Արեւահարման վտանգ կա

08/07/2010

«Ուլտրամանուշակագույն ճառագայթների ինդեքսը բավական բարձր է: Այսինքն` կա արեւահարման վտանգ»,- երեկ tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօթերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Նրա տեղեկացմամբ, վերջին երեք օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը, որը գրանցվել է Հայաստանում, 38,5 աստիճանն է: Այդ ջերմաստիճանը, ըստ նրա` պահպանվելու է մինչեւ հուլիսի 9-ը, իսկ դրանից հետո ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 40 աստիճանի: «Ճիշտ է, բավական բարձր է ջերմային ֆոնը, սակայն նման ջերմաստիճան մեր հանրապետությունում նախկինում եւս գրանցվել է` 1984թ., 1986թ. եւ 1991թ.: Վերջին անգամ նման բարձր ջերմաստիճան գրանցվել է 2006թ. հուլիսի 17-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել էր 38-40 աստիճանի»,- ասել է Զարուհի Պետրոսյանը: Նա բնակչությանը կոչ է արել խուճապի չմատնվել, ինչպես նաեւ մի շարք խորհուրդներ է տվել. օրինակ, նա հորդորել է առավոտյան ժամը 11:00-ից մինչեւ ժամը 15:00-ն խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ մնալուց: Ընդ որում, ըստ նրա, արեւի տակ սպիտակամաշկ մարդիկ պետք է ավելի քիչ լինեն, քան մուգ մաշկ ունեցողները: Զարուհի Պետրոսյանի խոսքով, հարկավոր է կրել գլխարկ, անձրեւանոց, ակնոցներ եւ բաց գույնի հագուստ: Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ նախընտրելի սննդակարգն այս օրերին. «Սնունդը պետք է լինի թեթեւ, ընդհանրապես խուսափել ալկոհոլից, բացարձակ խուսափել ֆիզիկական վարժություններից»:

Ի դեպ, ըստ Զարուհի Պետրոսյանի, մեծ է նաեւ հրդեհների բռնկման հնարավորությունը, ուստի խորհուրդ է տրվում զգուշանալ կրակից: