Արդեն մի ամիս է՝ աշխարհը ֆուտբոլ է դիտում: Ամեն ինչ մղվել է երկրորդ պլան: Ուստի լրագրողի համար դժվար է հաղթահարել ֆուտբոլի մասին գրելու գայթակղությունը: Հատկապես, որ այս առաջնությունն իսկապես առանձնահատուկ է: Առանձնահատուկ է բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ու դրսեւորումներով: Սա առաջին առաջնությունն է Աֆրիկայում: Առաջնություն, որ բավական տարօրինակ մեկնարկեց: Նախ վուվուզելն էր ձանձրացնում: Հետո մի կերպ համակերպվեցինք: Համակերպվեցինք` հումորով ընդունելով պաշտոնական այն բացատրությունը, որ պլաստմասսայից պատրաստված փողային այդ խաղալիքը հարավաֆրիկյան բնիկների ազգային ու հնագույն գործիք է: «Հնագույն պլաստմասսա» տեսնելն իսկապես հազվագյուտ բան է: Միայն ժամանակակից եվրոպական հանդուրժողական քաղաքակրթությունը կարող է աշխարհին պարտադրել համակերպվել նման փաստի հետ: Ավելի շուտ՝ քաղաքական, քան սպորտային չափանիշները հաշվի առնելով՝ որոշվեց խաղերն անցկացնել ՀԱՀ-ում: Ձմռան կեսին: Որքան էլ տարօրինակ է, սա ամենացուրտ առաջնությունն է: Ամռան այս տապին անհավանական է թվում, որ Աֆրիկայում խաղերն ընթանում են զրոյից բարձր յոթ աստիճանում: Մյուս առանձնահատկությունը հանրային հեռուստաընկերության մեկնաբանություններն էին: Վուվուզելաորակ մեկնաբանությունները, որոնց մամուլն արդեն բավարար չափով անդրադարձել է: Սա իսկապես տարօրինակ առաջնություն է, որ աշխարհին մատուցեց կուշտ ու հարուստ Եվրոպան: Սկզբում թվում էր, թե համաշխարհային ֆուտբոլի եվրոպացի չինովնիկները սխալվեցին: Առաջին փուլը եվրոպական թիմերի կոտորած էր: Իտալիայի ու Ֆրանսիայի հավաքականները պարտվեցին: Լատինաամերիկյան մասնագետներն աջ ու ձախ խոսում էին եվրոպական ֆուտբոլի մահվան մասին: Փնջային խաղերը ԱՄՆ-ի ու Լատինական Ամերիկայի աստեղային պահն էր: Հոնդուրասից ու նույնքան տարօրինակ երկրներից թիմեր էին եկել: Եկել էին ու հաղթում էին եվրոպական առաջնակարգ հավաքականներին: Կուշտ ու հարուստ Եվրոպան, մոտ 30 տարի է, բառի ամենաուղիղ իմաստով ոչնչացնում է լատինաամերիկյան ֆուտբոլը: Ոչնչացնում է` լավագույն խաղացողներին գնելով ու իր առաջնություններում ներգրավելով: Արդեն երկրորդ անընդմեջ առաջնությունն է՝ Բրազիլիայի հավաքականն իրենից ոչինչ չի ներկայացնում: Բրազիլական չափանիշներով չի նշանակում: Բոլոր մասնագետները միաբերան նշում են, որ բրազիլացիները կորցրել են իրենց ոճը եւ եվրոպական ֆուտբոլ են խաղում: Երեւի դժվար է այլ խաղ սպասել մի հավաքականից, որի համարյա բոլոր անդամները եվրոպական առաջնակարգ թիմերում են խաղում: Լատինաամերիկյան, ասիական ու աֆրիկյան մի քանի երկրների առաջնություններ եվրոպական մասնագետների ուշադրության կենտրոնում են: Միմյանց հետ մրցակցելով՝ եվրոպական թիմերը նորանոր տաղանդներ են փնտրում` գնելու ու եվրոպականացնելու համար: Բայց աշխարհի գավաթի առաջնությանը նաեւ այլ թիմեր են մասնակցում: Հոնդուրասի, Պարագվայի, Նիգերիայի, Կորեայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների խաղացողներին եվրոպացիները հիմնականում չեն «ճանաչում»: Հետեւաբար՝ չեն գնում: Ու այդ հավաքականների համար առաջնությունը յուրատեսակ տոնավաճառ է: Առաջնության նախնական փուլում նրանք իրենք իրենց գերազանցելով՝ իրական կոտորած սարքեցին եվրոպական թիմերի համար: Որովհետեւ այդ թիմերի առաջին նպատակը տոնավաճառում «բրենդ» դառնալն է: Հետո ծերուկ Եվրոպան ուշքի եկավ: Կիսաեզրափակչում չորս թիմից երեքը եվրոպական էին: Միակ լատինաամերիկյան թիմը` Ուրուգվայը, պարտվեց Հոլանդիային: Եվրոպացիներով հիմա որոշելու են գավաթի նոր տիրոջը: Սա առաջին հերթին սպորտային արդյունք չէ, այլ զուտ ֆինանսական: Կուշտ ու հարուստ Եվրոպան իր աստղաբաշխական բյուջեներ ունեցող թիմերով ու առաջնություններով, բույքմեյքերական կատաղի փողերով վաղուց է ֆուտբոլը ձեռնասուն դարձրել: Աշխարհի բոլոր անկյուններում պատանիները վաղուց մի նպատակի համար են ֆուտբոլ խաղում: Նրանց միակ երազանքը եվրոպական թիմերի կողմից նկատվելն է: Ֆուտբոլիստին արժանապատիվ ու ապահով կյանք միայն եվրոպացիներն են ապահովում: Դա վեր է աղքատ երկրների ֆեդերացիաների հնարավորություններից: Հետեւաբար` Գավաթի առաջնությունը վաղուց արդեն տոն չէ: Անկանխատեսելի ոչինչ չի մնացել ֆուտբոլում: Բրազիլացի, արգենտինացի, կոտդիվուարցի, անգամ ճապոնացի բոլոր առաջատար ֆուտբոլիստներն անգամ մեզ` հայաստանցիներիս են ծանոթ: Ուր մնաց` եվրոպացիներին: Տարին 10 ամիս մեզ պարտադրում են դիտել եվրոպական առաջատար առաջնությունների խաղերը: Նման որակի ֆուտբոլից հետո անհնար է հաճույք ստանալ սեփական առաջնությունների խաղերից ու, որ ամենասարսափելին է` ֆուտբոլ խաղալուց: Հայաստանում պատանիներն արդեմ մի քանի տարի ֆուտբոլ խաղալու փոխարեն՝ ֆուտբոլ են դիտում: Դիտում են ու խաղադրույքներ կատարում: Փաստորեն՝ ճգնաժամը ֆուտբոլում տնտեսականից շատ ավելի վաղ էր սկսվել: