Ադրբեջանի ընդդիմությանը ծեծում են

08/10/2005

Արդեն մի տեսակի ծեսի պես ամեն շաբաթ-կիրակի ադրբեջանական ընդդիմությունը
Բաքվում հանրահավաքներ է անցկացնում՝ ի պաշտպանություն ազատության եւ
հանուն նոյեմբերի 6-ին կայանալիք արդար խորհրդարանական ընտրությունների:
Ոստիկանությունը ամբոխը ցրելու հրաման է ստանում, մի քանի մարդ
վիրավորվում է, ընդդիմության մի քանի առաջնորդ ձերբակալվում է: Հաջորդ օրն
արմատական կոալիցիան իր բողոքն է հայտնում տեղի ունեցած «բռնարարքների»
առիթով:

Շաբաթ օրը քաղաքի կենտրոնում իրադարձությունները զարգացան նույն սցենարով:
Մի խումբ ընդդիմադիրներ փորձեցին մտնել Ջաֆար Ջաբարլիի հրապարակը,
ոստիկանությունը նրանց ստիպեց նահանջել, մի քանի մարդ ձերբակալվեց:
Իշխանությունների կարծիքով՝ օտարերկրյա ոչ կառավարական որոշ
կազմակերպություններ աջակցում են նման չարտոնված հավաքներին: Ադրբեջանում
ԱՄՆ դեսպանությունը փորձ է անում ընդդիմությանն ու իշխանություններին
նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: ԱՄՆ-ին վախեցնում է Ադրբեջանի
անկայունությունը, այն չի բխում ԱՄՆ-ի շահերից:

Մի ամիս հետո ավելի քան 2000 թեկնածու կմասնակցի խորհրդարանական
ընտրություններին: Իլհամ Ալիեւը խոստանում է, որ ընտրությունները թափանցիկ
են լինելու: Ընդդիմությունը դրան չի հավատում: Արեւմուտքը
զգուշավորությամբ է վերաբերվում այս ամենին, հատկապես Ղրղըզստանում եւ
ՈՒզբեկստանում տեղի ունեցածից հետո: Մայիսին Բաքու էին ժամանել բազմաթիվ
օտարերկրյա պատվիրակներ՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի
հանդիսավոր բացման արարողությանը, որը թույլ կտա Կասպից ծովի նավթն
արտահանել արեւմտյան շուկա: Ուրեմն արժե՞ արդյոք ռիսկի դիմել հանուն
«հեղափոխության», մանավանդ, որ դրա արդյունքներն ՈՒկրաինայում եւ
Վրաստանում արդեն համոզիչ չեն թվում:

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները համոզված են, որ հիմա չարժե շտապել, բայց «նավթային մանանան» գրգռում է շատերի ախորժակը:

Իրինա ԴԸ ՇԻԿՈՖՖ, «Le Figaro»