Բելառուսի ընդդիմությունը մարտականորեն է տրամադրված

08/10/2005

Կիրակի օրը Մինսկում տեղի ունեցած Դեմոկրատական ուժերի կոնգրեսում
բելառուսական ընդդիմությունը քվեարկեց միասնական թեկնածուի օգտին, որը
2006թ. նախագահական ընտրություններում պիտի դիմակայի Եվրոպայի վերջին
բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյին: 11 կուսակցության եւ 200-ից ավելի
հասարակական կազմակերպությունների ընտրությունը կանգ առավ Ալեքսանդր
Միլինկեւիչի թեկնածության վրա:

57-ամյա ֆիզիկոսը դասավանդում է Գրոդնո քաղաքի համալսարանում, վերջին
ժամանակներս նա ղեկավարում էր Տարածքային զարգացման աջակցության
հիմնադրամը:

Ընդդիմության առջեւ վաղուց էր ծառացել միասնական թեկնածուի շուրջ
համախմբվելու հարցը, սակայն մինչ այս դա նրանց չէր հաջողվում: Բայց այժմ
մինչեւ Կոնգրեսի սկսվելը պատվիրակները համաձայնության եկան՝ աջակցել 4
թեկնածուներից նրան, ով քվեարկությամբ ամենաշատ ձայները կստանա: Դա էր
պահանջում հատկապես Անատոլի Լեբեդկոն՝ Միացյալ քաղաքացիական կուսակցության
(ՄՔԿ) նախագահը, ով էլ քվեարկության արդյունքում Միլինկեւիչին զիջեց
ընդամենը 8 ձայնով:

Դիտորդները Լեբեդկոյի թեկնածությունը համարում էին լավագույն տարբերակը,
քանի որ նա կարող է օգտագործել իր կուսակցության հնարավորությունները, նա
նաեւ ավելի վճռական մարդ է, քան Միլինկեւիչը, թեեւ վերջինս նույնպես
մարտականորեն է տրամադրված: «Լուկաշենկոյի դեմ պայքարն իսկական պատերազմ
է,- հայտարարեց նա ընտրություններից հետո,- ես հաղթանակ չեմ խոստանում,
բայց խոստանում եմ, որ կգնամ մինչեւ վերջ»:

Լուկաշենկոն, ով անցյալ տարի նախագահական ընտրություններում իր
թեկնածությունը երրորդ անգամ առաջադրելու մասին հանրաքվեի արդյունքում
ստացել էր ձայների գրեթե 80%-ը, բավական հանգիստ էր հետեւում Կոնգրեսի
ընթացքին:

Ուկրաինական «նարնջագույն» հեղափոխությունից հետո Լուկաշենկոյի միջազգային
մեկուսացումն ավելի է խորանում, սակայն քիչ հավանական է, որ երկրում
իրադարձությունները կընթանան ուկրաինական սցենարով: Հարցման
արդյունքներով՝ ընդդիմությունը կարող է ստանալ լավագույն դեպքում ձայների
30%-ը: