Իլհամ Ալիեւը կորցրել է ադեկվատության զգացումը եւ ճիշտ չի ընկալում միջազգային իրավունքի սկզբունքները: Երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ հայտարարությունը: «Պարոն Ալիեւը թող հույս չունենա, որ անպատիժ կմնան ռազմական հերթական ագրեսիայի համար: Ավաղ, Հայաստանի իշխանությունների ոչ ճիշտ քայլերի արդյունքում երբեւիցե չբարձրացվեց Ադրբեջանի պատասխանատվության հարցը` 1991 թվականին պատերազմական գործողություններ սանձազերծելու առումով: Եթե այս հարցը բարձրացվեր Հայաստանի կողմից, ապա այսօր Ալիեւը նման ձեւով չէր հոխորտա ողջ միջազգային հանրության եւ Հայաստանի ու ԼՂՀ-ի առաջ»,- ասել է Սաֆարյանը:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե` պատերազմ սկսելու դեպքում միջազգային իրավունքը Ադրբեջանի կողմը կլինի, քանի որ, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածի` յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության բոլոր իրավունքները, Ս. Սաֆարյանն ասել է. «Հիասթափություն է սպասվում պարոն Ալիեւին: Նա անգամ չի ուզում հասկացած լինել, որ նախօրեին միջազգային իրավունքի մասին խոսել են Մինսկի խմբի համանախագահները, խոսել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, եւ այդ սկզբունքներից մեկը վեճերն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելն է: Խոր հիասթափություն է սպասվում Ադրբեջանին ոչ միայն հերթական ռազմական պարտության տեսքով, այլ նաեւ միջազգային աջակցության հարցում: Եվ պարոն Ալիեւը պետք է իմանա, որ եթե խոսում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Ադրբեջանի ինքնապաշտպանության իրավունքի մասին, ապա թող իմանա, որ այդ իրավունքն ունի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` անկախ նրանից` Ալիեւը բարեհաճե՞լ է ճանաչել այդ հանրապետությունը, թե՞ ոչ»:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե Հայաստանի դիրքերը թուլանում են ոչ միայն բանակցային գործընթացում, այլեւ գրեթե բոլոր ոլորտներում, եւ ստատուս-քվոյի պահպանումը, ըստ նրա` տարածաշրջանում առայժմ հնարավոր է միայն հայկական Սփյուռքի ջանքերով: Անդրադառնալով այս հայտարարությանը, Ս. Սաֆարյանն ասել է. «Ես գնալով համոզվում եմ, որ Ալիեւն այնքան է կորցրել ադեկվատության զգացումը, որ սխալ է մեկնաբանում միջազգային տրամադրությունները, սխալ է մեկնաբանում Ադրբեջանի կարողությունները, եւ այսքանից հետո առավել եւս չի կարող մեկնաբանել Հայաստանի բանակցային դիրքերը: Եվ եթե հայկական կողմի դիրքերը իսկապես թույլ են, ինչպես պարոն Ալիեւն է պնդում, ապա չէր լինի հունիսի 18-ի միջադեպը, որը Ալիեւի ցածր բանակցային կարողությունների եւ նյարդային անհավասարակշռության հետեւանք է: Եթե Ալիեւին թվում է, որ ստատուս-քվոյի պահպանումը պայմանավորված է հայկական Սփյուռքով, եւ նա է իր հիմնական մրցակիցը, ապա թող պատերազմ հայտարարի հայկական Սփյուռքին»: