ` լավ, եթե հնարավոր չի փոխհատուցում` գոնե շինանյութով օգնեք, մենք մեր տարածքում չորս պատ սարքենք` ապրենք: Ասում եմ` գոնե էս դոմիկին կից շարունակություն գցենք, որ երեխեքս կարենան շարժվեն, էլ հնարավոր չի: Ոչ ոք չի հասկանում ու չի աջակցում: «Վիվա Սելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանին էլ եմ նամակ գրել, դեռ չի պատասխանել: Ասում են` ինքը սիրում ա անակնկալ անել: Ես էլ ընկել եմ երազանքների գիրկը, ասում եմ` Աստված մեծ ա, կարող ա մի օր դուռս բացվի, ու Յիրիկյանը հայտնվի…»: Հետո Նարինեն ինձ ջերմ գրկում ու համբուրում է: Ասում է` «Սիրում եմ, որ պաշտոնով մարդիկ սենց հասարակ են լինում, չեն վախենում, ամաչում աղքատ մարդու տուն գնալուց: Եթե Երեւանից հասել ես ստեղ, ուրեմն` Աստված մեր համար մի դուռ բացում ա»: Ծիծաղելով ասում եմ` «Ես պաշտոն չունեմ»: «Հաաա,- ասում է,- որ պաշտոն ունենայիր` իրանց պես մեր դուռը չէիր բացի, չէ՞: Ի՞նչ կլինի, որ մեր պաշտոնով մարդիկ մեկ-մեկ գան մեր դռները ծեծեն ու իրանց աչքով տեսնեն մեր վիճակը»: «Եսի՞մ»,- պատասխանում եմ:
Մի քանի մետրանոց վագոն-տնակը միաժամանակ եւ ննջասենյակ, եւ հյուրասենյակ, եւ խոհանոց, եւ լոգարան է: Հարցնում եմ` «Էս նեղվածքի մեջ ո՞նց եք 6 երեխա պահում»: «Ակուրատնի»,- պատասխանում է Նարինեն` չգտնելով այն բառերը, որով կարող է հարցի պատասխանը նկարագրել: «Ինձ համար լաց ա մեր վիճակը: Ախր տղես ամուսնացնելու տարիքում ա, աղջիկս էլ հես ա պիտի ամուսնանա, բայց ես ո՞նց մեկին բերեմ վագոն, ասեմ՝ արի մի ձեւի տեղավորվի: Քնելու տեղ չլինելու պատճառով ստիպված երեք երեխեքիս տվեցի գիշերօթիկ, որ գոնե համ իրանք հանգիստ քնեն, համ էլ էստեղ տեղավորվեն: Նարեկս ամեն անգամ գնալուց սթրես ա ապրում, առանց ինձ չի դիմանում: Դասատուն ասում ա` աչքին չերեւաս, դպրոց չգաս: Դպրոց ուղարկելուց հետո լացում ա, մինչեւ շաբաթ-կիրակի: Գալիս ա տուն, էնքան ա պաչում, պաչում, կատվի պես լպստում, որ սիրտս կտոր-կտոր ա լինում, բայց ի՞նչ անեմ, երեխիս զոռով ինձնից հեռացնում եմ: Գալիս են տուն ու էդ երկու օրը գիշերները մեր տանը պատերազմ ա: Մեկ էլ լսում ես քնած տեղը` ախչի, ոտդ էն կողմ տար, էն մյուսը՝ գլխիդ տեղը փոխի, ձեռքդ քաշի վրայիցս…»:
Նարինեի 6 երեխաները ծնվել են այս վագոն-տնակում, որի ներսում շատ մաքուր, կոկիկ է: Մինչեւ այսօր նրանց համար ծնողները հագուստ չեն գնել, որովհետեւ Նարինեն իր ձեռքերով է կարում երեխաների շորերը: Սպիտակ քաղաքում ապրող այս ընտանիքն ասես ինքնիշխան «պետություն» լինի, որտեղ հացը թխում են սեփական ձեռքերով, հագուստը կարում են սեփական ձեռքերով, սնվում են սեփական ձեռքերով մշակած հողամասի բերքով եւ ապրում են սեփական ուժերին հավատալու սկզբունքով: Մի բան կա, որի դեպքում չեն հավատում սեփական ուժերին` երբեւէ տուն ունենալու երազանքն է: Վագոն-տնակում ապրող փոքրիկ Նարեկը երջանիկ է անգամ այս անտանելի պայմաններում: Նրա համար մի բան կա աշխարհում, որից սարսափում է` երկուշաբթին… Երկուշաբթին սիրում է Նարեկին, իսկ նա` ատում է…