«Օտարալեզու դպրոցները ուղեղների դատարկություն կստեղծեն»

08/07/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արմինե Կոնդակջյանը էներգիայով լեցուն ու վճռական մարդ է, ով պատրաստակամությամբ մասնակցում է ամերիկահայ գաղթօջախների մշակութային ու կրթական կյանքին: Լինելով Հայաստանում, նա նույնքան ակտիվորեն հետաքրքրվում է հայաստանյան խնդիրներով: Մանկական ուսուցողական մի քանի օժանդակ խաղ-դասընթացների հեղինակ է: «Ես գիտեմ, որ հատկապես Սփյուռքում ապրող երեխաների համար կարեւորը հայերեն լեզուն սիրեցնել տալն է: Շատ հայ երեխաներ դժկամությամբ են սովորում իրենց մայրենի լեզուն: Պատճառն այն է, որ մոդեռն մեթոդներով դասավանդող ուսուցիչներն են քիչ»,- ասում է նա: Ա.Կոնդակջյանը` լինելով քիմիկոս, երկար տարիներ դասավադել է ԱՄՆ-ի դպրոցներում եւ մեծ ոգեւորությամբ է պատմում տարաբնույթ նյութերով ու փորձասենյակներով հագեցած դասարանների մասին: Նա վստահ է, որ երեխաների կրթության հիմքում «սիրել տալու» բանաձեւն է: Իսկ սիրել նշանակում է՝ պատասխանատվություն կրել:

– Վերջերս հրատարակվեց Ձեր «Հայրենադարձների բռնաճնշումները Ստալինյան ժամանակաշրջանում» գիրքը, որը թերթելով անգամ` նկատվում է, որ ահռելի ծավալի գործ եք արել. պեղել եք արխիվները, հանդիպել եք հայրենադարձների հետ: Ինչպե՞ս ծագեց այդ գրքի գաղափարը:

– Այս գրքի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ իմացա, որ 1949 թ. հունիսի 14-ի գիշերը հազարավոր մարդիկ ձերբակալվեցին ու բանտարկվեցին, եւ նրանցից շատերը հայրենադարձներ էին: Հասկացա, որ ինքս շատ քիչ բան գիտեմ ազգիս պատմության այդ էջերից, ու ցանկացա բոլոր մանրամասներն իմանալ: Ճանապարհն ինձ դեպի արխիվ տարավ: Արխիվներում 22.000 բռնադատված հայրենադարձների գործեր կան, որոնցից ես ուսումնասիրել ու ներկայացրել եմ ընդամենը 1700-ը: Ազատ երկրներից Հայաստան եկած մարդիկ առաջինն էին, ովքեր բողոքեցին կոմունիստական համակարգի զրկանքների (կտրոններով հաց գնելու, խոսքի ազատության) դեմ եւ առաջինն էլ հայտնվեցին հարվածի տակ: Եվ ես վստահ եմ, որ Խորհրդային Հայաստանում իրականացված բռնաճնշումները համազոր են Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությանը: Երկուսն էլ մեծ հարված հասցրեցին Հայաստանի ներուժին ու գլխատեցին ազգի սերուցքը: Այս իմ աշխատանքով ես փորձ արեցի ներկայացնել ներգաղթի դրդապատճառներն ու հայրենադարձների ճակատագրերը: Վարչակազմը շատ դաժան վարվեց այդ անմեղ մարդկանց հետ, որոնցից շատերը դեռ չհասցնելով իրենց ոտքը դնել հայրենի հողի վրա, ուղղակի նավի վրայից ձերբակալվեցին ու աքսորվեցին Սիբիր: Գրքի մեջ ներկայացված են վերապրողների նամակները, դիմումները, բողոքները: Կան նաեւ վիճակագրական տվյալներ, որոնք վերաբերում են 1920-1953թթ. հայրենադարձների կյանքին:

– Հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի՞ անհեթեթ մեղադրական վճիռներ են ժամանակին ներկայացվել որոշ մարդկանց` որակելով նրանց «ազգի թշնամի»:

– Մի մարդու, օրինակ, ձերբակալել են միայն այն բանի համար, որ նա որդուն Սասուն էր կոչել:

ԿԳԲ-ն վճիռ էր կայացրել, որ եթե նորածինը Սասուն է, ուրեմն հայրն իր որդուն Սասունի ազատագրմանն է նախապատրաստում: Այնպիսի գործեր կան, որոնց հետ ծանոթանալով` զգում ես, որ ուղեղդ այրվում է, այնքան անհեթեթ են մեղադրանքները: Մարդը կարող էր մեխանիկ լինել, իսկ նրան աքսորում էին` մեղադրելով, որ նա գերմանական տեխնոլոգիաների ջատագով է: Եվ մի մոռացեք, որ հայրենադարձների շարքերում փայլուն մասնագետներ կային, որոնք շատ բանով կարող էին օգտակար լինել Հայաստանին, եւ նրանց աշխատանք տալու փոխարեն` ռուսական հանքերում աշխատելու ուղարկեցին: 1920-30թթ. հայ բոլշեւիկ-չինովնիկները նաեւ հսկայական պրոպագանդա էին իրականացնում դրսում` հայերին հրավիրելով հայրենիք ու չտեսնված բարիքներ խոստանալով: Հունաստանում, օրինակ, ամեն հայրենադարձի առջեւ բանալիներ էին ճոճում ու ասում, որ նրանց հայրենիքում ապարանքներ են տալու: Եվ ստացվեց, որ շատերը եկան ու պարզեցին, որ ապրելու են գետնափոր տնակներում: Իհարկե, այդ ամենի հիմքում բարդ խնդիրներ էին, սակայն Ռուսական աքսոր տեսած մի կնոջ հետ հարցազրույց էի անում, մեկ էլ տեսա` նա շնչահեղձ է լինում ու չի կարող խոսել: Վերքը դեռ թարմ էր, եւ նույնիսկ 63 տարի անց այդ կնոջ մեջ սարսափ կար: Այս գիրքը հալածված, սպանված, անհետ կորած հազարավոր մարդկանց հիշատակի տուրք է: Եվ ամեն մարդու կյանքը մի առանձին գրքի կամ ֆիլմի նյութ կարող է դառնալ: Ներգաղթի երեւույթը (իր չարիքներով ու բարիքներով) դեռ պետք է ուսումնասիրվի: Դա շատ կարեւոր է` նախկինում գործած սխալներից ապագայում խուսափելու համար: Եվ եթե տառապանք ու սարսափ կա, ապա այն ծածկելով` իրավիճակը չես ուղղի: Կարեւոր է այն վերլուծել:

– Համաձա՞յն չեք, որ հիմա էլ հայաստանցիների ու սփյուռքահայերի համագործակցությունը բարդ է ընթանում: Մենք չենք կարողանում օգտագործել Սփյուռքի մասնագիտական ներուժը, իսկ սփյուռքահայերը հայրենիքը դիտարկում են հիմնականում որպես տուրիստական երթուղի:

– Իրականում մենք իրար չենք ճանաչում: Իմ կարծիքով, մեր շփումները, որոնք նոր են սկսվել, դեռ իրենց դերը կկատարեն: 70 տարի Հայաստանը «փակ» խորհրդային համակարգ է եղել, իսկ Սփյուռքը ապրել է շուկայական միջավայրում, եւ բնական է, որ մենք իրար դժվարությամբ ենք հասկանում: Սակայն հիմա էլ հայրենադարձության ալիք է նկատվում: Ես, օրինակ, ինձ հայրենադարձ եմ համարում, այստեղ տուն ունեմ, երեխաներս հաճախ են Հայաստան այցելում: Վերջիվերջո, հայրենիքից դուրս հայը ապագա չունի: Այստեղ պետական լեզուն հայերենն է, եւ հենց դա է դրդում մեզ գալ Հայաստան: Լոս Անջելեսի կամ Փարիզի ցանկացած հայկական դպրոց մտեք եւ կտեսնեք, որ երեխաները միայն դպրոցում են հայերեն խոսում, իսկ դրսում լեզուն գրեթե չի գործածվում: Եվ դա կործանում է մեզ: Մի քանի օր առաջ մասնակցում էի Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համաժողովին, որտեղ հավաքված բոլոր մարդիկ ահազանգում էին, որ արեւելահայերենը կորսվում է: Հայ համայքները ձուլվում են, ու մեր լեզուն կորսվում է: Եվ շատ ուրախալի է, որ Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է պետականորեն տեր կանգնել արեւմտահայերեն լեզվին:

– Վերջերս մեր ԿԳ նախարարության կողմից առաջ քաշվեց օտարալեզու դպրոցների բացման գաղափարը: Կարծո՞ւմ եք, որ դա տեր կանգնել է նշանակում:

– Հուսանք, որ օտարալեզու դպրոցների գաղափարը չի հաջողվի իրականացնել: Դրա դեմ լրջորեն պայքարում ու դիմադրում է Սփյուռքը: Ես չեմ հանդիպել գեթ մի մարդու, որը կողմ լինի օտարալեզու դպրոցների բացմանը: Համենայնդեպս, համաժողովին մասնակցող մարդիկ անխտիր դեմ են այդ գաղափարին: Նկատելի է, որ հիմա Հայաստանում շատ են շփացած, ռուսախոս մարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց անուշիկ երեխաներին փեշի տակից դուրս թողնել: Եվ ուզում են ռուսական դպրոցներ բացել, որպեսզի իրենց երեխաները իրենց աչքի առջեւ ռուսական դպրոցներ գնան ու իրենց նման կիսատ-պռատ հայ մեծանան: Ասվում է, որ հայը պետք է մի քանի օտար լեզու իմանա: Ուզում եմ հարցնել` այդ ո՞ր հայը լեզուներ չգիտե: Բոլորն էլ մի քանի լեզու գիտեն, սակայն պետական լեզուն պահպանում են:

– Հաճախ ասվում է, որ Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդման կարիք ունեն: Չե՞ք կարծում, որ լավագույն քայլը կլինի հենց արեւմտահայերեն լեզվով դպրոցներ բացելը: Այդ դեպքում հայկական արմատներ ունեցող երեխաները պատմական հայրենիքում կրթություն ստանալու շանս կունենան:

– Մենք քննարկում էինք նաեւ արեւմտահայերեն լեզվի ուսուցմամբ դասարանների բացման հնարավորությունը: Անգամ միտք կա՝ բոլոր դպրոցներում արեւմտահայերենի դասընթացներ ստեղծել: Եթե մենք իմանանք, որ Հայաստանը լավ հայերենով կրթություն է տալիս, անշուշտ, մեր երեխաներին կուղարկենք այստեղ` սովորելու: Սակայն բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կրթական մակարդակը շատ ցածր է: Կրթությունը նման է ծառի, որի չորացած ճյուղերը ժամանակ առ ժամանակ հարկ է կտրել, որպեսզի ծառն ավելի առողջ աճի: Իսկ Հայաստանում հիմա հիվանդ ճյուղերը կտրելու փոխարեն՝ որոշել են ծառն ուղղակի բնից կտրել:

– Այդ մասին խոսեցի՞ք տիկին նախարարի հետ:

– Բոլոր ներկաներս էլ կողմ էինք կրթական համակարգի առողջացմանը: Ու թեեւ օտարալեզու դպրոցների բացումը մեր քննարկման նյութից դուրս էր, սակայն մենք մեր դժգոհությունը հայտնեցինք (ու դեռ հայտնելու ենք), որ գոնե «Հայոց լեզվի մասին» օրենքը չփոխվի: Եթե լեզուն օրենքով պաշտպանված չլինի, ինչ ասես, կարող է պատահել: Օրինակ, հենց վաղը կարող է Հայաստան գալ մի թուրք ու ամեն աշակերտին 1000 դոլար տալով` դրդի նրանց թուրքական դպրոց հաճախել: Լավ էլ կրթություն կտա ու հետն էլ մուսուլմանություն կքարոզի: Եվ ահավասիկ, 20 տարի հետո մենք թրքացած հայերի զգալի տոկոս կունենանք հենց Հայաստանում: Դա ուղղակի շշմելու անմտություն է: Կարող եմ ասել, որ ինքս բազմիցս կռվել եմ տարբեր մարդկանց հետ` հիշեցնելով նրանց՝ մենք Սփյուռքում մեծ անձնազոհությամբ ու մեծ գումարներ ծախսելով հայկական դպրոցներ ենք պահում, որ մեր երեխաներին հայերեն սովորեցնենք, իսկ դուք Հայաստանում օտարալեզու դպրոցներ եք պետականորեն բացում: Ես դա որպես դավաճանություն եմ ընկալում ու միշտ մասնակցում եմ օտարալեզու դպրոցների բացման դեմ կազմակերպվող ցույցերի:

– Պետական մակարդակով անցկացվող համաժողովներն իրենց գործնական շարունակությունը կարո՞ղ են ունենալ: Նախորդ տարիներին, օրինակ, սփյուռքահայ ճարտարապետների, իրավաբանների, հիմա էլ՝ հայերեն լեզվի ճակատագրով հետաքրքրված մասնագետների հավաքներ տեղի ունեցան: Կլինե՞ն արդյոք կոնկրետ ծրագրեր:

– Անշուշտ կլինեն: Մասնագիտական խմբավորումներ են ձեւավորվում, որոնք աշխատում են: Շփումները շատ կարեւոր են, եւ դեռ մի բան էլ ուշացած են: Եթե նման հավաքները 20 տարի առաջ կազմակերպվեին, արդեն արդյունք կունենայինք: Երանի արեւմտահայերենի մասին շուտ մտածեինք: Վերջիվերջո, 7 մլն հայերից 5 մլն-ը հենց այդ լեզվով է խոսում: Եվ դա չի կարելի անտեսել:

– Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ ուսուցումը անճոռնի ու վատ հայերենով է տարվում: Մեր լեզուն նույնպես խնդիրներ ունի, հետեւաբար խնդիրներ ունի նաեւ մեր դպրոցը:

– Գիտեք, այն անճոռնի հայերենը, որը լսում ենք սերիալներում կամ որոշ ռուսախոս մարդկանց շուրթերից, բնավ էլ հայերեն չի: Հայաստանում սիրուն ու կիրթ հայերեն խոսող մարդիկ շատ են, եւ ես նրանցով հիանում եմ:

– Երկար տարիներ դպրոցում քիմիա դասավանդելով` Դուք ուսումնասիրե՞լ եք մեր քիմիայի դասագրքերը: Կարծում եմ, որ հիվանդ կրթական համակարգի հիմքում հենց անորակ դասագրքերն են:

– Քիմիան ուղղակի հրաշք գիտություն է, որն ամբողջապես հիմնվում է փորձարարության վրա: Եվ քիմիա ուսուցանելու համար առաջին հերթին լաբորատորիաներ են հարկավոր, «չոր» դասագրքային լեզու գործածելով ու կավիճով գրատախտակի վրա գրելով` երեխաների մեջ հետաքրքրության կայծ չես վառի: Ես զարմանում եմ, որ հայրենիքում վատ դպրոցական դասագրքեր կան: Հիշում եմ, որ անգամ Պարսկաստանում (որտեղ դպրոց եմ գնացել) մենք շատ լավ դասագրքեր ունեինք: Եվ ոչ մի երեխա հավելյալ ուսուցման ձեռնարկի կամ ուսուցիչ վարձելու կարիք չէր զգում: Երբեք չէր տեսնի մի դեպք, որ հայ երեխան քննությունները հանձնելու համար` ուսուցչի հատուկ օգնությանը դիմի: Եվ հիմա տեսնում եմ, որ Հայաստանում ուսուցչի օգնությունը վերածվել է բիզնեսի: Շատ հաճախ ուսուցիչը դիտմամբ կիսատ է ուսուցանում նյութերը, որպեսզի երեխան դիմի իրեն ու հավելյալ դրամ վճարի: Դա ուղղակի չլսված ու չտեսնված մեթոդ է: Ի դեպ` լեզուն գիտություն ուսուցանելու համար երկրորդական դեր է կատարում, կարեւորը կրթական մեթոդներն են: Եթե լեզուն փոխես, կրթությունդ լա՞վը կդառնա: Ո՛չ իհարկե: Ընդհակառակը` ուղեղների դատարկություն կստեղծվի: Ես վստահ եմ, որ օտար դպրոցները չեն բացվի Հայաստանում, քանի որ դա Սփյուռքի տեսանկյունից ապուշ եւ խայտառակ որոշում է: Նույնիսկ կասեի, որ դա լինգվիստիկ ջարդ է: