Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր եկել ՀՀ ՊՄՏՀՀ «Սնայպեր» օդամղիչ հրաձգարանի նախկին տնօրեն Թադեւոս Կարապետյանն՝ իր որդիների հետ:
Նա հանգամանորեն պատմեց, թե գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, նույն ինքը` Կոմանդոսը, ինչպես էր «խլել» հրաձգարանն իրենցից ու վաճառել ինչ-որ անծանոթ մեկին: Թ. Կարապետյանը 2010թ. փետրվարի 26-ին 1 տարի ժամկետով պայմանագիր էր կնքել հրաձգարանի համար: Սա՝ այն դեպքում, երբ նախորդ պայմանագիրը` 12 տարի ժամկետով, չեղյալ էին համարել: «Կանչեցին նոր պայմանագիր կնքելու: Փետրվարին կնքեցի, բայց մի քանի օր առաջ` հունիսի 30-ին, ասացին, որ պայմանագիրը միակողմանիորեն դադարեցվել է եւ օտարվել է Ա. Սիմոնյանին»,- ասաց Թ. Կարապետյանը: «Հայրս էլ հարցրեց` բա ո՞նց եք ծախել էդ տիրը, Կոմանդոսն ասաց` ում կուզեմ կծախեմ, տենց եմ հարմար գտել»,- շարունակեց Թ. Կարապետյանի որդին: «Նա նպատակահարմար չի գտել ինձ վաճառելու, բա իմ 46 տարիների աշխատա՞նքը, ո՞նց նպատակահարմար չի գտել: Իմ իմանալով` տիրը, որը վաճառքի էր հանվել, պիտի դնեին աճուրդի, ու առաջին մասնակիցն էլ ես պիտի լինեի: Եթե ես հրաժարվեի, էդ դեպքում թող ուրիշի վաճառեին»,- նկատեց Թ. Կարապետյանը: Ըստ նրա` 1973թ. ինքն իր միջոցներով կառուցել է Երեւանի Իսահակյան 26 հասցեում գտնվող հրաձգարանը, որը մինչ 2002թ. շրջանային ԴՕՍԱԱՖ-ի կազմում էր: «Իսկ 2002թ., երբ Կամանդոսն եկավ-դարձավ ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, մտավ տիր, ասաց՝ բա էս ո՞ւմն ա էս տիրը: Ես էլ ասացի` ԴՕՍԱԱՖ-ինն ա: Տիրը տեղափոխեցին կենտրոնական ԴՕՍԱԱՖ, որպեսզի էդ փողը մուծվի էնտեղ: Մինչեւ էդ ես 15.000 դրամ պլանի համար էի մուծում, բայց հենց անցավ կենտրոնական ԴՕՍԱԱՖ-ին`մի ամիս հետո պլանը դարձրեցին 30.000 դրամ: Դե հետները կոնտր չընկնելու համար էլ մուծում էի: Նախալնի ձեւով տիրը ձեռքիցս վերցրեցին: Գործը վերջացավ»,- ասաց Թ. Կարապետյանը: «Ես, 46 տարի ա` աշխատել եմ էդ համակարգում, որից 37 տարին` տիրում, որը ես իմ հաշվին եմ կառուցել: Ես պահանջում եմ, որ ինձ տան տիրը»,- իր պահանջը հուզված ներկայացրեց 80-ամյա Թ. Կարապետյանը, ում Ա. Տեր-Թադեւոսյանը խոստացել էր, որ հրաձգարանը տալու է իրեն: «Կամանդոսը դաժե ասել էր` էրեխեքիս արեւ, քեզնից բացի տիրը ուրիշին չեմ տալու: Ես էլ ասեցի՝ դրեք նիստին ու որոշենք` ինչքան պետք լինի` կմուծեմ գումարը: Ինքն ա միլիոն անգամ կրկնել` կդնենք նիստի, կորոշենք: Հիմա էլ առանց որեւէ պատճառաբանության տվել ա ուրիշին: Հարցնում եմ` ինչի՞, ասում ա` ես չէի կարա, ինձ վերեւից ասեցին՝ նրան տուր, ես էլ տվել եմ: Ահա: Իսկ Էդ Սիմոնյանը ԴՕՍԱԱՖ-ի աշխատող չի: Ստացվում ա, որ պատահական մարդ ա»,- շարունակեց «Սնայպեր» հրաձգարանի նախկին տնօրենը: Ի դեպ, նշենք, որ ԴՕՍԱԱՖ-ը պատկանում է ՀՀ Պաշտպանության նախարարությանը: «Ես չեմ հասկանում` ի՞նչ իրավունքով է վաճառել: Բողոքում եմ, որ անարդարություն է տեղի ունեցել: Ինձ նախալնի ձեւով դուրս են արել: Իմ 3 տղաների հետ աշխատել ենք էս տիրում, որը մեր ընտանիքը պահելու միակ միջոցն ա: Ես ասում եմ` Արկադի Իվանովիչ, բա Դուք գիշերը ո՞նց եք քնելու: Ասում եմ` Դուք չե՞ք մտածում, թե էս 4 ընտանիքը ո՞նց է ապրելու: Ինձ առաջարկում ա, ասում ա` արի քեզ մի քիչ փող տամ, գնա մի բան սարքիր-ապրիր: Ես էլ ասացի` ես աղքատ մարդ չեմ, ես ամբողջ կյանքս աշխատել եմ»,- հուզված նշեց Թ. Կարապետյանը, ում ընտանիքը Խորհրդային տարիներին արտաքսվել էր Հայաստանից` հոր Դաշնակցական լինելու պատճառով: «Հորս անհիմն գնդակահարելուց հետո 1949թ. 8 շնչից բաղկացած մեր ընտանիքին լցրեցին վագոնն ու քշեցին Ալտայսկի երկրամաս: Մենք էլ էնտեղից հազիվ պրծանք-եկանք: Հիմա մի կերպ ոտի ենք կանգնել, էն էլ էս վիճակն ա ստեղծվել: Ես հիմա Կամանդոսից խնդրում եմ արտաքսման հրամանն էլ բերի վերեւից: Ոնց որ 1949-ին են արտաքսել, թող հիմա էլ արտաքսեն: Վերջ»,- հուսահատ ասաց Թադեւոս Կարապետյանը` փորձելով, այնուհանդերձ, հասկանալ, թե ինչո՞ւ ազատ-անկախ Հայաստանում իրենք տեղ չունեն: 80-ամյա մարդն ավելի շատ վշտացած է ՀՀ իշխանություններից, որոնց համար «տարիների վաստակ» կոչվածը միայն ծիծաղելի երեւույթ է: