Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Սակայն, ցավոք, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության մեջ այդ այցը ներկայացվեց որպես «մասնավոր»: Միացյալ Նահանգների պաշտոնյաները նման բնութագրում կիրառելով՝ փորձեցին կանխել թուրքական կառավարության կողմից ցանկացած բացասական արձագանք:
Իմ կարծիքով, Պետքարտուղարությունը սխալ ձեւով դասավորեց պետքարտուղար Քլինթոնի այցը Ցեղասպանության հուշահամալիր մի շարք պատճառներով, որոնք ստորեւ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը.
– Կարիք չկար մեղմացնել Ցեղասպանության հուշահամալիր կատարած այցը, այն որակելով «մասնավոր», քանի որ նման այցերը ստանդարտ ընթացակարգ են Հայաստան այցելող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի համար:
– Ցեղասպանության հուշահամալիր այցելելն անպայման չի ենթադրում Հայոց ցեղասպանության ճանաչում, քանի որ Միացյալ Նահանգների նախորդ եւ ներկայիս բոլոր դեսպաններն ամեն Ապրիլի 24-ին այցելել են Ծիծեռնակաբերդ:
– Պետքարտուղար Քլինթոնի այցը Ցեղասպանության հուշահամալիր չէր կարող ներկայացվել որպես «մասնավոր», քանի որ այն մաս էր կազմում Հայաստան կատարած նրա «պաշտոնական» այցի:
– Այցը որպես «մասնավոր» ներկայացնելուն հակասում էր նաեւ այն փաստը, որ Ցեղասպանության հուշարձանին դրված ծաղկեպսակի ժապավենների վրա առկա էր՝ «Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնից» մակագրությունը:
– Մեկ օր առաջ Քլինթոնի այցը Բաքվի «Շեhիդների ծառուղի»՝ որպես «մասնավոր» չներկայացվեց` մտահոգիչ տպավորություն ստեղծելով, որ Միացյալ Նահանգների շահերն Ադրբեջանի նավթի առումով ավելի ծանրակշիռ են, քան մարդասիրական մտահոգությունը Ցեղասպանության զոհերի նկատմամբ:
– Մեկ այլ երկակի ստանդարտ էր Հիլարի Քլինթոնի կողմից թույլ չտալը, որ Երեւանում որեւէ հայ պետական պաշտոնյա ուղեկցեր իրեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր, մինչդեռ Բաքվում նա «Շեհիդների ծառուղի» էր այցելել Ադրբեջանի փոխնախարարներից մեկի ուղեկցությամբ:
– Քլինթոնը չէր թույլատրել իրեն ընկերակցող ո՛չ միջազգային, եւ ո՛չ էլ տեղական հայկական լրատվամիջոցներին, բացառությամբ Հայաստանի հանրային հեռուստատեսության` լուսաբանել Ցեղասպանության հուշահամալիր կատարած իր այցը: Նրա այս որոշումը հակասում է լրատվամիջոցների ազատության իր պաշտպանությանը:
– Պետքարտուղար Քլինթոնը վարանելու պատճառ չուներ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ նախագահ Ռեյգանը դեռ 1981 թվականին ճանաչել էր այն, իսկ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւեր էր ընդունել 1975 եւ 1984 թվականներին:
Թեեւ Պետքարտուղարությունը նվազեցրեց Քլինթոնի Ծիծեռնակաբերդ կատարած այցի բնույթը, սակայն Հայաստանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ արեցին դրա հրապարակայնության ապահովման համար: Այս անգամ նրանք ավելի վճռականորեն գործեցին, քան ս.թ. մայիսին, երբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թուրք նախագահ Մովլութ Չավուշօղլուն հրաժարվել էր այցելել Ցեղասպանության հուշահամալիր: Այնուհետեւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եւ մյուս հեռուստակայաններով պարբերաբար եթեր հեռարձակվեց Քլինթոնի` հուլիսի 5-ի Ծիծեռնակաբերդ կատարած այցի տեսահոլովակը: Բացի այդ, Հայոց ցեղասպանության պետական թանգարանի կայքում բավականին ակնառու լուսաբանվեց Քլինթոնի այցը` լուսանկարների տեղադրմամբ, որոնցից մեկում պատկերված էր ժապավեններով ծաղկեպսակը` Քլինթոնի անվան եւ պաշտոնի տեսանելի մակագրությամբ, իսկ մյուսում` Մերձավոր Արեւելքի Ամերիկյան օգնության կոմիտեի կազմակերպության կողմից տրված մի մեդալ, որը Պետքարտուղարին էր հանձնել թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Մատնացույց անելով թուրքական սահմանի կողմը, Դեմոյանը Քլինթոնին ասաց, որ Արարատ լեռը «Հայաստանի խորհրդանիշն է»: Հայոց ցեղասպանության մասին հիմնական փաստեր ներկայացնելուց բացի, Դեմոյանը նրան պատմեց, որ Արցախում զոհված հերոսների շիրիմները հանգչում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, քանզի հայերն Արցախյան պատերազմն ընկալում են որպես Հայոց ցեղասպանության շարունակություն: Պետքարտուղարին է հանձնվել նաեւ մի պատմական լուսանկար, որում պատկերված են Ալեքսանդրապոլի (Գյումրիի) ամերիկյան որբանոցի հայ երեխաները` կանգնած «Ամերիկա, շնորհակալ ենք» դասավորությամբ: Քլինթոնի այցն արժանացավ Ամերիկայի հայկական կազմակերպությունների թե՛ գովասանքին, թե՛ քննադատությանը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեղադրեց Քլինթոնին` Ցեղասպանության հուշահամալիր նրա «գաղտնի» այցելության համար, մինչդեռ Ամերիկայի Հայկական համագումարը գովաբանեց նրա այցը: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը «Կալիֆոռնիա կուրիեր» թերթին ասաց, որ «Քլինթոնի այցը փոքր, բայց դրական մի քայլ էր առաջ»: Ջեյմս Բեյքերը այն վերջին պետքարտուղարն էր, որը 1992թ. այցելել էր Հայաստան, սակայն նա Ծիծեռնակաբերդում չէր եղել: Իմ կարծիքով, պետք է արժանին մատուցել պետքարտուղար Քլինթոնին այսպիսի դրական քայլ կատարելու համար, սակայն միաժամանակ պետք է նրան մեղադրել` այսքան անիմաստ քայլեր ձեռնարկելու համար Ցեղասպանության հուշահամալիր այցելությունը նվազեցնելու նպատակով: Ինչո՞ւ է նա այդքան մտահոգված թուրքերի վիրավորվելու մասին, որոնք առանց երկմտանքի խոչընդոտում են Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վերջին ամիսների ցանկացած խոշոր նախաձեռնություն: Ցավոք, պետքարտուղար Քլինթոնը, փոխնախագահ Բայդենը եւ նախագահ Օբաման շատ են հեռացել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց նախընտրական խոստումներից: Հուլիսի 5-ին Քլինթոնի կարճատեւ այցը Ցեղասպանության հուշահամալիր ողջունելի է՝ որպես առաջին քայլ, որը, սակայն, մեծապես թերի է Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցելու նրա պաշտոնական հանձնառությունից:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի