«Առաջիկա տարին բեկումնային է լինելու պաշտպանական բարեփոխումների համար»

08/07/2010

– Ինչպե՞ս եք գնահատում պաշտպանական բարեփոխումների ընթացքը, որո՞նք են այս ընթացքում արձանագրված հիմնական ձեռքբերումները:

– Պաշտպանական բարեփոխումների ընթացքը կարելի է դրական գնահատել: Ես չէի ցանկանա ավելի բարձր գնահատական տալ, քանի որ ռազմաքաղաքական ղեկավարության` Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից մեր առջեւ բարձր չափանիշներ են դրված:

Բարեփոխումների ձեռքբերումներն արդեն տեսանելի են: Մասնավորապես, անցյալ տարիներին ընդունված «Պաշտպանության» եւ «Քաղաքացիական հատուկ ծառայության» մասին ՀՀ օրենքների իրագործման արդյունքում հնարավոր եղավ բարեփոխել ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ կառուցվածքը եւ Պաշտպանության նախարարության համակարգում ներդնել քաղաքացիական հատուկ ծառայությունը, որի հիմնական նպատակը զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ամրապնդումն էր եւ անմիջական ռազմական գիտելիքներ չպահանջող ոլորտներում քաղաքացիական մասնագետների ներգրավմամբ պրոֆեսիոնալիզմի բարձրացումը: Հաջողությամբ շարունակվում են նաեւ բարեփոխումները կադրերի կառավարման, ռազմակրթական, թիկունքային ապահովման, ֆինանսաբյուջետային պլանավորման եւ մի շարք այլ ոլորտներում: Սակայն բարեփոխումների ամենից կարեւոր ձեռքբերումը համարում եմ այն, որ դրանք սկսել են նպաստել զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

– Որո՞նք են հիմնական անելիքները առաջիկա 1 տարվա համար:

– Առաջիկա տարին բեկումնային է լինելու պաշտպանական բարեփոխումների համար, քանի որ դրանք հրամանատարաշտաբային օղակից իջել են զորքեր եւ սկսել են շոշափել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ մարտական եւ զորահավաքային պատրաստականությունը, մարտական պատրաստությունը, զինված ուժերի կառավարման համակարգը, կառուցվածքն ու զորատեսակները, սպառազինությունն ու ապահովման ոլորտները:

Այսօր պաշտպանության նախարարությունում եւ Զինված ուժերի գլխավոր շտաբում այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում:

– Ո՞ր փուլում է գտնվում Պաշտպանության ռազմավարական վերանայման (ՊՌՎ) գործընթացը, եւ ե՞րբ է նախատեսվում այն ավարտին հասցնել:

– Պաշտպանության ռազմավարական վերանայումն անմիջականորեն շաղկապված է պաշտպանական բարեփոխումների հետ: Բարեփոխումների բովանդակությունն ու ծավալները ծնվում են հենց պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում:

Այսօր ռազմավարական վերանայումը գտնվում է վերջնական որոշիչ փուլերում, երբ ՀՀ զինված ուժերի կառուցվածքում փոփոխություններ կատարելու, նոր կառույցների եւ զորամասերի խնդիրները սահմանելու վերաբերյալ առաջարկություններ են նախապատրաստվում, եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համապատասխան որոշումներ կկայացվեն:

Գործընթացը նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին, որից հետո կմշակվի ՀՀ զինված ուժերի երկարաժամկետ զարգացման պլանը:

– Ինչպիսի՞ տեղ է հատկացվում պաշտպանական բարեփոխումների թեմային ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումների եւ շփումների ընթացքում:

– ՀՀ պաշտպանական բարեփոխումները գտնվում են պաշտպանության նախարարի մշտական ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարեփոխումների իրականացման ընթացքում մենք ակտիվորեն օգտագործում ենք միջազգային առաջավոր փորձը եւ միջազգային ռազմական համագործակցության ընձեռած բոլոր հնարավորությունները, բնականաբար, պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումների եւ շփումների ընթացքում այդ թեման մշտապես շոշափվում է: Բացի այդ, այս ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարը պարբերաբար բազմաթիվ միջգերատեսչական եւ գերատեսչական խորհրդակցություններ է անցկացնում:

– Կարծիք կա, որ պաշտպանական բարեփոխումներ իրականացնելիս Հայաստանը համագործակցում է միայն ՆԱՏՕ-ի երկրների հետ: Որքանո՞վ է ճիշտ այդ կարծիքը, եւ չկա՞ արդյոք փորձի փոխանակում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ-երկրների հետ:

– Դա սխալ կարծիք է եւ հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ծառայեցվում է խորհրդային պաշտպանական համակարգում բացակայող տարրերի ներդրման կամ այլ տրամաբանությամբ եւ չափանիշներով գործող ոլորտների բարեփոխումների շրջանակին, որը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում եւ առավել մեծ հնչեղություն է ստանում:

Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական բնույթի համագործակցություն է իրականացվում, մեր երկու երկրները միեւնույն անվտանգության համակարգի` ՀԱՊԿ-ի անդամ են հանդիսանում, եւ բնականաբար բոլոր բարեփոխումներն ու ինտեգրման գործընթացները համադրվում են: Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ եվրաատլանտյան առաջավոր փորձի ներդրման գործում գրանցված հաջողությունները, Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դրանց փոխառնման առումով օրինակելի դիրքերում է գտնվում:

– ՀՀ խաղաղապահ ուժերի զարգացումը եւ օտարերկրյա զինված ուժերի հետ դրանց փոխգործակցության ապահովումը պաշտպանական բարեփոխումների կարեւորագույն ուղղություններից են: Ո՞ր փուլում է այսօր գտնվում այդ ուղղությունը:

– ՀՀ խաղաղապահ ուժերի ձեւավորման նպատակը Հայաստանի` միջազգային անվտանգության ապահովման չափաբաժնի ստանձնումն է: Այդ չափաբաժինն ավելանում է մեր պետության միջազգային վարկի եւ հեղինակության բարձրացմանը զուգընթաց:

ՀՀ խաղաղապահ ուժերը զարգանում են երկու ուղղությամբ, ինչը պայմանավորված է միջազգային անվտանգության ապահովման տարբեր գործառույթներ ստանձնելու անհրաժեշտությամբ: Ընդ որում, եթե օպերատիվ եւ մարտավարական մակարդակներում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին մասնակցող ՀՀ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները լիովին փոխգործակցելի են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների ուժերի հետ եւ գտնվում են ինտենսիվ համալրման փուլում, ապա ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցելիություն ապահովում են ՀԱՊԿ-ի կողմից իրականացվելիք գործողությունների համար հայտարարված արդեն իսկ կայացած ստորաբաժանումները:

Ամեն դեպքում, իմ կողմից թվարկված ուժերը, հանդիսանալով ՀՀ ԶՈՒ օպերատիվ մարտավարական ստորաբաժանումներ, իրականացնում են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության պլաններով նախատեսված գործառույթներ, իսկ խաղաղապահությունը նրանց պատրաստության լրացուցիչ խնդիրն է:

– Այս պահին ՊՆ-ն մրցույթ է հայտարարել մի շարք հատուկ քաղաքացիական թափուր պաշտոնների համար: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում այդ մրցույթից, եւ ինչպե՞ս է ընթանալու քաղաքացիական մասնագետների ինտեգրումը ՀՀ ՊՆ-ում:

– Քաղաքացիական մասնագետների ինտեգրումը Պաշտպանության նախարարության համակարգում կարելի է հաջողված համարել: Մի շարք ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական քաղաքականությունը, ֆինանսները, իրավաբանությունը, գնումները եւ այլն, նրանք հաջողությամբ աշխատում են: Կարծում եմ` դա բնական է, քանի որ ՀՀ զինված ուժերն, իրենց ստեղծման օրվանից ի վեր, ունեն քաղաքացիական կրթություն ունեցող որակյալ մասնագետների ներգրավման հարուստ փորձ:

Քաղաքացիական հատուկ ծառայողների թափուր պաշտոնների համալրման գործընթացն իրականացվում է «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային կարգով: Սա մրցութային կարգով անձնակազմի համալրման մեր առաջին փորձն է, սակայն հաշվի առնելով Պաշտպանության նախարարությունում գործող բարձր եւ յուրահատուկ պահանջները, համոզված եմ, որ այն կօգնի մեզ այդ պահանջներին համապատասխան ընտրություն կատարել: